Քլամիդիա

Սեռական ճանապարհով փոխանցվող վարակ

Քլամիդիա, սեռական ճանապարհով փոխանցվող վարակ։ Հարուցվում է Chlamydia trachomatis-ի միջոցով[1]։ Վարակվածների մեծ մասը չունեն որևէ ախտանիշ[2]։ Ախտանիշների զարգացման համար կարող են պահանջվել շաբաթներ[2]։ Կանանց մոտ կարող է դրսևորվել հեշտոցից արտադրությամբ և միզարձակման ժամանակ մրմռոցով[2]։ Տղամարդկանց մոտ կարող է ուղեկցվել առնանդամից արտադրությամբ, մրմռոցով միզարձակման ժամանակ, ամորձիներից մեկի կամ երկուսի ցավով և այտուցով[2]։ Կանանց մոտ ինֆեկցիան կարող է բարձրանալ վերել ճանապարհով, բերելով փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների զարգացման, ինչը կարող է դառնալ անպտղության և արտարգանդային հղիության պատճառ[3]։ Աչքերում, ինֆեկցիայի բուժման բացակայության պայմաններում, կարող է առաջանալ տրախոմա, որը զարգացող երկրնեում կուրության հաճախ հանդիպող պատճառներից է[4]։

Քլամիդիոզ
Chlamydia trachomatis-ը՝ ներկված հեմատոքսիլին էոզինով
Տեսակսեռական ճանապարհով փոխանցվող վարակներ և հիվանդության կարգ
ՊատճառՍեռական հարաբերության ժամանակ կամ ծննդաբերության ընթացքում փոխանցված Chlamydia trachomatis-ը
Հիվանդության ախտանշաններԱնախտանիշ, հեշտոցային արտադրություն, արտադրություն առնանդամից, այրոց միզարձակման ժամանակ
Բժշկական մասնագիտությունՎարակիչ հիվանդություններ, Գինեկոլոգիա, Ուրոլոգիա
ՀՄԴ-9099.41 և 483.1
ՀՄԴ-10A55, A56.8, A70 և A74.9
ՀոմանիշներՔլամիդիալ վարակ
ԱխտորոշումԱրգանդի վզիկից, հեշտոցից կամ միզուկից քսուկ, մեզի անալիզ
ԲուժումՀակաբիոտիկներ՝ ազիթրոմիցին, դոքսիցիկլին
ԲարդություններՑավ ամորձիներում, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ, անպտղություն, արտարգանդային հղիություն
Կանխարգելումսեռական հարաբերությունների բացակայություն, պահպանակ, մեկ ոչ ինֆեկցված զուգընկեր
ՍկիզբըՎարակումից մի քանի շաբաթ անց
Հանդիպման հաճախականություն4.2% (կանայք), 2.7% (տղամարդիկ)
Մահերի քանակ~200 (2015)
 Chlamydia infections Վիքիպահեստում

Քլամիդիան կարող է փոխանցվել հեշտոցային, անալ, և օրալ սեքսի ժամանակ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ վարակված մորից՝ երեխային[2]։ Աչքերում վարակը կարող է հայտնվել նաև մատների, ճանճերի օգնությամբ կամ կեղտոտ սրբիչի միջոցով[4]։ Chlamydia trachomatis-ը ախտահաում է միայն մարդկանց[5]։ Ախտորոշումը սովորաբար դրվում է 25 տարեկանից ցածր, սեռական ակտիվ կյանք վարորղ կանանց մոտ, ամենամյա սկրինինգ հետազոտության միջոցով, կամ հղիության կապակցությամբ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ[2][3]։ Կատարում են մեզի անալիզ և վերցնում են քսուք հեշտոցից, արգանդի վզիկից և միզուկից[3]։ Ռեկտալ և բերանային քսուքները վերցնում են այդ հատվածների ինֆեկցման կասկածի դեպքում[3]։

