Հանտավիրուս

Օրթոհանտավիրուս (կամ հանտավիրուս), միաշղթա, պատյանավորված, բացասական-շղթայով ՌՆԹ վիրուս է, որը պատկանում է Բունյավիրալների կարգի Հանտավիրուս ընտանիքին[1]։ Այս վիրուսները վարակը սովորաբար հարուցում են կրծողների մոտ, սակայն նրանց մոտ հիվանդություն չի զարգանում[1]։ Մարդիկ հանտավիրուսներով կարող են վարակվել գտնվելով կոնտակտի մեջ կրծողի մեզի, թքի կամ կղանքի հետ։ Որոշ շտամներ հարուցում են պոտենցիալ մահացու հիվանդություններ, ինչպիսիք են հանտավիրուսային հեմոռագիկ տենդը երիկամային համախտանիշով, (ՀՀՏԵՀ) կամ հանտավիրուսային թոքային համախտանիշը (ՀԹՀ), որը հայտնի է նաև հանտավիրուսային կարդիոպուլմոնար համախտանիշ անվանումով[2], մինչդեռ մնացած շտամները կապ չունեն մարդկանց հիվանդացության հետ[3]։ ՀԹՀ-ն հազվադեպ հանդիպող թոքային հիվանդություն է, որը կապված է կրծողների աերոզոլացված արտազատումների ինհալացիայի հետ, որոնք կոնտամինացված են հանտավիրուսի մասնիկներով[2]։

Հանտավիրուս
Orthohantavirus, Hantavirus
Սին Նոմբրե օրթոհանտավիրուսի էլեկտրոնային մանրադիտակային պատկեր
Տեսակտաքսոն
 Orthohantavirus Վիքիպահեստում

Մարդկանց հանտավիրուսային վարակները գրեթե ամբողջովին կապված են կրծողի արտազատումների հետ մարդու շփման հետ, սակայն 2005-ին և 2019-ին Հարավային Ամերիկայում հաստատվեցին մարդուց մարդ փոխանցման դեպքեր Անդես վիրուսով[3]։

Հանտավիրուսը անվանվել է Հարավային Կորեայի Հանտան գետի շրջանում առկա վաղ բռնկման պատվին[4]։ Վիրուսն անջատվել է 1976-ին Հո-ՈՒանգ Լիի կողմից։

Նշաններ և ախտանշաններ

Հանտավիրուսային հեմոռագիկ տենդ երիկամային համախտանիշով

Երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդերը (ԵՀՀՏ) կլինիկորեն նման հիվանդությունների խումբ է, որոնք հարուցվում են Հանտավիրիդե ընտանիքի Հանտավիրուսներով։ Այն հայտնի է նաև Կորեական հեմոռագիկ տենդ, համաճարակային հեմոռագիկ տենդ և նեֆրոպատիա էպիդերմիկա անվանումներով։ ԵՀՀՏ հարուցող հանտավիրուսների տեսակներն են՝ Հանտաան, Դոբրավա-Բելգրադ, Սաարեմաա, Սեոուլ և Պուումալա տեսակները։ Այն հայտնաբերվել է Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում[5]։

Հանտավիրուսային հեմոռագիկ տենդի գաղտնի շրջանը 2-4 շաբաթ է մարդկանց մոտ։ Ծանրության աստիճանը կախված է վիրուսային ծանրաբեռնվածությունից[6]։

Հանտավիրուսային թոքային համախտանիշ

Եղջերամուկ

Հանտավիրուսային թոքային համախտանիշը (ՀԹՀ) հայտնաբերվել է Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկաներում[7]։ Սովորաբար մահացու թոքային հիվանդություն է։ ԱՄՆ-ում հարուցիչը Սին Նոմբրե վիրուսն է, որը տարածվում է եղջերամկներով։ Պրոդրոմալ ախտանշաններից են գրիպանման երևույթները, ինչպիսիք են տենդը, հազը, մկանացավը, գլխացավը և քնկոտությունը։ Այն բնութագրվում է հանկարծակի առաջացող հևոցով և արագ զարգացող թոքի այտուցով, որը հաճախ մահացու է լինում չնայած անցկացվող ինտենսիվ բուժմանը մեխանիկական շնչառությամբ և միզամուղներով։ Մահացությունը կազմում է 36%[8]։

