Աուդի (գերմաներեն՝ Audi), գերմանական ավտոարտադրող ընկերություն։ Պատկանում է Ֆոլկսվագեն ընկերությանը, իսկ Լամբորջինին պատկանում է Աուդիին։ Պաշտոնական անվանումն է Աուդի ԱԳ։ Աուդին Auto Union Deutsche Industrie բառերի հապավումն է, որը թարգմանվում է «գերմանական ավտոինդուստրիայի միություն»։ Այդ անունն ունի նաև լատիներեն ծագում՝ audire նշանակում է լսել, իսկ ընկերության հիմնադիր Ավգուստ Հոխի ազգանունը՝ «հոխ» գերմաներեն նշանակում է լսիր։ Աուդին ունի 53.347 աշխատող (2007), գլխավոր գրասենյակը գտնվում է Ինգոլշտադում։
Աուդին ներկայիս տեսքով Auto Union կոնցեռնի ժառանգորդն է, որը ձևավորվել է DKW, Horch, Audi և Wanderer մեքենաշինական ընկերությունների միավորման արդյունքում։ Ապագայում վերամիավորվել է և մնացել միայն Աուդի ապրանքանիշը[6][7]։ Wanderer մակնիշի առաջին մեքենան արտադրվել է 1913 թվականին։ Առաջին սեփական ձեռնարկությունը՝ Horch & Co., Ավգուստ Խորխը ստեղծել է 1899 թվականին, որից հետո պարտքերի պատճառով նրանից խլել են կազմակերպությունը և դրա հիման վրա ստեղծել Audi Automobil-Werke կազմակերպությունը։ Այն թարգմանվում է որպես «Աուդիի ավտոմոբիլային գործարան»։ 1910 թվականին Audi Automobil-Werke-ը թողարկել է առաջին ավտոմեքենան։ Գերմաներենից թարգմանաբար Խորխ (գերմ.՝ Horch) նշանակում է «լսիր»։ Երբ ընտրում էին նոր մակնիշի անվանումը, Ավգուստի գործարար օգնականներից մեկի որդին առաջարկել է հիմնադրողի ազգանունը թարգմանել լատիներեն՝ Աուդի՝ audire բայի հրամայական խոնարհման 2-րդ դեմքի եզակի թիվ (լսիր)[6]։ 1921 թվականին կազմակերպությունը ունեցել է յուրահատուկ առաջխաղացում։ Նույն թվականին թողարկվել է առաջին գերմանական ձախ ղեկով ավտոմեքենան։ Մինչ այդ կազմակերպությունը զբաղվում էր միայն շարժիչների և կախոցների արտադրությամբ, իսկ հիմա նա սկսել էր ուշադրություն դարձնել կառավարման հարմարությանը։ Մոտոարտադրղ DKW կազմակերպությունը 1928 թվականին գնել է կազմակերպությունը և 1931 թվականին թողարկել առջևի քաշակով DKW F1[8] մեքենան։ Դրան նպաստել է 1929 թվականին սկսված համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Մեծ հզորությամբ շարժիչներով մեքենաների պահանջարկը պակասել էր գումարի բացակայության պատճառով։ Եվ այդ ժամանակ Աուդի կազմակերպությունը հանձնարարել է մշակել կոմպակտ ավտոմեքենա առջևի քաշակով։
Այդ չորս կազմակերպությունների միավորմանը նպաստել է Սաքսոնական քաղաքային բանկը՝ այդ կազմակերպությունների պարտատերը։ Նա վախենում էր ավտոմոբիլային արդյունաբերության մեջ իր ներդրումների համար։ 1932 թվականի հունիսի 29-ին Աուդի, Horch, Wanderer և DKW միավորվեել են Auto Union AG-ի ներքո։ Նրանց տարբերանշանը դարձել են բոլորին հայտնի 4 օղակները։ Այդպիսի միավորումից հետո կազմակերպությունը դարձել է Գերմանիայում ավտոմեքենաների արտադրությամբ երկրորդը։ Աուդի, DKW, Horch և Wanderer մակնիշները ընդհանրապես չէին մրցակցում միմյանց հետ։ Մակնիշներից յուրաքանչյուրին տրամադրվել էր առանձին շուկայական հատված՝ Աուդին զբաղվում էր սպորտային մեքենաներով, DKW-ն՝ մոտոցիկլետներով, Horch-ը՝ մեծ մեքենաներով, իսկ Wanderer-ը՝ միջին սիգմենտի լյուքս դասով։ Կազմակերպությունը մասնակցում էր նաև ավտոմոբիլային մրցավազքերին։ Մի քանի տարվա ընթացքում Auto Union-ի «Արծաթե նետ» մոդելները հաղթել են բազմաթիվ մրցարշավներում և աշխարհի առաջնություններում։ Նրանք գրանցել են բազմաթիվ ռեկորդներ։ 1940 թվականին բոլոր քաղացիական մեքենաների արտադրությունը ժամանակավորապես դադարեցվել է, գործարանները միավորվել են Horch 901 շտաբային մեքենայի արտադրության համար։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Auto Union սաքսոնական բոլոր գործարանները ավերվել էին հակառակորդի ավիացիայի հարվածների պատճառով, իսկ բազմաթիվ աշխատակիցներ և կոնցեռնի ղեկավարությունը լքել էին օկուպացիայի խորհրդային գոտին։ Բոլոր փրկված սարքավորումները ապամոնտաժվել էին և արտահանվել։ Կազմակերպության ղեկավարությունը մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը հասցրել էր տեղափոխվել Բավարիա։ 1945 թվականի վերջին Ինգոլշտադ քաղաքում գոյություն ուներ Auto Union պահեստամասերի պահեստ։ Բայց մինչև արտադրանքի լիարժեք թողարկումը դեռ շատ ժամանակ կար։ 1949 թվականի սեպտեմբերի 3-ից վերսկսվել է մոտոցիկլետների և ծանր բեռնատարների արտադրությունը։ Կազմակերպությունը նորից գրանցվել էր և ավտոմեքենաներ էր թողարկում Auto Union GmbH անվան ներքո։ 1950 թվականի արտադրվել է կոնցեռնի առաջին հետպատերազմյան ուղևորատար մեքենան՝ DKW F89 P Master Class-ը։
1958 թվականի ապրիլին Daimler-Benz AG կազմակերպությունը գնել է Auto Union-ի ակցիաների 88%-ը, իսկ մեկ տարի հետո՝ ամբողջ կազմակերպությունը։ Ինգոլշտադտի ընկերությունը դարձել է նրա մասնաճյուղը։ Volkswagen Käfer հանրաճանաչումը բացասաբար է ազդել փոքրածավալ Auto Union-ի վրա, և այդ իսկ պատճառով ընկերությունը միացել է Volkswagen կազմակերպությանը 1964 թվականին։ 1965 թվականին որոշում է ընդունվել Աուդի ապրանքանիշի ներքո անկախությունը կորցրած կոնցեռնի բոլոր նոր մոդելների թողարկման մասին։ Կազմակերպությունների միավորումից հետո սկզբնական շրջանում Volkswagen-ը չէր ցանկանում, որ Աուդին զբաղվի իր սեփական ավտոմեքենաների մշակմամբ։ Նրանք պատրաստվում Էին Աուդիի վրա թողնել Volkswagen Beetle մոդելի թողարկումը։ Սակայն Լյուդվիգ Կրաուսը՝ այն ժամանակ կոնստրուկտորական բաժնի ղեկավարը, բոլորից գաղտնի որոշել էր մշակել նոր մոդել։ Հետագայում այդ մասին Վոլֆսբուրգում իմացել էին բոլորը, սակայն ոչ ոք չէր փորձել նույնիսկ խանգարել։ Արդյունքում շուկայում հայտնվել էր միջին դասի Աուդի 100 ավտոմեքենան, որն առաջին անգամ շահագործվել է 1968 թվականին[8]։
1969 թվականին Volkswagenwerk AG բաժնետիրական ընկերությունը միավորել է Auto Union GmbH և NSU Motorenwerke AG Նեկարզուլմի ընկերությունը։ Կազմակերպությունը ստացել է Audi NSU Auto Union AG անվանումը, որի գլխավոր գրասենյակը գտնվում էր Նեկարզուլմում։ Կոնստրուկտորական բաժնի ղեկավար Էր դարձել Ֆերդինանդ Պիեխը։
