Տեղակայված է երկրի հյուսիսում՝ Ալբորզի լեռների հարավային ստորոտին։ Մայրաքաղաք Թեհրանից գտնվում է 20 կմ հեռավորության վրա՝ արևմտյան ուղղությամբ։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1 312 մ։
Կլիման չորային է, կլիմայի վրա ազդեցություն են թողնում լեռները, որոնք գտնվում են քաղաքի մերձակայքում։ Ամռանը շոգ է, խիստ սակավաթիվ անձրևներով, ջերմաստիճանն առանձնապես բարձր է լինում հուլիսին և օգոստոսին։ Ձմեռը շատ ցուրտ չէ, բայց կարող են լինել ջերմաստիճանի կտրուկ անկումներ և սառնամանիքներ[3]։ Տեղումնառատ են նոյեմբեր-մարտ ամիսները։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 592 492 մարդ, որոնք կազմում էին 508 420 տնտեսություն։Քաղաքը բնակչությամբ Ալբորզ օսթանի ամենախոշոր[4] և Իրանի չորրոդ ամենախոշոր (Թեհրանից, Մաշհադից և Սպահանից հետո)[5] քաղաքն է։ Քարաջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Քարաջի տարածքում գտնվող առաջին բնակավայրերը թվագրվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի[12]։ Քաղաքի Խուրվին վարչական շրջանը բնակեցված է եղել բրոնզե դարից, իսկ եւ Քելաքի շրջանը՝ երկաթե դարից ի վեր։ Շահրիար գավառի արևմտյան մասում՝ լեռան վրա, գտնվել է Թահթե Ռոստամ հնավայրը, որը կառուցվել էր Պարթևական դարաշրջանում որպես զրադաշտականատրուշան։
Քաղաքը Թեհրանի հետ կապ էր հաստատում Սեֆյանների ժամանակ կառուցած կամուրջի միջոցով, որը գործել է մինչև նախորդ դարի վերջ։ Նույն դարաշրջանում է կառուցվել նաև Շահ Աբբասի քարվանսարան։ Ղաջարիների տիրապետության ժամանակ՝ 1810-ական թվականներին, այստեղ կառուցվում է Սոլեյմանիեի պալատը՝ որպես պարսից թագաժառանգի ամառանոց[13] (այժմ՝ Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետ)։ Առանձնապես հայտնի է Մորվարիդ (մարգարտե) պալատը, որը թվագրվում է 20-րդ դարի՝ Փահլավիների շրջանին։
20-րդ դարում քաղաքի ինտենսիվ զարգացումը հնարավորություն տվեց քաղաքին՝ դառնալու Իրանի[3] արդյունաբերական ամենախոշոր կենտրոններից մեկը։ Այժմ այստեղով անցնում են Կասպից ծովիցԹեհրան ուղարկվող բեռները։ Քարաջը մայրաքաղաքի հետ կապված է ավտոխճուղով, երկաթգծով և մետրոյի գծով։ Այստեղ է գտնվում «Փայամ» օդանավակայանը[3]։ Այստեղ բացվել են Խարազմի համալսարանը (1919), Գոլշահր մետրոկայանը (1998), Էնղելաբ մարզադաշտը (2001), Ալբորզի բժշկական համալսարանը (2010), քիմիական արդյունաբերության գործարաններ։
Մարգարտե դղյակ (պարս.՝ کاخ مروارید` քախե մորավարիդ). կառուցվել է 1966-1968 թվականներին, Մոհամեդ-Ռեզա Փեհլևիի քրոջ՝ Շամս Փեհլևիի պատվերով, Ուեսլի Փիթերսի և Ֆրենկ Լլոյդ Ռայթի նախագծով։ Դղյակի մակերեսը 111 հեկտար է։ Դղյակի ներսում գտնվող բոլոր տարածքները նման են մարգարտահատիկների, ինչն էլ անվան ծագման հիմնական պատճառն է[14]։
Բացվող այգի (պարս.՝ فاتح՝ ֆաթեհ). գտնվում է Ջահանշահր թաղամասում, անմիջապես այգուն հարող տարածքում կան ավանդական և ժամանակակից[15]ռեստորաններ։
Չամրան պարտեզ (պարս.՝ چمران). այն մասամբ կազմված է բնական աճող ծառերից, մասամբ՝ արհեստական տնկված[16]։
Դեմավենդ լեռան վրա՝ քաղաքից ոչ շատ հեռու, գործում են լեռնադահուկային հանգստյան գոտիներ, այդ թվում՝ Դիզինը, որը համարվում է լավագույնն Իրանում։ Նաև աչքի են ընկնում Շեմշաքը (իրանական ամենահին հանգստյան գոտին) և Թոշալը[3]։