Հանտավիրուսային թոքային համախտանիշը առաջին անգամ հայտնաբերվել է 1993-ին հարավարևմտյան Ամերիկայի չորս անկյուններ կոչվող շրջանի բռնկման ժամանակ։ Այն անջատվել է բժիշկ Բրյուս Տեմպեստի կողմից։ Սկզբում անվանում էին «չորս անկյունների հիվանդություն», բայց հետո այն վերանվանվեց «Սին Նոմբրե վիրուսային» վարակի, քանի որ այսպես էին արտահայտում իրենց գանգատները բնիկ Ամերիկացիները հիվանդության ժամանակ[9]։ Տարածաշրջանում կրծողների քանակի հսկողությունը համարվում է առաջնային կանխարգելման հիմնական միջոց։

Վիրուսաբանություն

Դասակարգում

Հանտավիրուսները պատկանում են բունյավիրուսներին։ Բունյավիրալների կարգը բաժանվում է 12 ընտանիքների։ Այս կարգի բոլոր ընտանիքների նման (բացառությամբ արենավիրիդեների) հանտավիրուսների գենոմը կազմված է 3 միաշղթա, բացասական ՌՆԹ-ի հատվածներից, հետևաբար պատկանում են բացասական-ՌՆԹ վիրուսներին։ Բունյավիրալների այլ անդամները սովորաբար հոդվածոտանիներով փոխանցվող վիրուսներ են[10], բայց հանտավիրուսները մարդկանց փոխանցվում են կրծողների աերոզոլացված արտազատումների ինհալացիայով կամ կրծողների խայթոցով։

Գենոմ

Բունյավիրալների մյուս անդամների նման, օրթոհանտավիրուսները նույնպես պատյանավորված վիրուսներ են, որոնք ունեն 3 միաշղթա, բացասական ՌՆԹ հատվածներ, որոնց անվանում են S (փոքր), M (միջին) և L (մեծ) հատվածներ։ S ՌՆԹ-ն կոդավորում է նուկլեոկապսիդային N սպիտակուցը։ M ՌՆԹ-ն կոդավորոմ է պոլիսպիտակուց, որը կոտրանսլյացիոն փոփոխություններով վերածվում է գլիկոպրոտեինների՝ Gn (նախկինում G1) և Gc (նախկինում G2)[10][11]։

L ՌՆԹ-ն կոդավորում է L սպիտակուցը, որը վիրուսային տրանսկրիպտազա/ռեպլիկազա է։ Վիրիոնների ներսում հանտավիրուսային գենոմային ՌՆԹ-ն կազմում է համալիր N սպիտակուցի հետ՝ կազմելով պարուրաձև նուկլեոկապսիդներ, որոնց ՌՆԹ բաղադրիչը կոմպլեմենտարության սկզբունքով դառնում է շրջանաձև։

Ինչպես մյուս բունյավիրալների մոտ, այստեղ նույնպես 3 հատվածներն էլ ունեն կոնսենսուսային 3'- ծայրային նուկլեոտիդային հաջորդականություն (AUCAUCAUC), որը կոմպլեմենտար է 5'- ծայրային հաջորդականության հետ[12]։ Այս հաջորդականությունները ձևավորում են «բռնող» կառուցվածք, որը, հավանաբար, դեր է խաղում կրկնապատկման և կապսիդավորման պրոցեսում, կապվելով նուկլեոկապսիդային N սպիտակուցին[13]։ Մեծ սեգմենտը 6530-6550 նուկլեոտիդներ ունի, միջինը՝ 3613-3707, իսկ փոքրը՝ 1696-2083։

Ոչ կառուցվածքային սպիտակուցներ հայտնի չեն։ 5' և 3' ծայրերում կան չկոդավորող հատվածներ 37-51 նուկլեոտիդ երկարությամբ։ 3' չկոդավորող հատվածները տարբեր են․ L սեգմենտում 38–43 նուկլեոտիդ, M սեգմենտում՝ 168–229, իսկ S սեգմենտում՝ 370–730։ S սեգմենտի 3' ծայրը ունի որոշակի ֆունկցիոնալ նշանակություն։

