Սրջան Բաբիչ

Սրջան Բաբիչ (սերբ.՝ Srđan Babić / Срђан Бабић, ապրիլի 22, 1996(1996-04-22)[1][2], Բանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա), սերբ ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Սերբիայի հավաքականի պաշտպան։ 2015 թվականի երիտասարդական թիմերի աշխարհի չեմպիոն։

Սրջան Բաբիչ
Քաղաքացիությունը Սերբիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 22, 1996(1996-04-22)[1][2] (28 տարեկան)
ԾննդավայրԲանյա Լուկա, Բոսնիա և Հերցեգովինա
Հասակ192 սանտիմետր
Քաշ85 կիլոգրամ
Դիրքպաշտպան

Ակումբային կարիերա

«Վոևոդինա»

Ֆուտբոլով սկսել է զբաղվել 2001 թվականին իր հայրենի Բանյա Լուկա քաղաքի բոսնիական «Բորաց» ակումբի դպրոցում, իսկ 2011 թվականի օգոստոսին, 15 տարեկանում, միացել է «Վոևոդինայի» երիտասարդական թիմին[3]։ Վաղ տարիքից համարվում էր մեծ տաղանդ[4]։ Սերբիայի առաջնությունում ակումբի հիմնական կազմում նորամուտը նշել է 2014 թվականի մարտի 1-ին «Վոժդովացի» դեմ 17-րդ տուրի խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[5]։ «Վոևոդինայի» կազմում առաջին գնդակը խփել է 2014 թվականի մայիսի 7-ին Սերբիայի Գավաթի եզրափակչի «Յագոդինայի» դեմ խաղում (2:0)՝ աչքի ընկնելով հանդիպման 52-րդ րոպեին, դրանով իսկ ակումբի հետ նվաճել է գավաթը[6]։ «Վոևոդինայի» համար սա դարձավ առաջին գավաթը Հարավսլավիայի փլուզումից հետո և նվաճվեց ակումբի հարյուրամյակի տարում[4]։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր նորամուտի մրցաշրջանում Բաբիչը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2014 թվականի հուլիսի 17-ին նորամուտը նշել է եվրագավաթներում՝ խաղալով Սլովակիայի «Տրենչին» ակումբի դեմ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ ռաուդի խաղում (0:4)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[7]։ 2014 թվականի ամռանը խափանվեց Բաբիչի տեղափոխությունը «Սամպդորիա»[8], իսկ 2015 թվականի հունվարին նա հայտնվեց «Բարսելոնայի»[9] և «Չելսիի» հետաքրքրությունների շրջանակում[4][10]։ 2014/15 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում։ Ընդհանուր առմամբ «Վոևոդինայի» կազմում հանդես է եկել 2014-2015 թվականներին՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 38 հանդիպում և դառնալով մեկ գոլի հեղինակ։

«Ռեալ Սոսյեդադ»

2015 թվականի հուլիսի 8-ին տեղափոխվել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[11]։ Բաբիչը սկսել է հանդես գալ Սեգունդա B-ում՝ Իսպանիայի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում գտնվող «Ռեալ Սոսյեդադ B» ֆարմ ակումբում։ «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմում նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 23-ին Սեգունդա B-ի 1-ին տուրի «Լա Ռոդա» ակումբի դեմ խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[12]։ Ակումբի կազմում առաջին գնդակը խփել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին Սեգունդա B-ի 11-րդ տուրի «Սոկուելյամոսի» դեմ խաղում (2:1)՝ աչքի ընկնելով հանդիպման 51-րդ րոպեին[13]։ Ընդհանուր առմամբ, 2015/16 մրցաշրջանում անցկացրել է 31 հանդիպում և խփել երեք գնդակ։

2016 թվականի օգոստոսի 31-ին Սեգունդայում հանդես եկող «Ռեուս Դեպորտիու» ակումբին վարձակալության է տրվել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը[14]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Իսպանիայի գավաթի որակավորման երկրորդ փուլի «Մալյորկայի» դեմ խաղում (0:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[15]։ Սեգունդայում առաջին անգամ խաղացել է 2016 թվականի նոյեմբերի 6-ին՝ «Լևանտեի» դեմ 13-րդ տուրի խաղում (0:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[16]:«Ռեուս Դեպորտիուի» կազմում առաջին գնդակը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Սեգունդայի 17-րդ տուրի խաղում «Կորդովայի» դարպասը (1:2)՝ աչքի ընկնելով հանդիպման 84-րդ րոպեին[17]։ Ընդհանուր առմամբ 2016/17 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում և խփել 1 գնդակ։

«Ցրվենա Զվեզդա»

