Սուլթան Քյոսեն

թուրք ֆերմեր, որը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ըստ Գինեսի ռեկորդների գրքի

Սուլթան Քյոսեն (թուրքերեն՝ Sultan Kösen, դեկտեմբերի 10, 1982(1982-12-10)[1], Մարդին, Թուրքիա[2]), թուրք ֆերմեր, որը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը ըստ Գինեսի ռեկորդների գրքի։ Նրա հասակը կազմում է 251 սմ (8 ֆուտ 3 դյույմ)[3]։ Ոտնաթաթի երկարությունը կազմում է 36 սմ։

Սուլթան Քյոսեն
թուրքերեն՝ Sultan Kösen
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 10, 1982(1982-12-10)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՄարդին, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունագարակապան
 Sultan Kösen Վիքիպահեստում

Կենսագրություն

Սուլթան Քյոսենի անսովոր բարձրահասակությունը կապված է հիպոֆիզի ուռուցքի հետ։ Ներկա պահին նա կարողանում է տեղաշարժվել միայն անթացուպերի օգնությամբ[4]։ Սուլթանը ապրում է ծնողների հետ, որոնք նորմալ հասակի անձինք են։ Իր չափազանց բարձրահասակ լինելու պատճառով Քյոսենը չի կարողացել ավարտել միջնակարգ դպրոցը և սկսել է զբաղվել ֆերմերային տնտեսությամբ[5]։ Սիրելի զբաղմունքներից մեկը ընկերների հետ տեսախաղերով զբաղվելն է[6]։ Քյոսենը բարձր ծառերի մշակումը, էլեկտրական լամպերի փոխարինումը դիտարկում է որպես առավելություն, իսկ թերություններից նշում է հագուստ ձեռքբերելու դժվարությունները (նա հագնում է 113 սանտիմետրանոց տաբատ[7]): Սուլթան Քյոսենը հագնում է 62 համարի կոշիկներ։

2010 թվականից Սուլթանը ճառագայթային բուժում է ստանում Վիրջինիայի համալսարանում, որտեղ վերահսկվում է նաև նրա հորմոնների մակարդակը։ Չնայած այն հանգամանքին, որ թերապիայի կուրսը տևում է ավելի քան երկու տարի, արդեն 2011 թվականին բժիշկներին հաջողվեց նորմայի սահմաններին հասցնել հիպոֆիզի հորմոնալ ակտիվությունը[4]։ 2012 թվականի մարտին հայտարարվեց, որ Սուլթանի անընդհատ մեծացող հասակը դադարեցվել է և բուժումը համարվել է արդյունավետ[8]։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին նա ամուսնացավ Մերվե Դիբոյի հետ, ում հասակը հազիվ է հասնում ամուսնու արմունկներին։

Ռեկորդներ

2009 թվականի օգոստոսի 25-ին Քյոսենի հասակն արձանագրվել է 247 սմ, ինչը գերազանցում էր Բաո Սիշունի հասակին, որը կազմում էր 236 սմ[9]։ Քյոսենին է պատկանում նաև ձեռքի ամենամեծ ափը ունեցողի տիտղոսը, որը կազմում է 27.5 սմ[9]։

2011 թվականի փետրվարի 9-ին Սուլթանը կրկին անցավ հասակի չափման ընթացակարգին, որն արվում էր Գինեսի գրքի շրջանակներում. այդ պահին Սուլթանի հասակը կազմում էր 251 սմ[9]։

Սուլթան Քյոսենի ձեռքերի բացվածքը կազմում է 3 մետր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթան Քյոսեն» հոդվածին։