Օքրա

Օքրա (հուն․՝ ὠχρός), բնական հանքային ներկանյութ։ Բաղկացած է կավի հետ խառնված երկաթի հիդրօքսիդներից։ Գույնը տատանվում է դեղինից մինչև մուգ նարնջագույն կամ շագանակագույն։ Օքրա կոչվում են նաև այդ պիգմենտով արտադրված ներկերը, հատկապես բաց դարչնավուն-դեղին[1][2]։ Մեծ քանակությամբ հեմատիտ պարունակող օքրան ունի կարմրավուն երանգ և հայտնի է որպես «կարմիր օքրա»։

Օքրա

Օքրա կոչվում են նաև երկաթի օքսիդով ներկված կավերը, որոնք ստացվում են անագի և պղնձի արդյունահանման ժամանակ[3]։

Տարբերում են բաց դեղին (Fe-ի պարունակությունը՝ 12-25 % ըստ Fe203), միջին դեղնության (25-40 %) և ոսկեդեղին (40-75 %) օքրաներ։ Կայուն է մթնոլորտի ազդեցությունների, թույլ թթուների, հիմքերի և լույսի նկատմամբ։

Կիրառություն

Օգտագործվում է բոլոր տեսակի ներկերի պատրաստման համար, ինչպես նաև խծուծման ու նախաներկման աշխատանքներում։

Հին Եգիպտոսում կարմիր օքրան օգտագործվել է շրթունքների կարմրացման կամ դրանց փայլ տալու համար[4]։ Ավստրալիայի աբորիգենները հազարամյակներ շարունակ օքրան օգտագործել են մարմինը զարդարելու, արևից պաշտպանվելու[5], թաղման ծեսերի, ժայռապատկերների, որմնանկարների և այլ գեղարվեստական աշխատանքների համար և այլն։ Ավստրալիայի ազգային թանգարանում պահվում է երկրի տարբեր վայրերից բերված օքրայի նմուշների մեծ հավաքածու[6]։

Հիմբա ցեղի կին, որի մազերը ծածկված են օքրայով

Աֆրիկայում կարմիր օքրան՝ որպես ներկ, օգտագործվում է արդեն ավելի քան 200 000 տարի[7]։ Նամիբիայի հիմբա ցեղի կանայք օքրայի և կենդանական ճարպի խառնուրդն օգտագործում են մարմնի ձևավորման համար (այն մաշկին տալիս է կարմրավուն գույն)։ Օքրայի խառնուրդը նրանք քսում են նաև հյուսած մազերին[8]։

Նյուֆաունդլենդում[9] (Կանադա) օքրայի օգտագործումը հաճախ ասոցացվում է բեոտուկ ժողովրդի հետ, որոնք կարմիր օքրայի օգտագործման շնորհիվ կոչվել են «կարմիր հնդկացիներ» Նյուֆաունդլենդ ժամանած առաջին եվրոպացիների կողմից[10]։ Բեոտուկ ժողովրդի ներկայացուցիչներն օգտագործել են նաև դեղին օքրա՝ մազերը ներկելու համար[11]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։