Սկանդինավյան մոդել

Սկանդինավյան մոդել (տարածված են նաև Շվեդական մոդել, Հյուսիսեվրոպական մոդել, Հյուսիսեվրոպական սոցիալ-դեմոկրատիա տարբերակները[1][2]), Հյուսիսային Եվրոպայի երկրների՝ Դանիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի սոցիալ-տնտեսական մոդել։

Սկանդինավյան երկրների դրոշները

Չնայած, որ հյուսիսեվրոպական երկրների մեջ կան էական տարբերություններ, նրանք բոլորը ունեն ընդհանուր որոշակի գծեր։ Դրանց թվում են սոցիալական պետություն կատեգորիան, որը կոնկրետ ուղղված է ինդիվիդուալ ինքնավարության բարձրացմանը, սոցիալական մոբիլությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև տնտեսության կայունությունը։ Սկանդինավյան մոդելը, սոցիալական պետության մյուս մոդելներից, տարբերվում է աշխատուժի բարձր մասնակցությամբ (համընդհանուր զբաղվածություն), գենդերային հավասարությամբ, էգալիտար և համընդհանուր սոցիալական պաշտպանությամբ, ռեսուրսների բաշխվածության բարձր մակարդակով[3]։

Սկանդինավյան մոդելին բնորոշ է համընդհանուր բարեկեցությունը, ինչպես նաև անհատականության լայն դրսևորումը։ Մոդելի հեղինակը համարվում է Էրստա Շկոնդալ համալսարանի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Լարս Տրագարդը։ Տրագարդը մոդելը անվանել է նաև «պետական ինդիվիդուալիզմ»[4]։ Շատ հաճախ այս մոդելը անվանում են սոցիալիստական, իսկ որոշ տեսաբաններ էլ մոդելը անվանում են «կապիտալիստական սոցիալիզմ»։ Սկանդինավյան մոդելը, որպես այդպիսին, կարելի է բնութագրել որպես «ոսկե միջին»։ Մոդելը ոչ կապիտալիստական է և ոչ էլ սոցիալիստական՝ փորձելով համադրել երկու ուղղությունների հաջողված ասպեկտները[5]։ 2013 թվականին The Economist-ը հայտարարել է, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները ունեն կառավարման ամենաարդյունավետ համակարգը[4]։

Հյուսիսային երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ տնտեսական և սոցիալական մոդելները, որոնք կարող են միմյանցից էականորեն տարբերվել։ Հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներ վերջին 20 տարիներում էլ ավելի են զարգացրել իրենց տնտեսություններին բնորոշ լիբերալ-շուկայական մեխանիզմները։ Շվեդիայում, վերջին տասնամյակի ընթացքում, նեոլիբերալ քաղաքականությունը և պետական հատվածի դերի կրճատումը հանգեցրել են ՏՀԶԿ անդամ երկրների շարքում բնակչության անհավասար աճի ամենաբարձր ցուցանիշներին[6]։ Սակայն, Շվեդիան սոցիալական հավասարության տեսանկյունից զբաղեցնում է առաջին հորիզոնականներից մեկը[7]։

Ընդհանուր բնութագիր

«The Nordic Model — Embracing globalization and sharing risks» հրապարակման մեջ համակարգը բնորոշվում է հետևյալ առանձնահատկություններով[8]։

