Մարմնի երկարությունը 25 սմ է, թևերի բացվածքը՝ 60-68 սմ, կենդանի զանգվածը՝ 7-105 գ։ Պոչի ծայրը փակված թևերի ծայրին հավասար է կամ նրանից ավելի կարճ։ Բնադրման շրջանում հասունի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է՝ կանաչավուն երանգով։ Կտուցը հիմնականում սև է, հիմքում՝ փոքր կարմիր բծով։ Թռչելիս նկատելի են սև թևատակը, թևի մուգ հետնեզրը, սպիտակ գոտկատեղը և մկրատաձև պոչը։ Թևի սև գծերը հաճախ աննկատելի են։ Թևավերևի ծածկող և սևավուն թափահարող փետուրների ցայտերանգությունը բացակայում է։ Հետբնադրման շրջանում կոկորդի գիծը բեկվածքով է, կուրծքը՝ մոխրադարչնագույն խայտերով։ Երիտասարդի կոկորդը և կուրծքը խայտերով են։
Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջ հուլիսի սկզբին։ Դնում է 32 մմ տրամագծով, մոխրադեղնավուն՝ մուգ դարչնագույն և մանուշակագույն պտերով 3 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10%-ը)։ Հունիսի վերջին հանդիպում են բնից դուրս եկած ձագեր, որոնց դեռևս կերակրում են ծնողները։ Աշնանային չուն մինչև հոկտեմբերի կեսն է։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի անհատական պաշտպանության։ Բնադրում է կիսաանապատային գոտում, Արարատյան դաշտի ձկնաբուծական լճակների մերձակայքում՝ չոր, աղքատ բուսականությամբ տարածքներում, փոքր ջրածիծառի, ոտնացուպիկի, ծովային քարադրի, ավելի հաճախ՝ մարգագետնային ծիծառակտցարի հարևանությամբ։
Բնադրող-չվող և հազվագյուտ տեսակ է։ Հանդիպում է կավային և ավազային (կավավազային) կիսաանապատներում, խոնավ մարգագետիններում և աղուտաբույսերով հարուստ լեռնատափաստանային խոնավ տարածքներում։ Ցամքարով կամ առանց դրա բույնը ոչ խորը փոսիկ է, որը գտնվում է գետնին։
Տարածված է Դունայի ստորոտների տափաստաններից մինչև մերձբալթյան տափաստաններ, դեպի հյուսիս` մինչև հարավային Բելառուս, Դոնի միջին հոսանք, Սամարա, Օմսկ, դեպի հարավ` մինչև Նախակովկաս, Աստրախան, Արալյան ծով և Զայսան լիճ։ Տեղ-տեղ բնադրում է Ռումինիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։