2017 թվականի հուլիսի 7-ին վարձավճարով տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա»՝ պայմանագիր կնքելով մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը[18]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 30-ին Սերբիայի առաջնության 2-րդ տուրի «Ռադ» ակումբի դեմ խաղում (2:0)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[19]։ 2018 թվականի փետրվարի 5-ին «Ցրվենա Զվեզդան» հայտարարել է «Ռեալ Սոսյեդադից» Բաբիչի պայմանագիրը 800 հազար եվրոյով գնելու մասին[20]։ 2018 թվականի փետրվարի 9-ին կնքել է չորս տարվա պայմանագիր ակումբի հետ[21]։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում առաջին գնդակը խփել է 2018 թվականի ապրիլի 1-ին Սերբիայի առաջնության 29-րդ տուրի խաղում լուչանինի «Մլադոստի» դարպասը (5:2)՝ աչքի ընկնելով հանդիպման 44-րդ րոպեին[22]։ Ընդհանուր առմամբ 2017/18 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում և խփել 1 գնդակ, ինչպես նաև դարձել Սերբիայի չեմպիոն։ 2018 թվականի հուլիսի 11-ին առաջին անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայում՝ խաղադաշտում անցկացնելով առաջին որակավորման ռաուդի ամբողջ հանդիպումը Յուրմալայի «Սպարտակի» դեմ (0:0)[23]։ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով երկրորդ անգամ անընդմեջ «Ցրվենա Զվեզդայի» հետ դարձել է երկրի չեմպիոն՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 32 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։ 2019/20 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, խփել է երեք գնդակ և կրկին հաղթել Սերբիայի առաջնությունում։

2020 թվականի օգոստոսի 31-ին վարձակալվել է պորտուգալական «Ֆամալիկան» ակումբի կողմից մինչև Պրիմեյրա լիգայում հանդես եկող 2020/21 մրցաշրջանի ավարտը՝ 1 100 000 եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով[24]։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 18-ին Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 1-ին տուրի խաղում (1:5)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[25]։ «Ֆամալիկանի» կազմում առաջին գնդակը խփել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին Պորտուգալիայի առաջնության 7-րդ տուրի «Մարիտիմուի» դեմ խաղում (2:1)՝ աչքի ընկնելով հանդիպման 28-րդ րոպեին Իվան Խայմեի փոխանցումից[26]։ Ընդհանուր առմամբ, ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում և խփել 1 գնդակ, վարձակալության պայմանագրի ավարտից հետո վերադարձել է «Ցրվենա Զվեզդա»։ 2021/22 մրցաշրջանը մեկնարկել է սերբական ակումբի կազմում՝ անցկացնելով երեք հանդիպում։ Ընդհանուր առմամբ «Ցրվենա Զվեզդայի» կազմում հանդես է եկել 2017-2022 թվականներին, ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 82 հանդիպում և խփել 7 գնդակ։

«Ալմերիա»

2021 թվականի օգոստոսի 30-ին վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ալմերիա» ակումբ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որը հանդես է գալիս Սեգունդայում՝ տրանսֆերը գնելու իրավունքով[27]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին Սեգունդայի 5-րդ տուրի «Պոնֆերադինա» ակումբի դեմ խաղում (0:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[28]։ «Ալմերիայի» կազմում առաջին գնդակը խփել է 2022 թվականի մայիսի 7-ին Սեգունդայի 29-րդ տուրի «Ամորեբիետա» ակումբի դեմ խաղում (3:0)՝ աչքի ընկնելով 75-րդ րոպեին[29]։ Ընդհանուր առմամբ 2021/22 մրցաշրջանում ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում և խփել 1 գնդակ, «Ալմերիայի» հետ դարձել է Սեգունդայի հաղթող և օգնել ակումբին դուրս գալ Լա Լիգա։ Բաբիչը դարձել է թիմի երկրորդ ֆուտբոլիստը, ով ամենաշատ րոպեներն է անցկացրել առաջնությունում[30]։ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով Բաբիչն ընդգրկվել է Սեգունդայի խորհրդանշական հավաքականում[4][31]։ 2022 թվականի հունիսի 5-ին «Ալմերիան» հայտարարեց Բաբիչին «Ցրվենա Զվեզդայից» 1 100 000 եվրոյով գնելու մասին և նրա հետ պայմանագիր կնքեց մինչև 2026 թվականի հունիսը[30][32]։ Իսպանիայի առաջնությունում առաջին անգամ խաղացել է 2022 թվականի օգոստոսի 14-ին «Ռեալի» դեմ առաջին տուրի խաղում (1:2)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[33]։ Լա լիգայում առաջին գնդակը խփել է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին «Ռայո Վալեկանոյի» դեմ 8-րդ տուրի խաղում՝ աչքի ընկնելով 17-րդ րոպեին[34]։ 2022/23 մրցաշրջանում «Ալմերիայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ ակումբում հանդես է եկել 2021-2023 թվականներին՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 75 հանդիպում և դառնալով 4 գոլի հեղինակ։

«Սպարտակ» (Մոսկվա)

