Վերա Բուլիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1898[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Վախճանվել է | 1954[1] |
Վախճանի վայր | Հելսինկի, Ֆինլանդիա[4] |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և քննադատ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ստեղծագործական շրջան | 1926-1952 |
Ուշագրավ աշխատանքներ | «Հեքիաթ փոքրիկ արքայադստեր մասին» «Փարոս» |
Վերա Սերգեևնա Բուլիչ (ռուս.՝ Вера Сергеевна Булич, 1898[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - 1954[1], Հելսինկի, Ֆինլանդիա[4]), ռուս գրող, բանաստեղծուհի, գրաքննադատ։
Վերա Բուլիչը ծնվել է 1898 թվականի փետրվարի 17-ին (մարտի 2-ին) Սանկտ Պետերբուրգում։
Հայրը՝ հայտնի բանասեր ու երաժշտագետ Սերգեյ Կոնստանտինի Բուլիչը (ռուս.՝ Сергей Константинович Булич, 1859—1921), Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, որոշ ժամանակ զբաղեցրել է Կանանց բարձրագույն կուրսերի ղեկավարի պաշտոնը, եղել է Ռուսաստանի արվեստների պատմության ինստիտուտի երաժշտական բաժնի առաջին դեկանը։ Բուլիչների տանը հավաքվել են արվեստի ու գիտության ականավոր գործիչներ։ Սերգեյ Բուլիչի մոտ ընկերն էր, մասնավորապես, բանաստեղծ Ինոկենտի Անեսկին։
1918 թվականի աշնանը Վերա Բուլիչը լքում է Պետրոգրադն ու մոր, ավագ քրոջ ու երկու եղբայրների հետ տեղափոխվում Կուոլեմայարվիի ամառանոցը։
1924 թվականին՝ հոր մահից կարճ ժամանակ անց, Վերա Բուլիչը ու նրա քույրը՝ Սոֆյան, աշխատանք գտնելու նպատակով տեղափոխվում են Հելսինկի։ Այնտեղ Վերան կատարում է տարբեր աշխատանքներ. նվագում է կինոթատրոնում, զբաղվում դերձակությամբ, տալիս մասնավոր դասեր, որպես քարտուղար ծառայում սերբ դիվանագետ ու բանաստեղծ Իվան Շայկովիչի մոտ։
1930 թվականին (այլ տվյալներով՝ 1932 թվականին) աշխատանքի է անցնում Հելսինկիի համալսարանի գրադարանի սլավոնական բաժնում և աշխատում է այնտեղ ավելի քան 20 տարի՝ մինչև իր մահը։ Դրանից բացի՝ 1947 թվականից աշխատել է նաև Ֆինլանդիա-ԽՍՀՄ մշակութային կապերի ինստիտուտի գրադարանում։
Վերա Բուլիչը մահացել է թոքերի քաղցկեղից 1954 թվականի հուլիսի 21-ին Հելսինկիում։ Թաղված է Հելսինկիի ռուսական ուղղափառական գերեզմանատանը[5]։ Ձեռագիր գրական ժառանգությունն ու արխիվը պահպանվում են Հելսինկիի համալսարանի գրադարանում։
Վերա Բուլիչը գրական գործունեությամբ զբաղվել սկսել է դեռ վաղ տարիքից, սակայն ստեղծագործությունները տպագրվել են Հելսինկի տեղափոխվելուց հետո՝ 1920-ական թվականներին։ Սկզբում նրա պատմվածքները, հեքիաթները, թարգմանություններն ու գրաքննադատական հոդվածները տպագրվել են «Новая русская жизнь» թերթում, ապա նաև ռուսական արտասահմանյան այլ լրագրերում։
Իր առաջին գիրքը՝ «Հեքիաթ փոքրիկ արքայադստեր մասին» (ռուս.՝ «Сказка о крошечной принцессе»), Վերա Բուլիչը 1927 թվականին WSOY հրատարակչությունում հրատարակել է Vera Bull կեղծանունով, ֆիններեն։ 1931 թվականին Իվան Շայկովիչը Վերա Բուլիչին օգնում է Բելգրադում հրատարակել ռուսերեն հեքիաթների երկուհատորանոց ժողովածուն։
1934 թվականին Հելսինկիում լույս է տեսնում Վերա Բուլիչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Փարոս» (ռուս.՝ «Маятник»)անունով, իսկ 1938 թվականին Տալլինում հրատարակվում է երկրորդը՝ «Пленный ветер»-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Վերա Բուլիչը հրատարակել է բանաստեղծությունների ևս երկու գիրք՝ «Бурелом» (Հելսինկի, 1947) և «Ветви» (Փարիզ, 1954)։
Եղել է «Светлица» գրական-փիլիսոփայական խմբակի հիմնադիրներից ու ակտիվ մասնակիցներից մեկը։ Խմբակը ձևավորվել է 1930-ական թվականներին ու գործել մինչ «Ձմեռային պատերազմը»։
Բերա Բուլչիը գրել է շվեդերեն, շվեդ ու ֆինն բանաստեղծ-մոդեռնիստների ստեղծագործությունները թարգմանել է ռուսերեն։
Վերա Բուլիչի բանաստեղծությունները, հոդվածներն ու էսսեները տպագրվել են «Журнал содружества», «Новая русская жизнь», «Русский голос», «Нова», «Новоселье», «Таллинский русский голос», ինչպես նաև հետպատերազմյան «Русский журнал» ամսագրերում։ Վերա Բուլիչի մահից հետո նրա ստեղծագործությունները տպագրել են «Грани» ու «Новый журнал» ամսագրերը։
«Бурелом» ժողովածուի բանաստեղծությունները կայքերում. Uusi Kotimaa — Новая Родина http://uusikotimaa.org/4/016.htm Արխիվացված 2016-03-04 Wayback Machine; Kolumbus.fi: http://www.kolumbus.fi/edvard.hamalainen/docs/bulich.htm