Կանխման համար անհրաժեշտ է օգտագործել պահպանակներ, ունենալ միայն մեկ չինֆեկցված զուգընկեր կամ չունենալ սեռական հարաբերություններ[2]։ Բուժվումն իրականացվում է հակաբիոտիկների օգնությամբ, կիրառելով օրինակ՝ ազիթրոմիցին կամ դոքսիցիկլին[3]։ Հղիության ժամանակ կամ նորածինների պարագայում, կիրառվում են էրիթրոմիցին կամ ազիթրոմիցին[3]։ Անհրաժեշտ է բուժել նաև հիվանդի ինֆեկցված զուգընկերոջը կամ զուգընկերներին։ Բուժման ընթացքում հիվանդները պետք է զերծ մնան սեռական հարաբերություններից յոթ օր, կամ մինչև բոլոր ախտանիշների անհետացումը[3]։ Հիվանդների մոտ պետք է ստուգվեն գոնորեան, սիֆիլիսը, և ՄԻԱՎ-ը[3]։ Բուժումից հետո հիվանդները երեք ամիս հետո պետք է կրկին հետազոտվեն[3]։

Քլամիդիան ամենատարածված ՍՃՓՎ-ներից է[6][7], աշխարհում ախտահարված են կանանց 4.2%-ը և տղամարդկանց 2.7%-ը։ 2015 թվականին գրանցվել է քլամիդիոզի 61 միլիոն նոր դեպք[1][8]։ ԱՄՆ-ում 2014 թվականին արձանագրվել է 1.4 միլիոն դեպք, գլխավորապես 15-25 տարեկան անձանց շրջանում[1][3]։ 2015 թվականին քլամիդիոզից մահացել է 200 հոգի[9]։ «Քլամիդիա» բառը ծագել է հուներեն «χλαμύδα» բառից և նշանակում է «ծածկված, քողարկված»[10]։

Նշաններ

Գենիտալ հիվանդություններ

Կանանց շրջանում

Արգանդի վզիկի քլամիդիոզը սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, որը ինֆեկցված կանանց 50-70 %-ի շրջանում անախտանիշ է։ Կարող է փոխանցվել հեշտոցային, անալ կամ օրալ սեքսի ժամանակ։ Վարակի անախտանիշ ընթացքի և ժամանակին ախտորոշման և բուժման բացակայության դեպքում, զարգանում են փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ։ Քրոնիկ բորբոքումը բերում է վերարտադրողական օրգանների սպիական փոփոխությունների, ինչը կորող է հանգեցնել քրոնիկ ցավերի, արտարգանդային հղիության, անպտղության և այլ բարդությունների։

Արգանդի վզիկի բորբոքում՝ ցերվիցիտ, հարուցված քլամիդիոզով:
Տղամարդկանց շրջանում կարող է դիտվել անսովոր, սպիտակ, ջրիկ կամ փրփրավոր արտադրոիթյուն առնանդամից:

Քլամիդիան հայտնի է իր անախտանիշ ընթացքով, վարակված կանանց 70-80 % կարող են որևէ գանգատ չունենալ[11]։ Ախտանիշներից կարող են հանդիպել հեշտոցաին արյունահոսությունը, որովայնային ցավը, ցավոտ սեռական հարաբերությունները, տենդը, ցավոտ միզարձակումը և հաճախամիզությունը։

Սեռական ակտիվ կյանք վարող կանանց, ովքեր հղի չեն, մինչև 25 տարեկանը խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել սկրինինգ հետազոտություն[12]։ Վարակի ռիսկային գործոններից են նախկինում տարած քլամիդիոզը կամ այլ ՍՃՓՎ, նոր կամ բազմաթիվ սեռական զուգընկերները և պահպանակի ոչ պարբերաբար օգտագործումը[13]։

Այն կանանց, ովքեր եկել են ստանալու շտապ կոնտրացեպցիա, հանձնարարականները խորհուրդ են տալիս անցկացնել քլամիդիոզի հայտնաբերման էքսպրես, քանի որ փորձը ցույց է տալիս, որ մինչև 25 տարեկան կանանց շրջանում վարակակրությունը կազմում է 9 %[14]։

Տղամարդկանց շրջանում

Քլամիդիոզը վարակակիր տղամարդկանց 50 %-ի մոտ արտահայտվում է միզուկի բորբոքմամբ[11]։ Կարող է դրսևորվել միզարձակման ժամանալ այրոցի զգացումով, առնանդամից անսովոր արտադրությամբ, ամորձիների ցավով և այտուցվածությամբ, տենդով։ Բուժման բացակայության պայմաններում կարող է տարածվել դեպի ամորձիներ առաջացնելով էպիդիդիմիտ, որը բերում է անպտղության[11]։