  • Սոցիալական պաշտպանության զարգացած համակարգ, ինչպես նաև անվճար կրթության և առողջապահական ծառայությունների հասանելիության բարձր մակարդակ[8]։
  • Թոշակային պետական համակարգեր[8]։
  • Կոռուպցիայի ցածր մակարդակ[8]։ 2012 թվականին Transparency International-ի կոռուպցիայի դեմ պայքարի ինդեքսում, Հյուսիսային Եվրոպայի բոլոր հինգ երկրները աշխարհի 176 երկրների շարքում եղել են առաջին 11 հորիզոնականներում[9]։
  • Աշխատավորների մեծ տոկոս, ովքեր անդամակցում են արհմիություններին։ 2010 թվականին արհմիությունների անդամ են եղել Ֆինլանդիայի աշխատավորների 69,9 %-ը, Շվեդիայի աշխատավորների 68,3 %-ը և Նորվեգիայի աշխատավորների 54,8 %-ը։ Համեմատության համար ԱՄՆ-ում արհմիությունների անդամ են աշխատավորների 11,3 %-ը, Մեքսիկայում՝ 12,9 %-ը[10]։
  • Գործատուների, արհմիությունների և կառավարության միջև փոխգործակցություն, ընդորում սոցիալական այս գործընկերները պայմանավորվում են համագործակցության շրջանականների շուրջ, որոնք շատ հաճախ կարող են օրենսդրական ամրագրում չունենալ։
  • Գործազրկության բարձր նպաստներ և հնարավորություն ժամկետից շուտ թոշակի գնալու։ 2001 թվականին Դանիայում գործազրկության նպաստը կազմել է միջին աշխատավարձի 90 %-ը, Շվեդիայում՝ 80 %-ը։ Համեմատության համար Նիդերլանդներում այն կազմում է 75 %, իսկ Գերմանիայում՝ 60 %:
  • Ի տարբերություն ՏՀԶԿ անդամ այլ երկրների, Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում առողջապահության և կրթական ոլորտներում կատարվող ներդրումները զգալիորեն շատ են[11]։
  • Սեփականության իրավունքի պաշտպանություն և բիզնեսի վարման դյուրին համակարգ[12]։
  • Ազատ առևտրին խոչընդոտող հանգամանքների ցածր մակարդակ[12]։ Այն համադիր է ռիսկերի կոլեկտիվ բաշխման հետ (սոցիալական ծրագրեր, աշխատանքի շուկայի ինստիտուտներ), որը պաշտպանում է շուկան ռիսկերից, որոնք կապված են տնտեսական բաց հարաբերությունների հետ[8]։
  • 2011 թվականի տվյալներով ընդհանուր հարկային բեռը (ՀՆԱ-ից տոկոսներով) Շվեդիայում (51,1 %), Դանիայում (46 % )[13], և Ֆինլանդիայում (43,3 %) հանդիսանում է աշխարհում ամենաբարձրերից մեկը։ Ի տարբերություն այս երկրների, Գերմանիայում այն կազմում է 34,7 %, Կանադայում՝ 33,5 %, իսկ Իռլանդիայում՝ 30,5 %:

Մոդելի զարգացման միտում

1990-2005 թվականներին նկատվել է համասկանդինավյան միտում՝ սոցիալական նպաստներ ստացող անձանց թվի կրճատման հարցում[14]։ 1990-2005 թվականներին Դանիայում սոցիալական նպաստներ ստացող անձանց թիվը 235,2 հազարից կրճատվել է 179,3 հազարի, Նորվեգիայում 178,3 հազարից հասել է 150,6 հազարի, իսկ Շվեդիայում՝ 339,4 հազարից 271,6 հազարի[14]։ 18 տարեկանից բարձր բնակչության շրջանում սոցիալական նպաստներ ստացող քաղաքացիների թիվը նույնպես կրճատվել է։ Այսպես, Դանիայում 5,8 %-ից կրճատվել է 4,3 %, Իսլանդիայում՝ 2,6 %-ից 2,4 %, Նորվեգիայում՝ 5,3 %-ից՝ 4,2 %, իսկ Շվեդիայում՝ 5 %-ից 3,8 %[14]։ Բացառություն է կազմում միայն Ֆինլանդիան, որտեղ սոցիալական նպաստներ ստացողների թիվը 1990-2005 թվականներին 255,6 հազարից հասել է 279, 6 հազարի, իսկ տոկոսային հաշվարկով 5,9 %-ից հասել է 6,7 %-ի[14]։

Ծանոթագրություններ