Օսկար Իխուելոս

Օսկար Իխուելոս (անգլ.՝ Oscar Hijuelos, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք - հոկտեմբերի 12, 2013(2013-10-12)[3][1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), նորագույն ժամանակների ամերիկացի գրող, «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Օսկար Իխուելոս
Ծննդյան անունանգլ.՝ Oscar Jerome Hijuelos
Ծնվել էօգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
Վախճանվել էհոկտեմբերի 12, 2013(2013-10-12)[3][1][2] (62 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ և Lehman College?
Ուշագրավ աշխատանքներThe Mambo Kings Play Songs of Love?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԴյուքի համալսարան և Հոֆստրա համալսարան
Պարգևներ
 Oscar Hijuelos Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծագումով կուբացի է։ Ծնվել է Նյու Յորքի Մորնինգսայթ Հայթս թաղամասում։ Մանուկ հասակում հիվանդության պատճառով շուրջ մեկ տարի Քոնեքթիքութի հիվանդանոցում բուժվելիս կտրված է եղել ընտանիքից և գրեթե իսպառ մոռացել է իր ծնողների մայրենի լեզուն՝ իսպաներենը[5][6], անգլերեն վարժ խոսել է սովորել"[7]:

Օսկարը սովորել է նյույորքյան իրենց թաղամասի Corpus Christi դպրոցում[5], ուսումը շարունակել Նյու Յորքի Սիթի քոլեջում, որտեղ գրական վարպետության դասեր է առել Սյուզան Սոնտեգից, Ֆրեդերիկ Թութենից, Դոնալդ Բարթելմից (վերջինս դարձել է ապագա գրողի հովանավորն ու ընկերը[8]), ստացել է արվեստների բակալավրի, ապա՝ նաև մագիստրոսի որակավորում[5][8]։ Դեռ սովորելու տարիներին Օսկարը կատարել է գրական իր առաջին փորձերը. գրել է պատմվածքներ, գովազդային հոլովակների սցենարներ[9]։ Իխուելոսի առաջին մեծածավալ արձակ երկը՝ «Մեր տունը վերջին աշխարհում» վեպը, ջերմորեն է ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ գրաքննադատների կողմից, արժանացել արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի «Հռոմ» մրցանակին, իսկ երկրորդ՝ 1989 թվականին լույս ընծայված «Մամբոյի արքաները» վեպի համար1990-ին նրան շնորհվել է հեղինակավոր գրական պարգև՝ Պուլիտցերյան մրցանակ[10][11][12]։ Երկու տարի անց՝ 1992 թվականին այդ վեպի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են անվանի կինոդերասաններ Արմանդ Ասանտեն ու Անտոնիո Բանդերասը, 2005-ին էլ մյուզիքլ է գրվել ու բենադրվել[7][13]։ Վեպը պատմում է ԱՄՆ ներգաղթածների կյանքի, նրանց փորձությունների ու հաջողությունների մասին։ Այդ թեման կրկնվում է Իխուելոսի շատ ստեղծագործություններում[13]։ New York Times-ում լույս տեսած գրախոսության մեջ ընդգծված է, որ «վեպում հիմնականում իշխում է էլեգիական տոնայնությունը, այն կարծես չեխովյան ողբերգ լինի բաց թողնված հնարավորություններով, չիրականացած երազանքներով կյանքի մասին»[14]։

Օսկար Իխուելոսի ստեղծագործություններն ուսումնասիրած գրականագետներից ոմանք նշում են, որ նրա գործերում նկատվում են Կառլոս Ֆուենտեսի, Խոսե Լեսամա Լիմայի, Գաբրիել Գարսիա Մարկեսի ազդեցության հետքեր։

Իխուելոսը գրական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական աշխատանքով. դասավանդել է Հոֆսթրա և Դյուք համալսարաններում[15][16]։

Անվանի գրողն ու մանկավարժը մահացել է 62 տարեկան հասակում՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին ինֆարկտից, Մանհեթենի Ռիվրսայդ Փարքում թենիս խաղալիս[7][17]։ Թենիսի այդ խաղահրապարակը հետագայում կոչվել է նրա անունով։

Պարգևներ

1990 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում ստացած Պուլիտցերյան մրցանակից բացի, Օսկար Իխուելոսն արժանացել է գրական այլ պարգևների ևս. Ingram Merrill հիմնադրամի մրցանակ՝ 1983 թ., Հռոմում ամերիկյան ակադեմիայի Հռոմ մրցանակ՝ 1985 թ., «Գրականություն» անվանակարգում «Իսպանական ժառանգություն» հիմնադրամի մրցանակ՝ 2000 թ.[9][18], Luis Leal մրցանակ՝ Chicano/Latino գրականության մեջ ներդրած ավանդի համար՝ 2003 թ.[19]:

Մատենագրություն

  • Our House in the Last World (1983)
  • The Mambo Kings Play Songs of Love (1989)
  • The Fourteen Sisters of Emilio Montez O'Brien (1993)
  • Mr. Ives' Christmas (1995)
  • Empress of the Splendid Season (1999)
  • A Simple Habana Melody (from when the world was good) (2002)
  • Dark Dude (2008)
  • Beautiful Maria of My Soul (2010)
  • Thoughts Without Cigarettes: A Memoir (2011)
  • Twain & Stanley Enter Paradise (2015) (ձեռագիրը խմբագրվել ու հրատարակվել է հետմահու)[20]

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Իխուելոս» հոդվածին։