Վիրիոններ

Հանտավիրուսի վիրիոններն ունեն մոտ 120-160 նանոմետր երկարություն։ Վիրուսային պատյանի լիպիդային երկշերտը ունի մոտ 5 նմ հաստություն և կառուցվածքում առկա վիրուսային մակերեսային սպիտակուցներ, որոնց միացված են ածխաջրային մնացորդներ։ Այդ գլիկոպրոտեինները M հատվածով կոդավորվող Gn և Gc գլիկոպրոտեիններն են։ Նրանք հակում ունեն կապվելու միմյանց հետ (կազմում են հետերոդիմերներ), ունեն ներքին պոչային և արտաքին դոմեններ, որը պատյանի մակերեսից բարձր է մոտ 6 նմ-ով։

Պատյանի ներսում նուկլեոկասպիդներն են։ Դրանք կազմված են նուկլեոկապսիդային N սպիտակուցի բազմաթիվ կրկնություններից, որոնք փոխազդեցության մեջ են վիրուսային գենոմի 3 սեգմենտների հետ և կազմում են պարուրաձև կառույց։ Վիրուսային ՌՆԹ պոլիմերազան գտնվում է ներսում։ Վիրուսը ընդհանուր առմամբ կազմված է 50% սպիտակուցից, 20–30% ճարպերից և 2–7% ածխաջրերից։ Վիրիոնի խտությունը կազմում է 1,18 գրամ/սմ2։ Այս բնութագրերը բնորոշ են Հանտավիրիդեների ընտանիքի բոլոր անդամներին։

Կյանքի ցիկլ

Տիրոջ բջիջ վիրուսի մուտքը կարող է կապված լինել վիրիոնի կապվելով բջջային ընկալիչների հետ և հետագա էնդոցիտոզով։ Նուկլեոկապսիդները անցնում են ցիտոպլազմա վիրիոնի և էնդոսոմալ թաղանթի pH-կախյալ ձուլման հետևանքով։ Անցնելով ցիտոպլազմա, նուկլեոկապսիդային կոմպլեքսները անցնում են էնդոպլազմային ցանց-Գոլջի համալիրով՝ ձևավորելով վիրուս ստեղծող «գործարաններ»։

Այս գործարանները միջնորդում են վիրուսային սպիտակուցների տրասկրիպցիան և հետագա տրանսլյացիան։Վիրուսային գեների տրանսկրիպցիան սկսվում է L սպիտակուցի կապվելով 3 նուկլեոկապսիդներին։ L սպիտակուցը, բացի տրիանսկրիպտազային և ռեպլիկազային ակտիվությունից, ունի նաև էնդոնուկլեազային ակտիվություն, որով կտրում է մեսսենջեր ՌՆԹ-ները (մՌՆԹ) վիրուսային մՌՆԹ-ի տրանսկրիպցիայի սկզբի համար անհրաժեշտ փրայմերների սինթեզի համար։ Արդյունքում հանտավիրուսի մՌՆԹ-ն ենթարկվում է փրայմերային քեփինգի (capping) և պարունակում է 5'-ծայրային չշղթայակցված հատվածներ[14]։

G1 (կամ Gn) և G2 (Gc) գլիկոպրոտեինները ձևավորում են հետերո-օլիգոմերներ և տեղափոխվում են էնդոպլազմային ցանցից Գոլջիի կոմպլեքս, որտեղ ավարտվում է գլիկոզիլացումը։ L սպիտակուցը դրական-շղթա ՌՆԹ միջնորդով ստեղծում է վիրուսի բազմաթիվ կրկնօրինակներ։ Հանտավիրուսի վիրիոնները հավաքվում են նուկլեոկապսիդների և գլիկոպրոտեինների միավորումով Գոլջիի կոմպլեքսում, որին հետևում է Գոլջիի ցիստերներում նրանց ձևավորումը։ Նորաստեղծ վիրիոնները սեկրետոր հատիկների ձևով տեղափոխվում են դեպի պլազմատիկ թաղանթ և արտազատվում են։

