Վիկոս

Վիկոս (հուն․՝ Φαράγγι του), կիրճ Հունաստանում։ Գտնվում է Պինդոսի լեռան ազգային պարկում` հունական Էպիրուս շրջանի հյուսիս-արևելքում։ Երկարությունը կազմում է 20կմ, խորությունը` 450-1600մ, լայնությունը՝ 400մ-ից մինչև 1-2մ ամենանեղ տեղերում[2]։

Վիկոս
Տեսակկիրճ և defile?
Երկիր Հունաստան[1]
ՎարչատարածքԷպիրուս
Երկարություն20 կմ
Մասն էՎիկոս-Աոոս ազգային պարկ
Քարտեզ
Քարտեզ

Վիկոսը ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենախորը կիրճ[3]։ Ընդ որում, հաշվի են առնվում մի քանի հատկանիշներ, որոնցով կիրճը տարբերվում է կանիոնից, օրինակ՝ երկարության և լայնության հարաբերությունը[4]։

Դիրք

Գտնվում է Վիկոս-Աոոս ազգային պարկի կենտրոնական մասում՝ Զագորիի շրջանում։ Սկիզբ է առնում Մոնոդենդրի և Կուկուլի բնակավայրերի մերձակայքից[5]։ Կիրճի համակարգի մեջ են մտնում մի քանի մանր գետակներ, որոնք թափվում են կիրճի մեջ ձևավորվող Վոյդոմատիս գետի մեջ։ Վոյդոմատիսի՝ ջրերով լցվելը սեզոնային բնույթ ունի. այն մշտապես հոսում է կիրճի ստորին մասում միայն[2]։ Գիտնականների համար կիրճը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մարդու կողմից չխաթարված էկոհամակարգի և հազվագյուտ տեսակների համար։

Գեոմորֆոլոգիա

Կիրճի երկարությունը մոտ 20կմ է, որից 12-ը անցնում է արգելոցի տարածքով[6]։ Կիրճին բնորոշ են ռելիեֆի բազմազանությունը և բարձրությունների փոփոխությունը։ Թեք լանջերն ու զառիթափները գերիշխում են միջին մակարդակներում։ Բազմաթիվ հեղեղատներ կան կիրճի երկու կողմերում։ Հիմնական ուղղությունը հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք է[6]։ Կիրճը միլիոնավոր տարիներ ողողել են Վոյդոմատիս գետի ջրերը։ Գետի ջրերի մակարդակը կախված է տարվա եղանակից։ Տարվա մեծ մասում ջուր լինում է միայն կիրճի ամենաստորին մասում[7]։ Կիրճի վերին շերտերը կազմված են կրաքարե գոյացություններից, ներքին շերտերը՝ դոլոմիտից[6]։ Քանի որ կրաքարը լուծվում է ջրում, առաջանում է ջրահեռացման համակարգ՝ քարանձավներով ու միջանցքներով, որոնք ժամանակի ընթացքում մեծանում են։ Ավելի ուշ նրանք փշրվում են՝ առաջացնելով ժեռուտ բացվածքներ։ Այդ պատճառով էլ ջուրը հավադեպ է հոսում մակերևույթով. երբ այն չի կարողանում թափանցել խորքը, դուրս է գալիս մակերևույթ[8]։

Կիրճի համայնապատկեր

Զբոսաշրջություն և հանգիստ

Կիրճի՝ Օկսիի հատվածում կա բնական դիտահրապարակ կիրճի ամենախոր մասի վերևում։ Այն գտնվում է Մոնոդենդրիի նոր ճանապարհից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Եվս մեկ դիտահրապարակ գտնվում է կիրճի արևելյան մասում. այնտեղ կարելի է բարձրանալ Վրադետո գյուղից։

Զբոսաշրջային հիմնական ուղղությունը Մոնոդենդրիի արահետն է, որը ձգվում է դեպի կիրճի հյուսիս՝մինչև Վոյդոմատիս լեռան ակունքը։ Այնուհետև արահետը տանում է դեպի կիրճի ելքը Պապինգո գյուղի մոտ հյուսիսային մասում կամ Վիկոս գյուղի մոտ հարավային մասում։ Հնարավոր է նաև անցնել Մոնոդենդրիի հարավում գտնվող քարե կամրջով (18-րդ դար)։

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