Միզուկից տարածվելով քլամիդիոզը կարող է հանգեցնել նաև շականակագեղձի բորբոքաման՝ պրոստատիտի։

Աչք

Քլամիդիոզով հարցուված կոնյուկտիվիտ

Անցյալում քլամիդիալ կոնյուկտիվիտը՝ տրախոման հանդիսանում էր կուրության գլխավոր պատճառը, սակայն հիմա նրա դերը կուրության առաջացման մեջ իջել է, կազմում էր 15% 1995-ին և 3.6% 2002-ին[15][16]։ Վարակը կարող է հայտնվել աչքի մեջ մատների, կեղտոտ սրբիչների միջոցով, հազի և փռշտոցի ժամանակ և փոխանցվել ճանճերի օգնությամբ[17]։ Ծննդաբերության ժամանակ նորածինները նույնպես կարող են ձեռք բերել քլամիդիալ կոնյուկտիվիտ։ Այդ իսկ պատճառով ցանկալի է կիրառել SAFE մարտավարությունը (S-surgery, A-antibiotics, F-facial cleanliness, E-environmental improvements), որի օգնությամբ ԱՀԿ-ն պլանավորում է ամբողջությամբ էլիմինացիայի ենթարկել տրախոման մինչև 2020 թվականը (GET 2020` global elimination of trachoma by 2020 )[18][19]։

Հոդեր

Քլամիդիոզը կարող է բերել ռեակտիվ արթրիտի առաջացման։ Դրսևորվում է ախտանիշների եռյակով՝ արթրիտ, կոնյուկտիվիտ, ուրետրիտ, գլխավորապես երիտասարդ տղամարդկանց շրջանում։ ԱՄՆ-ում ամեն տարի շուրջ 15000 տղամարդու մոտ զարգանում է ռեակտիվ արթրիտ։ Կարող է զարգանալ և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, սակայն տղամարդկանց շրջանում դեպքերը գերակշռում են։

Նորածիններ

Քլամիդիոզով հիվանդ մայրերից ծնված երեխաների կեսը նույնպես վարակված է լինում քլամիդիոզով։ Քլամիդիոզը կարող է հանգեցնել սպոնտան աբորտների, վաղաժամ ծննդաբերության, կոնյուկտիվիտի՝ որը բերի կուրության և նորածնի թոքաբորբի[20]։ Կոնյուկտիվիտը զարգանում է ծնվելուց մեկ շաբաթ անց` ի տարբերություն քիմիական նյութերի՝ մի քանի ժամ կամ գոնորեայի՝ 2-5 օր)։

Այլ

Chlamydia trachomatis-ի այլ շճատիպեր հարուցում են lymphogranuloma venereum՝ ավշահանգույցների բորբոքում։ Սովորաբար արտահայտվում է գենիտալ խոցոտմամբ, ցայլքի շրջանում ավշային հանգույցների մեծացմամբ, սակայն երբեմն կարող է հանդես գալ ռեկտալ բորբոքմամբ, տենդով և մարմնի այլ մասերում ավշահանգույցների մեծացմամբ[21]։

Փոխանցում

Քլամիդիոզը փոխանցվում է սեռական ճանապարհով (հեշտոցային, անալ օրալ), կամ վարակված հյուսվածքի, օրինակ՝ կոնյուկտիվայի հետ ուղիղ շփման ժամանակ։ Կարող է փոխանցվել վարակված մորից երեխային ծննդաբերության ընթացքում[20]։

Ախտաբանություն

Chlamydiae-ն ունակ է հաստատելու երկարաժամկետ ասոցիացիաներ տեր-բջիջների հետ։ Տեր-բջիջների մոտ սննդանյութերի պակասը (օրինակ երկաթի, ամինաթթուների[22], վիտամինների) բացասական է անդրադառնում նաև մակաբուծող քլամիդիաների վրա։ Երկարաժամկետ կոհորտային հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակակիրների 50%-ը ամբողջությամբ բուժում է մեկ, 80%-ը երկու, 90%-ը երեք տարիների ընթացքում[23]։