Պաթոգենեզ

Հանտավիրուսային վարակի պաթոգենեզն անհայտ է, քանի որ բացակայում են կենդանական մոդելները վերջինիս նկարագրման համար։ Չնայած օրգանիզմում վիրուսի առաջնային ռեպլիկացիայի մասին տեղեկություններ չկան, ԵՀՀՏ-երի հիմնական ազդեցությունը արյունատար անոթների վրա է, մինչդեռ ՀԹՀ-ի ժամանակ ախտանշանների մեծ մասը կապված են թոքերի վնասման հետ։ ԵՀՀՏ-ի ժամանակ առկա է անոթային թափանցելիության բարձրացում և զարկերակային ճնշման անկում՝ պայմանավորված էնդոթելային դիսֆունկցիայով, և ամենամեծ վնասը հասցվում է երիկամներին, իսկ ՀԹՀ-ի պարագայում ամենաշատը վնասվում են թոքերը, փայծաղը և լեղապարկը։ ՀԹՀ-ի վաղ ախտանշանները նմանվում են գրիպին (մկանացավեր, տենդ, հոգնածություն) և սովորաբար հայտնաբերվում են կոնտակտից հետո 2-3 շաբաթ անց։ Ուշ փուլերում (ախտանշանների սկզբից 4-10 օր անց) դիտվում է դժվարաշնչություն, հևոց և հազ[15]։

Փոխանցում

Հանտավիրուսային հեմոռագիկ տենդերի հարուցիչները սովորաբար մարդուց մարդ չեն փոխանցվում, բացառությամբ Անդես վիրուսի[3]։ Մյուսները փոխանցվում են կրծողների աերոզոլացված արտազատումների կամ խայթոցի միջոցով։ Նմանատիպ բացասական-շղթա ՌՆԹ վիրուսներից Մարբուրգի և Էբոլայի հեմոռագիկ տենդերը կարող են փոխանցվել վարակված արյան և օրգանիզմի հեղուկների հետ կոնտակտով, և մեծամասամբ վարակվում են Աֆրիկական հիվանդանոցների բուժանձնակազմը, իսկ ժամանակակից հիվանդանոցներում փոխանցումը գրեթե անհնար է։ Վիրուսով կոնտամինացված այլ իրերով (ֆոմիտներ) հանտավիրուսային վարակի փոխանցումը չի հայտնաբերվել[16][17]։

Էվոլյուցիա

Հանտավիրուսների և կրծողների ֆիլոգենետիկայի հետազոտությունները պարզել են, որ կրծողների մոտ նրանց հիվանդություն չառաջացնելը պայմանավորված է միմյանց հետ նրանց կոէվոլյուցիայով[10][18], չնայած կա նաև հանտավիրուսների էվոլյուցիայի նոր տեսություն[11][19]։

Տարբեր հանտավիրուսներ վարակում են կրծողների տարբեր տեսակների, սակայն կան նաև միջտեսակային փոխանցման դեպքեր[20][21][22]։ Հանտավիրուսների նուկլեոտիդային հաջորդականության հետազոտությունները չեն հայտնաբերել են հանտավիրուսների նախնիների և կրծողների ենթատեսակների միջև որևէ կապ[19][23]։ Սակայն 2007-ի տվյալներով հանտավիրուսները հայտնաբերվել են բազմաթիվ գետնափորների և խլուրդների մոտ[19][24][25][26]։

2014-ի Բայեսիան հետազոտությունների համաձայն այս վիրուսներն ունեն ընդհանուր ծագման 2000 տարվա պատմություն։ Կապը կրծողների հետ ավելի ուշ է ստեղծվել։ Արվիկուլինե և Մուրինե ենթաընտանիքների հետ կապը ստեղծվել է Ասիայում 500-700 տարի առաջ։ Սրանք հետագայում տարածվել են Աֆրիկա, Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա և Սիբիր։ Նեոտոմինե ենթաընտանիքին վարակողները առաջացել են 500-600 տարի առաջ կենտրոնական Ամերիակում և տարածվել են դեպի հյուսիս։ Սիգմոդոնտինե-ի վարակիչները առաջացել են Բրազիլիայում 400 տարի առաջ։ Դրանց նախնիները հնարավոր է եղել են Նեոտոմինե ասոցացված վիրուսները Հարավային Ամերիկայի հյուսիսային մասերից[27]։

