Անի Բատիկյան
Անի Բատիկյան (նոյեմբերի 22, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ջութակահարուհի։
Անի Բատիկյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1982 (41 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երաժշտության թագավորական ակադեմիա և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա |
Կայք | anibatikian.com |
Կրթություն
Անի Բատիկյանը 1998 թվականին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` դառնալով այնտեղ սովորած ամենաերիտասարդ ուսանողներից մեկը։ Կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով[1]։
2003 թվականին Անին ստացել է լրիվ կրթաթոշակ Երաժշտության թագավորական ակադեմիայում սովորելու համար։ Այնտեղ նա ստացել է DipRAM դիպլոմ, ինչպես նաև ջութակի հիասքանչ կատարման համար արժանացել գլխավոր մրցանակի։
Հետագայում ուսումը շարունակել է Կրեմոնայում (Իտալիա), որտեղ նրան դասավանդել է լեգենդար վիրտուոզ Սալվատորե Ակարդոն։
Տարբեր ժամանակներում նրա ուսուցիչներն են եղել Հենրիկ Սմբատյանը, Պիտեր Լիսսաուերը և Հու Կունը։ Նա նաև ցուցումներ է ստացել Թոմաս Բրանդիսից, Տիբոր Վարգայից, Պյեր Ամոյալից, Ցվի Ցեյտլինից և Սիլվիա Ռոզենբերգից։
Ստեղծագործական գործունեությունը
Անին համերգներով հանդես է եկել Էդինբուրգի «Usher Hall», Օքսֆորդի «Sheldonlan Theatre», Տորոնտոյի «Glenn Gould Studio» բեմերում և Լոնդոնի «St'Martin-in-the-Fields և St. John Smith» հրապարակում։ Որպես մենակատար նա հանդես է եկել Տորոնտոյի, Օքսֆորդի, Հայաստանի ազգային կամերային, Շվեդիայի Կատրինհոլմ սիմֆոնիկ և Գլազգոյի կամերային նվագախմբերի հետ։
Որպես Dewar մրցանակակիր, նա ելույթ է ունեցել Շոտլանդիայի խորհրդարանում անցկացվող The Dewar Arts Awards մրցանակաբաշխության հինգերորդ հոբելյանական համերգին։
2007-2012 թթ. Անին ջութակի դասեր է անցկացրել Շոտլանդիայի թագավորական երաժշտական և դրամատիկական ակադեմիայում։
Անի Բատիկյանը մասնակցել է «Music Alp» փառատոնին Ֆրանսիայում, Լևոն Չիլինգարյանի փառատոնին Հայաստանում, Շլեզվիգ-Հոլշտեյն փառատոնին Գերմանիայում և Լոզանի երաժշտական փառատոնին Շվեյցարիայում։
Անին ձայնագրել է «My Favorite Encore» անվանումով ձայնասկավառակ, որում ընդգրկված են հայտնի գործեր, այդ թվում՝ հայ հեղինակների երեք ստեղծագործություն՝ Արամ Խաչատրյանի «Պար N1», Կոմիտասի «Կռունկը» և Էդուարդ Բաղդասարյանի «Ռապսոդիան»[2]։
Անձնական կյանքը
Անի Բատիկյանը ներկայումս բնակվում է Մեծ Բրիտանիայի Բրայթոն քաղաքում։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Մրցանակները և պարգևները
Անի Բատիկյանը արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների[3]։
- Hilda Bailey Prize
- David Knox Memorial Prize
- Dunbar-Gerber Prize
- Mabel Glover String Quartet Prize
- Governors’ Prize for Chamber Music
- Wilfred Parry Prize
- Marjorie Hayward Prize
- Dewar Arts Award prize
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-07-26 Wayback Machine