Տարիներ անց այդ ժամանակաշրջանը անվանել են «Պիեխի դարաշրջան»։ Հենց նրա ղեկավարության ժամանակ է ընկերությունը հասել ուշագրավ բարձունքների։ Այդ տարիներին ստեղծվել են հինգ մխոցով շարժիչները (1976 թվական), տուրբո ճնշման տեխնոլոգիան (1979 թվական) և քուաթրո լիաքարշակը (1980 թվական)։ Audi quattro-ն դարձել է այն ավտոմեքենան, որից ընդունված է սկսել մարդատար լիաքարշակի նորագույն պատմությունը[9][10][11][12]։ 1981-1987 թվականներին այդ մոդելը 23 հաղթանակ է տարել WRC առաջնության փուլերում։ 1985 թվականից ընկերությունը շարունակաբար բարելավել է տեխնիկական մշակումները։ Դրանց թվում են լիովին ցինկապատ կողովը, կատարյալ աերոդինամիկ դիզայնը, տուրբո բենզինային շարժիչների լայն օգտագործումը, անմիջական ներարկման տեխնոլոգիայով վառելիքի տնտեսող դիզելային շարժիչները, ալյումինե կողովը, հիբրիդային շարժիչը, անմիջական ներարկման տեխնոլոգիայով բենզինային շարժիչները, հզոր ութ և տասներկու մխոցային շարժիչները[8]։
1993 թվականին ստեղծվել է Audi Group-ը, որի կազմում ժամանակի ընթացքում ընդգրկվել են հունգարական և բրազիլական ստորաբաժանումներ, միացել են բրիտանական Cosworth Technology-ը, իտալական Automobili Lamborghini-ն և իսպանական SEAT-ը[13]։ Ընկերությունը դինամիկ կերպով զարգանում է գործող ավտո-ուղղությունների մեծ մասում։ Դրանք են՝ բիզնես-հատված (Ա6), ներկայացուցչական (Ա8), սպորտային և մրցարշավային ավտոմեքենաներ (Աուդի ՏՏ, Ա4-ի սպորտային տարբերակը, սուպերքառ Ռ8), ինչպես նաև ամենագնացներ Q7, Q5 և Q3։
2009 թվականին Աուդի ընկերությունը դարձել է Մոսկվայում ընթացող լեռնադահուկային սպորտի FIS չեմպիոնների գավաթի տիտղոսային հովանավորը[14]։
2011 թվականին Աուդի ընկերությունը դարձել է Սանկտ Պետերբուրգի Զենիթ ֆուտբոլային ակումբի հովանավորը[15] և մինչ օրս հանդիսանում է Բավարիա (Մյունխեն) ֆուտբոլային ակումբի հովանավորը[16]։
Ավտոմոբիլային շուկայում Աուդիի գլխավոր մրցակիցներն են Mercedes-Benz-ը և BMW-ն՝ այսպես կոչված «Գերմանական եռյակը»։ Տեսակետ կա, որ գովազդային պատերազմը սկսվել է 2006 թվականին, երբ BMW-ն իր պաստառներով շնորհավորեց Աուդիին 2006 թվականին Հարավային Աֆրիկայի «Տարվա մեքենա» անվանակարգում հաղթելու կապակցությամբ։ Բայց ամեն ինչ սկսվել է 80-ական թվականներին, երբ Աուդի ընկերությունը թողարկել է գովազդային հոլովակ, որտեղ Աուդի 200-ը պտտեցնում է Mercedes-Benz E-Klasse (W124) և BMW 5-Series (E28)[17]: Ընդամենը 1 տարի անց BMW-ն թողարկել է պատասխան հոլովակը՝ ցուցադրելով իր նոր BMW 5-րդ շարքի նոր մոդելը (E34): Գովազդային հոլովակում BMW-ն ունի երեք ավտոմեքենա, բոլոր մեքենաները ծածկված են երեք կտավներով։ Առաջին ավտոմեքենան BMW-ի 5-րդ շարքի ավտոմեքենան էր, իսկ մյուս երկուսը կտրուկ անհետանում են, և կտավները, որոնցով ծածկված էին մեքենաները, ընկնում են գետնին, որը ակնարկ էր Աուդի և Mercedes-Benz կազմակերպություններին։ Mercedes-Benz ընկերությունը որոշել է անտեսել Աուդիի և BMW-ի գովազդները՝ մինչ օրս ոչինչ չպատասխանելով նրանց։ Աուդիի և BMW-ի միջև գովազդային պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Ոչ այնքան վաղուց գովազդային պատերազմի մեջ մտավ Lexus-ը։