Կանխարգելում

Ըստ CDC-ի հանտավիրուսի կանխարգելման լավագույն մեթոդը կրծողների էլիմինիացիան կամ կոնտակտի մինիմալիզացիան է տանը, աշխատավայրում կամ ճամբարներում[28]։ Հիվանդության կանխարգելման հիմքում կրծողների թքի, արտազատումների կամ խայթոցներից պաշտպանվելն է, որին կարելի է հասնել վերջիններիս քանակի հսկողության միջոցով։ Ընդհանուր կանխարգելման համար պետք է ոչնչացվեն կրծողների բները, փակվեն տանն առկա բոլոր ճաքերն ու անցքերը, որտեղից նրանք կարող են մուտք գործել, պետք է տեղադրվեն թակարդներ, օգտագործվեն հատուկ թույներ կամ բնական ոչնչացնողներ (օրինակ՝ կատուներ) վերջիններիս ոչնչացման համար[15]։

Հանտավիրուսների վարակելիությունը միջավայրում կապված է կրծողների սննդակարգից, ջերմությունից, խոնավությունից և եղանակային պայմաններից։ Նորմալ սենյակային ջերմաստիճանում պահպանվում են 2-3 օր, մինչդեռ ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղղակի ազդեցությունից ոչնչանում են մի քանի ժամում։ Այնուամենայնիվ, կրծողների արտաթորանքները պետք է համարվեն վարակիչ[29][30][31]։

Պատվաստանյութ

2016թ-ի տվյալներով FDA-ի կողմից հաստատված հասանելի պատվաստանյութ գոյություն չունի[32]։ Հանտավաքս կոչվող պատվաստանյութը հետազոտվում է 1990 թվականից սկսած։ 2016-ին այն դեռևս կլինիկական հետազոտությունների 3-րդ փուլում էր[33]։ Այս ինակիվացված վակցինան հավանաբար անարդյունավետ կլինի Եվրոպական հանտավիրուսների, օրինակ՝ Պուումալա վիրուսի դեմ[34]։ Սպանված վիրուսային վակցինայի արտադրություն չի արվում, կապված մասսայական արտադրության վտանգի հետ, ինչպես նաև պայմանավորված արդյունավետության կասկածելի լինելով։ Տարբեր լաբորատորիաներ փորձարկում են վիրուսային անտիգենների ներմուծման ԴՆԹ վեկտորային տարբերակները կամ ռեկոմբինանտ սպիտակուցների կիրառումը[35]։ 2016-ի տվյալներով մոտ ապագայում ռեկոմբինանտ վակցինաները հասանելի չեն լինի[36]։

ԱՀԿ-ի կողմից հաստատված ամբողջ աշխարհում կիրառելի պատվաստանյութեր չկան, սակայն Կորեական բանակը համարվում է հանտավիրուսային վակցինայի ամենամեծ սպառողը, զիջելով միայն հանրային առողջության կենտրոններին[37]։

Բուժում

Ռիբավիրինը կարող է կիրառվել ՀԹՀ և ԵՀՀՏ-երի ժամանակ, սակայն վերջինիս էֆեկտիվությունը հայտնի չէ։ Երբեմն միայն օժանդակ բուժումով հնարավոր է սպոնտան լավացում։ Հանտավիրուսային վարակի կասկածով հիվանդները պետք է հոսպիտալացվեն, ստանան թթվածին, մեխանիկական շնչառության օժանդակություն՝ ծանր ռեսպիրատոր դիսթրեսի սուր փուլում նրանց շնչառությունը ապահովելու համար[15][38]։ Վարակի սուր փուլերում իմունաթերապիան մարդու չեզոքացնող հակամարմիններով փորձարկվել է միայն մկների, համստերների և առնետների մոտ։ Կլինիկական հետազոտությունները դեռևս բացակայում են[35]։

Համաճարակաբանություն

Հանտավիրուսային վարակի դեպքեր նկարագրվել են բոլոր մայրցամաքներում բացի Ավստրալիայից։ ԵՀՀՏ-երն հիմնականում հայտնաբերվում են Չինաստանում, Կորեական Պենինսուլայում, Ռուսաստանում (Հանտաան, Պուումալա և Սեոուլ տեսակները), և Եվրոպայի հյուսիսային և արևմտյան հատվածներում (Պուումալա և Դոբրավա վիրուսներ)։ ՀԹՀ-ն գերազանցապես հանդիպում է Արգենտինայում, Չինաստանում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Պանամայում։