«Սոված» քլամիդիաները մտնում են պերսիստենտ աճի փուլ, դադարեցնում են բջջի բաժանումը, շարունակում են մեծանալ չափերով, վերածվելով մորֆոլոգիապես աբերանտ ձևերի[24]։ Պերսիստենտ ձևերը շարունակում են մնալ կենսունակ և տեր-բջիջներում սննդանյութերի պաշարի վերականգնման ժամանակ, կրկին վերադառնում են նորմալ աճի շրջան։

Քննարկումներ կան այն մասին, թե արդյոք ունի՞ պերսիստենտությունը արդիականություն, թե ոչ։ Ոմանք կարծում են, որ պերսիստենտ վարակակրությունը քրոնիկ քլամիդիոզի պատճառ է։ Որոշ հակաբիոտիկներ, ինչպիսիք են β-լակտամները (պենիցիլին) բերում են կայուն, պերսիստենտ ձևերի առաջացման[25][26]։

Ախտորոշում

Chlamydia trachomatis-ը McCoy-ի բջջային կուլտուրայում:

Սեռական քլամիդիոզի ախտորոշման ձևերը արագ զարգացել են 1990-2006 թվականներին։ Ախտորոշման հիմնական մեթոդներից են նուկլեինաթթուների ամպլիֆիկացիոն թեստերը (Nucleic acid amplification tests` NAAT)՝ պոլիմերազային շղթայի ռեակցիան (polymerase chain reaction` PCR), տրանսկրիպցիոն միջնորդված ամպլիֆիկացիան (transcription mediated amplification` TMA) և SDA-ն։

Քլամիդիոզի հայտնաբերման համար NAAT հետազոտությունը կատարվում է արգանդի վզիկից (կանանց) կամ միզուկից (տղամարդկանց) վերցված քսուքների վրա[27]։ Անկախ նմուշների վերցման վայրից (արգանդի վզիկ, միզուկ) NAAT-ն ունի ախտորոշիչ 90% զգայունություն և 99% սպեցիֆիկություն[28]։ ՍՃՓՎ-ի նշաններով կլինիկա դիմած կնոջ մոտ, մեզի անալիզի բացասական պատասխանի դեպքում, քսուքի դրական պատասխանը հանդիպում է 2% հավանականությամբ[28]։

Ներկայումս NAAT-երը կիրառվում են միայն միզասեռական նմուշների ստուգման համար, չնայած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են հուսալի արդյունքներ տալ ռեկտալ նմուշների համար։

Թեստի ճշգրտության բարձրացման, նմուշների հավաքման հեշտության և սեռական ակտիվ տղամարդկանց և կանանց սկրինինգի հարմարության պատճառով, NAAT-երը հիմնականում փոխարինել են լաբորատոր պայմաններում կուլտուրաների աճեցումը` քլամիդիոզի ախտորոշման ոսկե ստանդարտը և non-amplified probe թեստը։ Վերջինս զգայունությունը համեմատաբար ցածր է` 60-80% ասիմպտոմատիկ կանանց մոտ և հաճախ տալիս է  կեղծ դրական արդյունքներ։ Կուլտուրաների աճեցումը մնում է արդյունավետ որոշ հանգամանքներում և ներկայումս միակ ախտորոշման միջոցն է, որը կատարվում է ոչ սեռական նմուշների (օրինակ` ռեկտալ նմուշների) փորձաքննման համար։ Գոյություն ունեն նաև այլ մեթոդներ ներառյալ՝ լիագազային շղթայի ռեակցիան (LCR), հակամարմինների ֆլուորեսցենտային ուղիղ կապումը, ֆերմենտների իմունոլոգիական անալիզը և այլն[29]։

Կանխարգելում

Քլամիդիոզի կանխարգելման մեթոդներից են պահպանակների օգտագործումը, մեկ զուգընկեր ունենալը, ով վարակակիր չէ, կամ սեռական հարաբերություններից ձեռնպահ մնալը[2]։

Սկրինինգ

Սրինինգ հետազոտությունները խորհուրդ են տրվում սեռական կյանք վարող, մինչև 25 տարեկան, ոչ հղի բոլոր կանանց[12]։ Ռիսկային գործոններից են նախկինում տարած քլամիդիոզը կամ այլ ՍՃՓՎ, նոր կամ բազմաքանակ զուգընկերները, պահպանակի ոչ մշտական օգտագործումը[13]։

