Ցրտահարություն, ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ մաշկի և այլ հյուսվածքների սառեցում[2]։ Առաջին ախտանիշը թմրածությունն է[2]։ Դրանից հետո կարող են դիտվել շարժման դժվարություններ, մաշկի գունատություն[2]։ Բուժում ստանալու ժամանակ կարող է դիտվել այտուցվածություն և բշտիկներ[2]։ Ձեռքերը, ոտքերը և դեմքը ամենահաճախն են ախտահարվում[5]։ Բարդություններից են հիպոթերմիան կամ կոմպարտմենտ համախտանիշը[1][2]։
Ցածր ջերմաստիճանի ազդեցությանը երկար ժամանակ ենթարկված մարդիկ ռիսկի խմբում են։ Այդ մարդիկ են ձմեռային սպորտաձևերի սիրահարները, զինված ուժերի անձնակազմը, բնակության մշտական տեղ չունեցող մարդիկ[2][6]։ Այլ ռիսկի գործոններից են ալկոհոլի օգտագործումը, ծխելը, հոգեկան խնդիրները, որոշ դեղերը, վնասվածքները[2]։ Հիմքում ընկած մեխանիզմը փոքր անոթների վնասումն է սառույցի բյուրեղներով և արյան մակարդուկներով[2]։ Ախտորոշումը հիմնվում է ախտանիշների վրա[3]։ Ըստ ծանրության դասակարգվում է մակերեսային (առաջին և երկրորդ աստիճան) և խորանիստ ձևերի (երրորդ աստիճան)[1]։ Ախտահարման տարածվածությունը պարզելու համար կարող է անհրաժեշտ լինել կատարել ոսկրերի սկանավորում կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն[2]։
Կանխարգելումը կատարվում է տաք հագուստ կրելով, ջրի և սննդի նորմալ քանակներ ընդունելով, ցածր ջերմաստիճանից խուսափելով, ակտիվություն պահպանելով[1]։ Բուժումը կատարվում է տաքացնելով[1]։ Տաքացնում են միայն այն դեպքում, երբ չի լինում նորից սառելու վտանգ[2]։ Խորհուրդ չի տրվում ախտահարված մասը շփել կամ այդտեղ ձյուն դնել[1]։ Խորհուրդ է տրվում օգտագործել իբուպրոֆեն և փայտացման պատվաստանյութ[2]։ Ծանր դեպքերում օգտագործվում է իլոպրոստ կամ թրոմբալուծիչ միջոցներ[2]։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն[2]։ Անդամահատումը (ամպուտացիա) պետք է հետաձգվի մի քանի ամսով՝ վնասվածքի ծանրությունը հասկանալու համար[1]։
Ցրտահարության դեպքերի քանակը հայտնի չէ[4]։ Լեռնագնացների մոտ տոկոսը հասնում է մինչև 40%[2]։ Ամենաշատը ախտահարվում են 30-ից 50 տարեկան մարդիկ[5]։ Ցրտահարության մասին հիշատակումներ եղել են դեռ 5,000 տարի առաջ[2]։ Ցրտահարությունը կարևոր դեր է խաղացել նաև պատերազմների ժամանակ[2]։ Առաջին անգամ ցրտահարության նորմալ նկարագիրը տրվել է 1813 թվականին Դոմինիկ Ժան Լարեյի կողմից, որը Նապոլեոնի բանակի բժիշկն էր Ռուսաստանի վրա Ֆրանսիայի հարձակման ժամանակ[2]։
Սովորաբար ախտահարվում են այտերը, ականջները, քիթը, մատները և ոտնաթաթերը։ Ցրտահարությանը նախորդում է սառելը[1]։ Ցրտահարության ախտանիշները զարգանում են ցրտի ազդեցության հետ մեկտեղ։ Պատմության ընթացքում ցրտահարությունը դասակարգվել է ըստ մաշկի վնասման, զգայունության խանգարման։ Այդ դասակարգումը նման էր այրվածքների դասակարգմանը։ Ցրտահարության աստիճանները չեն համապատասխանում երկարատև վնասի գումարային արժեքին[7]։ Ավելի պարզ դասակարգումով ցրտահարությունը լինում է մակերեսային (առաջին կամ երկրորդ աստիճան) կամ խորը (երրորդ կամ չորրորդ)[8]։
Առաջին օգնության հիմնական նպատակը մարմնի ցրտահարված հատվածի արյան շրջանառության անհապաղ վերականգնումն է։
Ոտքերի և ձեռքերի I և II աստիճանների ցրտահարության դեպքում վերջիններս տաքացնել 18-20 °C ջրում, աստիճանաբար ջրի ջերմաստիճանը բարձրացնելով 37-38 °C, կատարել սպիրտով շփումներ, դնել մանրէազերծ չոր վիրակապ, տալ տաք թեյ, ոչ մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչք։
II և III աստիճանների ցրտահարության դեպքում հակափայտացման շիճուկի ներարկում, անտիբիոտիկներ և այլն։
III և IV աստիճանների տարածուն ախտահարման ժամանակ մարմնի ցրտահարված հատվածը ծածկում են մանրէազերծ անձեռոցիկով, կապում և տեղափոխում վիրաբուժական բաժանմունք։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։