Աֆրիկա

2010-ին նոր հանտավիրուս՝ Սանգասսոու վիրուսը անջատվել է Աֆրիկայում, որը հարուցում էր ԵՀՀՏ[39]։

Ասիա

Չինաստանում, Հոնկ Կոնգում, Կորեական Պենինսուլայում և Ռուսաստանում ԵՀՀՏ-ի հարուցիչներն են Հանտաան, Պուումալա և Սեոուլ վիրուսները[40]։

Չինաստան

2020-ի մարտին, Յուունանից մի մարդու մոտ հաստատվել է հանտավիրուս։ Նա մահացել է Շանդոնդ աշխատանքային ճանապարհորդության ժամանակ ավտոբուսում։ Ըստ Global Times-ի ևս 32 մարդ ենթարկվել է թեստավորման[41][42][43]։

Ավստրալիա

2005-ի տվյալներով, մարդկանց հանտավիրուսային վարակի դեպքերը բացակայում են, չնայած կրծողների մոտ հայտնաբերվել են հակամարմիններ[44]։

Եվրոպա

Եվրոպայում ԵՀՀՏ-ի երկու հարուցիչ կա՝ Պուումալան և Դոբրավա-Բելգրադ վիրուսները[45]։ Պուումալան սովորաբար հարուցում է թեթև ընթացքով հիվանդություն՝ նեֆրոպատիա էպիդերմիկա, որն արտահայտվում է տենդով, գլխացավով, ստամոքսաղիքային ախտանշաններով, երիկամային ֆունկցիայի խանգարումով և տեսողության մշուշոտումով։ Դոբրավա վարակը նման է վերջինիս, սակայն առավել հաճախ են դիտվում հեմոռագիկ բարդություններ։

Պուումալա վիրուսը տարածվում է վերջինիս տիրոջ` խարտյաշ դաշտամկան միջոով (Clethrionomys glareolus), որը հայտնաբերվում է ամբողջ Եվրոպայում, բացառությամբ Միջերկրածովյան շրջանի։ Տարբերում են Դոբրավա վիրուսի 4 գենոտիպեր, որոնցից յուրաքանչյուրը տարածվում է տարբեր կրծողներով։ Դրանք են՝ դեղնավիզ մկան (Apodemus flavicollis) միջոցով տարածվողները, Սաարեմաա և Կուրկինո գենոտիպը զոլավոր դաշտամկան մոտ (Apodemus agrarius) և Սոչի գենոտիպը Սև ծովյան դաշտամկան մոտ (Apodemus ponticus

Միայն 2017թ-ին Գերմանիայում Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից նկարարգվել է հանտավիրուսային վարակի 1713 դեպք[46]։

Հյուսիսային Ամերիկա

Կանադա

Կանադայում վարակի հիմնական հարուցիչը եղջերամկներով տարածվող Սին Նոմբրե վիրուսն է։ 1989-ին և 2014-ին դիտվել է ընդհանուր առմամբ 109 հաստատված դեպք, որոնց մահացությունը կազմել է 29%[2]։ Եղջերամկներում վիրուս հայտնաբերվել է ամբողջ աշխարհում, բայց դեպքերի մեծ մասը կենտրոնացած են արևմտյան Կանադայում (Անգլիական Կոլումբիա, Ալբերտա, Սասկատչեվան և Մանիտոբա), միայն մեկ դեպք՝ արևելյան Կանադայում։ Կանադայի դեպքերի մեծ մասը դիտվում է գյուղական պայմաններում, մոտ 70 %-ը տնային և գյուղատնտեսական գործունեությամբ պայմանավորված[2]։

ԱՄՆ

ԱՄՆ-ում դիտվել են ՀԹՀ-ի քիչ դեպքեր հարուցված հետևյալ վիրուսներով՝ Սին Նոմբրե օրթոհանտավիրուս, Նյու Յորքյան օրթոհանտավիրուս, Բայոու օրթոհանտավիրուս և հնարավոր է նաև Սև գետակի շրջանի վիրուս (Black Creek Canal virus)։

