Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Ուրմիա)
- Հոդված
- քննարկում
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Եկեղեցու արտաքին տեսքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Իրան |
Տեղագրություն | Արևելյան Ադրբեջան |
Թեմ | Ատրպատականի հայոց թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն) |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետական տիպ | բազիլիկա |
Կառուցման ավարտ | 18-րդ դար |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ատրպատականի հայոց թեմին։ Քաղաքի հիմնական եկեղեցին է։
Հայերն Ուրմիայում և նրա շրջակայքում բնակվել են դեռ վաղ միջնադարից՝ ասորիների հետ միասին։ Շրջակա գավառների հայությունը 20-րդ դարի սկզբին կազմել է մինչև 6000 բնակիչ, այդ թվում գավառի կենտրոն Ուրմիա քաղաքում՝ 350 հոգի (1905)։ Հայկական և հայաբնակ գյուղերի թիվը հասնում էր երեք տասնյակի, որոնցից մինչև այժմ իր ինքնությունը մասամբ պահել է Գարդաբադը։ Թեև հայկական գյուղերից որոշներն ունեցել են փոքր եկեղեցիներ կամ մատուռներ, հիմնական եկեղեցին եղել է սուրբ Ստեփանոսը՝ կառուցված 18-րդ դարում[1]։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական բանակը մտնում է Ուրմիա, կոտորածի ենթարկում հայ և ասորի բնակչությանը։ Հայերի մոտ կեսը տեղափոխվում է Հայաստան։ 1948 թվականին Ուրմիայի 29 գյուղերում ապրել է շուրջ 3 հազար հայ (մեծ մասը 1946 թվականին ներգաղթել է հայրենիք)։ 21-րդ դարի սկզբին Ուրմիայում շարունակում են ապրել սակավաթիվ հայկական ընտանիքներ։ Տեղացի Էդիկ Մեջլումյանի միջոցներով 2002 թվականին վերաբացվում է հարյուրամյա հայկական եկեղեցին, նոր շունչ առան տեղի հայկական դպրոցն ու մանկապարտեզը[2]։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի կարգադրությամբ բարերարը պարգևատրվել է կաթողիկոսության Ասպետի շքանշանով[3]։ Դրանից հետո եկեղեցի են այցելում ոչ միայն հայ ուխտավորներ, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ[4][5]։
Սուրբ Ստեփանոսը բազիլիկ կառույց է, երեսպատված ծիրանագույն քարով։ Ունի մեկ զանգակատուն, որը հիմնական շենքի ձախ կողմում է։ Եկեղեցու կենտրոնական հատվածում բարձրանում է ութանիստ թմբուկով գմբեթը։ Ներսից եկեղեցին ամբողջությամբ գիպսապատ է, ունի եռակամար խորան։ Կենտրոնական հատվածում է Մարիամ Աստվածածնի պատկերը՝ մանուկ Հիսուսը ձեռքին[6]։
Եկեղեցուն կից կառուցված է մարզադահլիճ, մշակութային հանդիսությունների սրահ[7], որտեղ պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ[8], ինչպես նաև՝ հարգանքի հիշատակի տուրքեր[9]։
|