Նավակում (նկար, Մանե)

Էդուարդ Մանեի նկար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նավակում (այլ կիրառումներ)

Նավակում (ֆր.՝ En bateau,անգլ.՝ Boating), ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1874 թվականին։ Այժմ այն պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[3][4]։

Նավակում
ֆր.՝ En bateau
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե
տարի1874
բարձրություն97,2
լայնություն130,2
ուղղությունռեալիզմ և իմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ, կտավ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2] և European Paintings?
սեփականատերLouisine Havemeyer?[1]
Ծանոթագրություններ

Պատմություն

«Նավակում» կտավը ստեղծվել է 1874 թվականի ամռանը, որը Մանեն անցկացրել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժենվիլյե արվարձանում՝ Արժանտյոյից ոչ հեռու, որտեղ էլ ապրում էր Կլոդ Մոնեն իր ընտանիքով[4]։

Նկարը ցուցադրվել է 1879 թվականին Փարիզի սալոնում, որտեղ 1500 ֆրանկով այն ձեռք է բերել հավաքորդ Վիկտոր Անտուան Դեֆոսեն (ֆր.՝ Victor Antoine Desfossés)։ 1895 թվականի մայիսին կտավը Դեֆոսենից 25,000 ֆրանկով գնել է Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel) և նույն թվականի սեպտեմբերին էլ 55,000 ֆրանկով վաճառել Նյու Յորքի ձեռնարկատեր և հավաքորդ Հենրի Օսբորն Հեվեմայերին (Henry Osborne Havemeyer)։ Վերջինիս մահից հետո՝ 1907 թվականին, նկարը մնաց նրա կնոջը, նրա մահից հետո էլ՝ 1929 թվականին, կտակի համաձայն, փոխանցվեց Մետրոպոլիտեն թանգարանին[3]։

Նկարագրություն

Կտավում պատկերված են տղամարդ և երիտասարդ կին՝ նստած առագաստանավում։ Տղամարդը նստած է նավեզրի մոտ՝ ղեկի առաջ, և ձախ ձեռքով կառավարում է այն։ Կինը կիսահենված է նավակի եզրին։ Նկարը այնպես է մտածված, որ կերպարները առավելագույնս մոտեցված են հանդիսատեսին՝ շնորհիվ այն բանի, որ նավակի առաջամասը նկարում պատկերված չէ. երևում են միայն հետնամասը և առագաստի մի փոքր հատված։ Այդպիսով՝ հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ ինքը գտնվում է նավակում[5]։

Նավակի հետևում երևում է կապույտ-փիրուզագույն ջուրը, որը կազմում է կտավի ֆոնը։ Գունային բաց երանգների օգտագործումը օգնում է փոխանցելու օդի թարմությունն ու թափանցիկությունը։ Կտավը իմպրեսիոնիստական ոճով է. փոխանցում է շարժման զգացողություն, միաժամանակ ընդգծում կերպարների և շրջապատող միջավայրի միասնությունը[5]։

Մանեի ստեղծագործությունն ուսումնասիրողները կարծում են, որ տամարդու բնորդը նկարչի կնոջ եղբայրն է՝ Ռոդոլֆ Լեենհոֆը (Rodolphe Leenhoff)[3][4]: Թե ով է պատկերված կնոջ համար բնորդ եղել, պարզ չէ, չնայած կան ենթադրություններ, որ նա նկարչի առաջին կինն է՝ Քամիլա Դոնսյեն (Camille Doncieux)[6]:

Արձագանքներ

Նկարչուհի Մերի Կեսսետը, ով խորհուրդ է տվել հավաքորդ Հեվեմայերին գնել այս նկարը, այն անվանել է գեղանկարչության վերջին խոսք (անգլ.՝ the last word in painting)[4]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