Առաջին համաշխարհային պատերազմից և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմից հետո Ռուսաստանի տնտեսությունը գտնվում էր խիստ ծանր վիճակում, և առաջացել էր համակարգային լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն, որն էլ ստիպեց Լենինին ժամանակավորապես դադարեցնել երկրում «սոցիալիստական շինարարությունը» և նոր քաղաքականություն մշակել, որն էլ փոխարինու եկավ 1918-1922 թվականների ռազմական կոմունիզմին։ Խորհրդային իշխանությունները մասամբ չեղյալ հայտարարեցին գյուղատնտեսության և արդյունաբերության համատարած ազգայնացումը և ներդրեցին խառը տնտեսության համակարգ, որով թույլ էր տրվում մասնավոր անձանց ունենալ փոքր ծավալի ձեռնարկություններ, հողակտորներ, կրկին զբաղվել ազատ առևտրով, օգտվել հարկային նոր քաղաքականությունից, մինչդեռ պետությունը շարունակում էր վերահսկել բանկային համակարգը, խոշոր արդյունաբերությունները և արտաքին առևտրի մենաշնորհը[1][2][3]։ Բացի այդ, հացահատիկի հարկադիր առգրավումը (պրոդռազվյորստկա) փոխարինվում է բնամթերքի հարկով (պրոդնալոգ)։ Նէպի շրջանի մասնավոր ձեռնարկատերը կոչվում էին նեպմաններ (ռուս.՝ нэпманы)[4]։
ՆԷՊ-ի նախագիծն ընդունվել է ՌԿ(բ)կ 10-րդ համագումարի՝ 1921 թվականի մարտի 21-ի դեկրետով։ Քաղաքականությանն առնչվող հետագա դեկրետներով նախատեսվում էին նաև դրամական համակարգի բարեփոխումներ և արտասահմանյան ներդրումային հնարավորությունների ստեղծում։