Հղի կանանց համար ուղեցույցները տարբեր են[12]։ Տարիքային կամ ռիսկի այլ գործոն ունեցող կանանց սկրինինգը խորհուրդ է տրվում ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խմբի (U.S. Preventive Services Task Force՝ USPSTF) կողմից, որը խորհուրդ է տալիս հետազոոտել 25 տարեկանից ցածր կանանց իսկ Ընտանեկան բժիշկների ակադեմիան (American Academy of Family Physicians), հորդորում է հետազոտել նաև 25 տարեկանից բարձրերին։ USPSTF- ն ընդունում է, որ որոշ էթնիկ խմբերում կարող են լինել վարակի այլ ռիսկի գործոններ[12]։ Տղամարդկանց համար USPSTF- ը եզրակացնում է, որ հետազոտությունները ներկայումս բավարար չեն՝ պարզելու համար, թե արդյո՞ք նրանց կանոնավոր ստուգումը քլամիդիոզի համար արդյունավետ է, թե ոչ[12]։ Խորհուրդ է տրվում պարբերաբար հետազոտել այն տղամարդկանց, ովքեր ավելի մեծ ռիսկային խմբում են ՄԻԱՎ-ի կամ սիֆիլիսի պատճառով[13]։

Միացյալ Թագավորությունում Առողջապահության ազգային ծառայությունը (National Health Service՝ NHS) նպատակ ունի՝

  1. Կանխել և վերահսկել քլամիդիալ վարակը` ասիմպտոմատիկ վարակիրների վաղ հայտնաբերման և բուժման միջոցով,
  2. Նվազեցնել հետագա փոխանցումը սեռական զուգընկերներին,
  3. Կանխել չբուժված վարակի հետևանքները,
  4. Հետազոտել տարեկան 25 տարեկանից ցածր սեռական ակտիվ վարող կանանց առնվազն 25 տոկոսին[30],
  5. Ապաքինումից հետո կրկին հետազոտել հիվանդերին[31]։

Բուժում

Հակաբիոտիկների օգնությամբ քլամիդիոզը կարող է արդունավետ բուժվել։ Հանձնարարականները խորհուրդ են տալիս կիրառել ազիթրոմիցին, դոքսիցիկլին, էրիթրոմիցին, լևոֆլոքսացին կամ օֆլոքսացին[32], հղիության ընթացքում՝ էրիթրոմիցին կամ ամոքսիցիլին[3][33]։ Արդունավետ բուժման հիմնաքարերից է նաև հիվանդ զուգընկերների հայտնաբերումը և բուժումը[34]։

Բուժում ստանալուց հետո հիվանդները երեք ամիս անց պետք է կրկին հետազոտվեն[3]։

Համաճարակաբանություն

2004 թ.-ին 100,000 բնակչի հաշվարկով քլամիդիոզի հետևանքով հաշմանդամություն ունեցողների թիվը ամբողջ աշխարհում[35]։

2015 թվականի դրությամբ սեռական ճանապարհով քլամիդիոզով վարակված է 61 միլիոն մարդ[8]։ Առավել հաճախ հանդիպել է կանանց (3.8%), քան տղամարդկանց (2.5%) մոտ[36]։ 2015-ին բերել է 200 մահվան[9]։

Միացյալ Նահանգներում 2016 թվին գրանցվել է մոտ 1,6 միլիոն դեպք[37]։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, CDC) գնահատմամբ ամեն տարի քլամիդիոզի մոտ 2.9 միլիոն չգրանցված դեպք է լինում[37]։ Դա կազմում է երիտասարդների մոտ 2%-ը[38]։ Քլամիդիոզը Մեծ Բրիտանիայում ամենատարածված բակտերիալ սեռական ճանապարհով փոխանցվող վարակն է[39]։

Ամեն տարի քլամիդիոզը ԱՄՆ-ում առաջացնում է էպիդիդիմիտի ավելի քան 250 000 դեպք։ Քլամիդիայով վարակված կանայք հինգ անգամ ավել հավանականությամբ ձեռք կբերեն ՄԻԱՎ[20]։

Ծանոթագրություններ


Արտաքին հղումներ