Փոլ Քերն
Փոլ Քերն (հունգ.՝ Kern Pál, հունվարի 8, 1884, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 6, 1955, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն և Էգեր, Հունգարիա), հունգարացի զինվորական, որը հայտնի է դարձել նրանով՝ իբր մոտ 40 տարի չի քնել։ Նրա մասին պատմությունը հրատարակվել է մի քանի թերթում, սակայն գիտական հետազոտություններով ոչ մի աղբյուրում չի հաստատվել։
Փոլ Քերն հունգ.՝ Kern Paul | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 8, 1884 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | մարտի 6, 1955 (71 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն կամ Էգեր, Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | զինվոր |
Կենսագրություն
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Փոլ Քերնը զորակոչվել է ավստրո-հունգարական զինված ուժեր՝ որպես կադետ։ Մարտերից մեկի ժամանակ հարվածային զորքերի կազմում նա քաջաբար է հանդես եկել, ինչի համար պարգևատրվել է մեդալով։ Մեկ տարի անց տեղափոխվել է այլ վաշտ, որի կազմում մարտնչել է ռուսական ուժերի դեմ։ Մեկ այլ մարտում ռուս զինվորը կրակել է Քերնի գլխին, ինչի արդյունքում նա ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Լեմբերգի (Լվով) հիվանդանոց։
Արթնանալով հիվանդանոցում՝ Քերնը այլևս չի կարողացել քնել[1]։ Պարզվել է, որ գնդակը դիպել է քներակին և վնասել գլխուղեղի ճակատային բլթի մի մասը։ Սովորաբար նման վիրավորումը մահացու էր, բայց Փոլին հաջողվել է գոյատևել[2]։ Նրա խնդրի լուծմամբ զբաղվել է Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ֆրեյը, բայց չի կարողացել օգնել Քերնին վերադառնալ իր նախկին կյանքին[3]։
Դրա հետ մեկտեղ փամփուշտը ոչնչացրել է Քերնի նյարդային համակարգի մի մասը, ինչը հանգեցրել է ավելի անսպասելի հետևանքների. մինչև կյանքի վերջ Քերնը չի զգացել ցավ, ուժասպառություն և հոգնածություն՝ պնդելով, որ իրեն լավ է զգում։ Պատերազմից հետո նա շարունակել է աշխատանքը թոշակառուների օգնության կազմակերպությունում[4] և մահացել 1955 թվականին՝ այդպես էլ 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ չքնելով։
Հնարավոր է, որ Փոլ Քերնի պատմությունը հմուտ կեղծարարություն է։ Գիտականորեն և փաստագրական կերպով գրանցված ռեկորդակիր է համարվում ամերիկացի դպրոցական Ռենդի Գարդները․ ռեկորդը կազմում է 11 օրից մի փոքր ավելի։ Նրա ռեկորդը կարող է գերազանցել վիետնամցի գեղջուկ Նգոկ Տհայը, որը որոշ տվյալներով չի քնել 1973 թվականից։
Զանգվածային մշակույթում
- Ամերիկյան «The Dimes» ֆոլկ խումբը Քերնի պատվին ձայնագրել է Paul Kern Can’t Sleep երգը[5]։