Սպունգներ

Սպունգներ
Սպունգներ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՍպունգներ
Լատիներեն անվանում
Porifera
Դասերը[1]
  • Կրային սպունգներ (Calcarea)
  • Սովորական սպունգներ (Demospongiae)
  • Homoscleromorpha
  • Վեցճառագայթանի սպունգներ (Hexactinellida)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 46861
NCBI 6040
EOL 3142

Սպունգներ (լատին․՝ Porifera կամ Spongia), բազմաբջիջ անողնաշարավոր կենդանիների պարզագույն տիպ է։ Ներկայումս հայտնի է սպունգների շուրջ 5000 տեսակ՝ տարածված գլխավորապես ծովերում և օվկիանոսներում։ Ունի 4 դաս՝ կրային սպունգներ, կորալյան սպունգներ, ապակյա սպունգներ և սովորական սպունգներ։ Մարմնի բարձրությունը մի քանի մմ-ից մինչև 1.5 մ է։ Ջրային, նստակյաց կենսակերպի կենդանիներ են։

Տիպիկ սպունգները ունեն գլանի կամ գավաթի ձև։ Մակերևույթին կան բազմաթիվ ծակոտիկներ, որոնք հաղորդակցվում են մարմնի պատերում գտնվող խողովակների հետ։ Իսկական հյուսվածքներ և օրգաններ չունեն։ Երկշերտ են։ Բջիջների արտաքին շերտը կազմված է տափակ էպիթելից, ներքինը՝ հատուկ մտրակաօձիքավոր (խոանոցիտներ) բջիջներից։ Ներքին շերտում կան նաև բջիջներ, որոնք կարողանում են կեղծ ոտիկների միջոցով որսալ օրգանական մնացորդներն ու մարսել։ Շերտերի միջև գտնվում է դոնդողանման, ոչ բջջային մեզոգլեան։

Համարյա բոլոր սպունգները ունեն սիլիկահողային, կրային ասեղներից կամ սպիտակուցային թելիկներից կազմված կմախքային գոյացություններ։ Խոանոցիտների մտրակների համաձայնեցված շարժումների շնորհիվ ջուրը մտնում է սպունգների ծակոտկիները և անցնելով խողովակների համակարգով դուրս է գալիս։ Ջրի հետ թափանցում են սննդի մասնիկները (դետրիտ, նախակենդանիներ, բակտերիաներ և այլն) և դուրս գալիս նյութափոխանակության արգասիքները։

Սպունգները նյարդային բջիջներ չունեն և արտաքին գրգիռներին թույլ են արձագանքում։ Սպունգների մեծամասնությունը ապրում է գաղութներով։ Բողբոջման հետևանքով առաջացած օրգանիզմները սովորաբար չեն անջատվում և աստիճանաբար գոյանում են մեծ քանակությամբ անհատներից կազմված, տարբեր ձևի խոշոր գաղութներ։

Սովորաբար հերմաֆրոդիտ են։ Բազմանում են սեռական և անսեռ եղանակներով։ Գործնական նշանակությունը չնչին է։ Որոշ տեսակներ օգտագործվում են տեխնիկական, բժշկական և կոսմետիկական նպատակներով։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգներ» հոդվածին։