Պլասենսիա
Պլասենսիա (իսպ.՝ Plasencia), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Խերտե գետի ափին, Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Վալյե դել Խերտե շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 218 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 41.447 (այս ցուցանիշով Կասերես պրովինցիայում զբաղեցնում է երկրորդ և ամբողջ Էստրեմադուրայում՝ չորրորդ տեղը[3]): Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 82 կիլոմետր է։ Սահմանակցում է Վալյե դել Խերտե, Լա Վերա, Մոնֆրագուե, Վալյե դել Ալագոն, Վալյե դել Ամբրոս և Տրեսիեռա - Տիեռաս դե Գրանդիլյա համայնքներին[4][5]։ Աշխարհագրական իր դիրքով կարծես Խերտե հովտի դարպասն է։ Էստրեմադուրայի մյուս երեք խոշոր բնակավայրերի՝ Կասերես, Բադախոս, Մերիդա քաղաքների պես միացված չէ որևէ այլ համայնքի[3]։ Եպիսկոպոսական թեմի[6] և դատական չորրորդ տարածաբաժնի կենտրոնն է[7]։ Համայնքի հովանավորներն են համարվում Սուրբ Ֆուլխենսիոն և Սուրբ կույս դել Պուերտոն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Պլասենսիա | |||||
իսպ.՝ Plasencia[1] | |||||
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Մակերես | 217,94 կմ² | ||||
ԲԾՄ | 415±1 մետր | ||||
Բնակչություն | ▲39 412 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային դասիչ | 10600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
Պաշտոնական կայք | plasencia.es/web/(իսպ.) | ||||
Էստրեմադուրայի հյուսիսում ամենամարդաշատը համարվող այս բնակավայրում են գտնվում պետական, վարչական և սպասարկման բնագավառի բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում ինչպես բուն քաղաքի, այնպես էլ շրջակա համայնքների բնակիչներին[8][9][10]։
Պատմություն
Պլասենսիայի մերձակայքում՝ Կապերայում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին հռոմեական բնակավայրի ավերակներ։ Բուն Պլասենսիա քաղաքը հիմնադրել են արաբները և անվանել Ամբրոս։ 1186 թվականին Ալֆոնսո Ութերորդ Կաստիլիացի թագավորն ազատագրել է բնակավայրը մավրերից, վերանվանել Պլասենսիա և նրա ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ շուրջը կառուցել 68 աշտարակ ունեցող պարիսպ (բանն այն է, որ Պլասենսիան գտնվել է Լեոնի թագավորության և մուսուլմանների տիրույթների հետ Կաստիլիայի ունեցած սահմանի մերձակայքում և դեռ հին հռոմեական ժամանակներում կառուցված և ռազմական ու առևտրական կարևոր նշանակություն ունեցած Արծաթե ուղու վրա, որը մեր ժամանակներում ծառայում է որպես հետիոտն արշավների երթուղի[11][12][13]):
Մինչև 19-րդ դարը Պլասենսիան եղել է համանուն մի տարածաշրջանի կենտրոն, որն զբաղեցնում էր ներկայիս պրովինցիայի քառորդ մասը։ Թեև քաղաքը մինչև 1960 թվականը 20 հազարից պակաս բնակիչ է ունեցել[14] և աչքի ընկնող բնակավայր չի համարվել, այդուհանդերձ այստեղ մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ինչպես, օրինակ, արքայադուստր Խուանա լա Բելտրանեխայի հարսանիքը կաստիլիական ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ[15] և Կորտեսում քվե գնելու նախաձեռնությունը, որն ի վերջո հանգեցրել է Էստրեմադուրայի մարզի ստեղծմանը 1653 թվականին։
Համայնքի տնտեսությունում մեծ է սպասարկման, ծառայությունների մատուցման մասնաբաժինը. հենց միայն առևտրական հիմնարկների թիվն անցնում է հազարից[16]։ Զբոսաշրջության զարգացմանը նույնպես մեծ կարևորություն է տրվում. քաղաքի պատմական կենտրոնը հայտարարվել է մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայր[17] (պահպանվել են պլատերսկո ոճի տաճարը, մի քանի ուշագրավ վանական կառույցներ), պարբերաբար կազմակերպվում են զբոսաշրջիկներին գրավող ամենամյա առնվազն երկու տոնախմբություն՝ Martes Mayor և Սուրբ շաբաթ՝ Semana Santa[18][19]: 20-րդ դարի սկզբից քաղաքն ունի իր առանձին խնայողական բանկը[20], որը կարող է հիմք դառնալ հետագայում Caja de Extremadura բացելու համար։
Պլասենսիան նաև կրթական կարևոր կենտրոն է, որտեղ գործում են ոչ միայն տարբեր դասի դպրոցներ, այլև համալսարան՝ որակավորման չորս տարակարգեր շնորհելու հնարավորությամբ[21]։
Ժողովրդագրություն
1842 թվականից 2010 թվականն ընկած ժամանակամիջոցում Մալպարտիդա դե Կասերեսի բնակչության թվաքանակի փոփոխությունները եղել են հետևյալը[22]
- Աղբյուր՝ Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտ (INE)
Պատկերասրահ
- Ալֆոնսո Կաստիլիացու արձանը Արևի դարպասի մոտ
- Ամրոցը
- Սուրբ կույս դել Պուերտոյի տաճարը
- Սան Էստեբան եկեղեցին
- Համայնքապետարանը
- Նկարագրություն2
- Սան Մարտին եկեղեցու խորանը
- Պարիսպը
- Եպիսկոպոսական պալատը
- Ակվեդուկը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայքէջը
- Ver Extremadura (Իսպաներեն)
- Լուսանկարներ
- Plasencia is the subject of the Revealing Cooperation and Conflict Project trying to create a virtual 3D model and database describing the city in the time between 1390-1420 CE.
- Herbermann, Charles, ed. (1913). . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
- Chisholm, Hugh, ed. (1911). Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press. .
- Պլասենսիայի համալսարան
- Centro de Profesores y Recursos de Plasencia Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասենսիա» հոդվածին։ |