2017-ի հունվարի տվյալներով, ԱՄՆ-ում արձանագրվել է ընդհանուր 728 դեպք սկսած 1995թ-ից, մոտ 36 նահանգում։ Դեպքերի 96%-ը դիտվել է Միսիսիպի գետի արևմտյան հատվածներում։ Ամենաշատ դեպքերում 10 նահանգներն են՝ Նյու Մեխիկո (109), Կոլորադո (104), Արիզոնա (78), Կալիֆորնիա,(61) Վաիշինգտոն (50), Տեխաս (45), Մոնտանա (43), Ուտահ (38), Իդահո (21) և Օրեգոն (21)․ 36% մահացությամբ[47]։

Մեքսիկա

Մեքսիկայում կրծողների տարածողներն են Թոմասի հսկա եղջերամուկը (Megadontomys thomasi), անտառամկները Neotoma picta, Օրիզաբա եղջերամուկը (Peromyscus beatae), Արևմտյան մկնիկը (Reithrodontomys megalotis), Սումիխրաստի մկնիկը (Reithrodontomys sumichrasti)[48]։

Հարավային Ամերիկա

ՀԹՀ-ի հարուցիչները Հարավային Ամերիկայում Անդես վիրուսներն են (կոչվում են նաև Օրան, Կաստելո դե Սոնհոս՝ պորտուգալերեն երազանքների դղյակ, Լեչիգուանաս, Արարաքուարա և Բերմեջո վիրուս), որոնք միակ վիրուսներն են մարդուց մարդ փոխանցման հնարավորությամբ, ինչպես նաև Լագունա Նեգրա վիրուսը, որը շատ մոտ է նախկինում հայտնի Ռիո Մամորե վիրուսին։

Հանտավիրուսներին տարածող կրծողներից են Abrothrix longipilis և Oligoryzomys longicaudatus[49]։

Պատմություն

Հանտավիրուսները համեմատաբար նոր հայտնաբերված վիրուսներ են։ Ամերիկյան և Կորեական զինվորների մոտ Կորեական պատերազմի (1950–1953) ժամանակ դիտված հեմոռագիկ տենդի բռնկումը հարուցված էր հանտավիրուսով։ 3000-ից ավել զինվորներ էին հիվանդանցել, որոնց մոտ դիտվել էր երիկամային անբավարարություն, գեներալիզացված արյունահոսություններ և շոկ։ Մահացությունը 10% էր։ Այն անվանել են Հարավային Կորեայի Հանտան գետի անունով[50][51][52][53]։ Այս բռնկման հարուցիչը փորձել են անջատել 25 տարի։ Հո-Ուանգ Լիին և իր կոլեգաները կարողացան անջատել Հանտաան վիրուսը 1976թ-ին զոլավոր դաշտամկան թոքերից[54][55][56]։

Ուշ միջնադարյան Անգլիայում տարօրինակ քրտնարտադրության հիվանդությունը տարածվեց երկրում 1485թ-ին անմիջապես Բոսվորտի պատերազմից առաջ։ Տեսնելով, որ ախտանշանները նման են ՀԹՀ-ին, որոշ գիտնականներ համարում են այդ հիվանդությունը հանտավիրուսային վարակ[57][58]։ Այս տեսությունը քննադատության արժանացավ, քանի որ այն փոխանցվում էր մարդուց մարդուն, իսկ հանտավիրուսը այդ ճանապարհով չի փոխանցվում[59]։ Միայն Արգենտինայում նկարագրվել են քիչ քանակությամբ դեպքեր մարդուց մարդ փոխանցման ճանապարհով[60]։

1993-ին ՀԹՀ-ի բռնկում է եղել Ամերիկայի հարավարևմտյան հատվածի «չորս անկյուններ» շրջանում։ Հիվանդության վիրուսային ծագումը հաստատվել է միայն շաբաթներ անց և անվանել են Սին Նոմբրե վիրուս, որը նշանակում է «անանուն վիրուս»։ Նյու Մեքսիկոյի համալսարանի պրոֆեսոր Թերրի Յեյթսի կողմից նկարագրվել է վերջինիս տերը՝ եղջերամուկը (Peromyscus maniculatus)[61]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Դասակարգում
Արտաքին աղբյուրներ