Ֆուլդա (քաղաք)

Ֆուլդա (գերմ.՝ Fulda), քաղաք Գերմանիայի Դաշնության Հեսսեն երկրամասում[2]։ Մեծությամբ այդ երկրամասի իններորդ բնակավայրն է և Արևելյան Հեսսեն տարածաշրջանի վարչական կենտրոնը։ Ընկած է Ֆուլդա գետի ափին, Մայնի Ֆրանկֆուրտից մոտավորապես 100 կիլոմետր դեպի հյուսիս, Գերմանիայի կենտրոնական մասում և առավելագույնը երեքժամյա ուղևորությամբ է հեռու գերմանական խոշոր քաղաքներ Բեռլինից, Քյոլնից, Համբուրգից, Մյունխենից։ Իսկ Եվրամիության աշխարհագրական կենտրոնն էլ գտնվում է հարևան Գելնհաուզենում[3]։ Ֆուլդայի մերձակայքում է առանձնացված Գերմանիայի 14 կենսոլորտային արգելոցներից մեկը[4]։

Բնակավայր
Ֆուլդա
գերմ.՝ Fulda
ԴրոշԶինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Հիմնադրված է12-րդ դար թ.
Մակերես104,05 կմ²
ԲԾՄ261 մետր
Բնակչություն69 968 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0661
Փոստային դասիչ36001–36043
Ավտոմոբիլային կոդFD
Պաշտոնական կայքfulda.de
Ֆուլդա (քաղաք) (Գերմանիա)##
Ֆուլդա (քաղաք) (Գերմանիա)

Կլիմա

Ֆուլդան գտնվում է մեղմ, բարեխառն կլիմայի գոտում։

  • Միջին տարեկան առավելագույն ջերմաստիճանը՝ 12,6 °C[5]
  • Միջին տարեկան նվազագույն ջերմաստիճանը՝ 4,8 °C[5]
  • Տեղումների միջին տարեկան քանակը՝ 664,7 մմ[6]
  • Միջին օրական արևաջերմ ժամանակամիջոցը՝ 3,8 ժամ[6]

Պատմություն

Քաղաքի ներկայիս տարածքում դեռ Մերովինգների ժամանակներում բերդամրոց է եղել[7]։

Վաղ միջնադարում՝ 742 թվականին Բոնիֆացիուսն այստեղ հիմնել է առաջին եկեղեցին։ Դրանից երկու տարի անց կազմավորվել է աբբայությունը, որի՝ այսպես կոչված՝ «Բարձր տաճարում» հետագայում ամփոփվել են սրբադասված Բոնիֆացիուսի՝ «գերմանացիների առաքյալի» մասունքները։ Վանահոր պաշտոնում նրան հաջորդել է Բաուգուլֆոն[8]։ 751 թվականին այստեղ կառուցված ոչ մեծ եկեղեցին 790-ից հետո վերակառուցվել է, ստացել նավակերպ բազիլիկի տեսք՝ ապսիդի շուրջը ունենալով երկու շրջանաձև աշտարակ[9]։ Աբբայության շուրջը ժամանակի ընթացքում կազմավորվել է բնակավայրը, որին 1114 թվականին շնորհվել է քաղաքի կարգավիճակ։ Իր ծոցում պահած պաշտամունքային կարևորագույն կառույցի շնորհիվ Ֆուլդան պատկերավոր կերպով անվանվել է կաթոլիկության օրրան, դարձել Հյուսիսային Եվրոպայի մշակութային կենտրոններից մեկը[10]։ 965 թվականին Ֆուլդա է այցելել իսպանահպատակ արաբ (ըստ որոշ աղբյուրների՝ հրեա) ճանապարհորդ Իբրահիմ իբն Յակուբը, որը, տպավորված, իր գրքում նկարագրել է աբբայությունն ու վանական գանձերը[11]։

Ֆուլդան, իշխանի ու եպիսկոպոսի տիտղոս ունեցող վանահայրերի գլխավորությամբ, մինչև 19-րդ դարի սկիզբը պահպանել է իր քաղաքական ինքնուրույնությունը;

Մեր օրերում Ֆուլդան համբավված է ոչ միայն վանական համալիրով, այլև կիրառական գիտությունների խոշոր ու հեղինակավոր համալսարանով, բեռնատար ավտոմեքենաների անվադողեր արտադրող մեծ ձեռնարկությամբ, արդյունաբերության ավտոմատացման համակարգեր ու տվիչներ-ցուցիչներ թողարկող Jumo գործարանով...

Անվանի անձինք

  • Ադամ Ֆուլդացի (մոտ. 1445—1505) — երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր
  • Գեորգի Ադելման (1811—1888) — վիրաբույժ, մանկավարժ
  • Ալֆրեդ Դրեգգեր — ՔԴԿ-ի առաջնորդներից, 1956—1970 թթ. Ֆուլդայի օբեր-բուրգամիստր
  • Կառլ Ֆերդինանդ Բրաուն (1850—1918) — ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Հենրիխ Բուրհարդ (1894—1945) — Երրորդ ռայխի զորահրամանատարներից մեկը, զենիթային զորքերի գեներալ
  • Վոլֆգանգ Դրաֆ (1940—2011) — բժիշկ
  • Սեբաստիան Կել (ծնվ. 1980) — ֆուտբոլիստ
  • Ֆրանց Լեբլայն (1744—1810) — բուսաբան
  • Թոբիաս Սամմետ (ծնվ. 1977) — կոմպոզիտոր, երգիչ, Edguy և Avantasia երաժշտախմբերի հիմնադիր
  • Հուգո Շտելե (1826—1848) — կոմպոզիտոր

Գործընկեր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուլդա (քաղաք)» հոդվածին։