2023 թվականի օգոստոսի 21-ին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[35]։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2023 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում (4:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը, իսկ հանդիպման 15-րդ րոպեին Բաբիչը Խեսուս Մեդինայի փոխանցումից խփել է իր առաջին գնդակը «Սպարտակի» կազմում[36]։ Ռուսաստանի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրել է 2023 թվականի սեպտեմբերի 2-ին՝ «Կրասնոդարի» դեմ 7-րդ տուրի խաղում (0:2)՝ Գեորգի Ջիկիայի փոխարեն դուրս գալով 73-րդ րոպեին[37]։ Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» կազմում առաջին գնդակը խփել է 2023 թվականի սեպտեմբերի 16-ին՝ «Սոչիի» դեմ 8-րդ տուրի խաղում (1:0)՝ աչքի ընկնելով երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում Քուինսի Փրոմեսի փոխանցումից և դրանով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ Բաբիչը դարձել է առաջին սերբը, որը 2006 թվականից ի վեր Ռուսաստանի առաջնությունում գոլ է խփել «Սպարտակի» կազմում[39]։ Ընդհանուր առմամբ 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Կարիերան հավաքականում

Բաբիչին հրավիրում էին հանդես գալ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականներում, սակայն նա հրաժարվում էր, քանի որ նրա երազանքն էր «հայտնվել սիրելի երկրի մարզաշապիկով»[4]։ Հրավիրվել է Սերբիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներ։ 2012-2013 թվականներին հրավիրվել է Սերբիայի մինչև 17 տարեկանների հավաքական, 2013 թվականին ևս մեկ հանդիպում է անցկացրել մինչև 18 տարեկանների թիմում։ 2013-2015 թվականներին Բաբիչը ներկայացրել Է Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականը, որի հետ մասնակցել է 2014 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը, որտեղ թիմի հետ հասել է կիսաեզրափակիչ[40]։ 2014-2015 թվականներին հանդես է եկել Սերբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում, որի հետ հաղթել է 2015 թվականի ֆուտբոլի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում[41]։ 2015-2019 թվականներին ներկայացրել Է Սերբիայի երիտասարդական հավաքականը, որի հետ մասնակցել է 2019 թվականի Եվրոպայի երիտասարդական թիմերի առաջնությանը։

2022 թվականի սեպտեմբերին Դրագան Ստոյկովիչն առաջին անգամ հրավիրվել է Սերբիայի ազգային հավաքական։ Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2022 թվականի սեպտեմբերի 24-ին Շվեդիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում (4:1)՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ հանդիպումը[42]։ 2022 թվականի նոյեմբերի 11-ին ընդգրկվել է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Սերբիայի հավաքականի կազմում[43]։ Մրցաշարում անցկացրել է մեկ հանդիպում՝ խաղալով 2022 թվականի նոյեմբերի 28-ին խմբային փուլի 2-րդ տուրի՝ Կամերունի հավաքականի դեմ խաղում (3:3)՝ Միլոշ Վելկովիչի փոխարեն փոխարինման դուրս գալով 78-րդ րոպեին[44]։ Սերբիայի հավաքականի կազմում իր առաջին գնդակը խփել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին Բուլղարիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի որակավորման խաղում (2:2) և օգնել է իր հավաքականին դուրս գալ մրցաշարի եզրափակիչ փուլ[45]։ 2024 թվականի մայիսի 28-ին Ստոյկովիչի կողմից ընդգրկվել է Սերբիայի հավաքականի վերջնական հայտացուցակում՝ 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար[46]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Վոևոդինա»

  • Սերբիայի գավաթակիր՝ 2013/14

«Ցրվենա Զվեզդա»

  • Սերբիայի չեմպիոն (3)՝ 2017/18, 2018/19, 2019/20
  • Սերբիայի Գավաթի եզրափակչի մասնակից՝ 2018/19

«Ալմերիա»

Սերբիա (մինչև 20 տարեկան)

  • Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2015

Անձնական

  • Ընդգրկվել է Սեգունդայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական՝ 2021/22[4][31]

Պարգևներ

  • «Ժողովրդին մատուցած ծառայությունների համար» մեդալ (2015) — սպորտի բնագավառում ձեռքբերումների և աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսի նվաճման համար[4][47][48].

Վիճակագրություն

Ակումբային

Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԿոնտինենտալԱյլԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԽաղերԳոլեր
Վոևոդինա2013–14Սուպերլիգա803100111
2014–152402010270
Ընդհանուր3205110381
Ռեալ Սոսյեդադ B2015–16Սեգունդա B313313
Ռեուս Դեպորտիու2016–17Սեգունդա11110121
Ցրվենա Զվեզդա2017–18Սուպերլիգա2512030301
2018–192135060323
2019–201132040173
2021–2230000030
Ընդհանուր60790130827
Ֆամալիկան2020–21Պրիմեյրա լիգա27120291
Ալմերիա2021–22Լա Լիգա37130401
2022–2334300343
2023–24100010
Ընդհանուր72430754
Սպարտակ (Մոսկվա)2023–24Պրեմիեր Լիգա17162233
Ընդհանուր կարիերայի ընթացքում250172631400029020

Հավաքական

Ընդհանուր՝ 8 հանդիպում, 1 գոլ` 6 հաղթանակ, 2 ոչ-ոքի:

Ծանոթագրություններ