Սկանդինավյան դիցաբանություն

Սկանդինավյան դիցաբանությունն իրենից ներկայացնում է գերմանական և սկանդինավյան ցեղերի հեթանոսական հավատալիքները մինչև քրիստոնեության ընդունումը։ Այն հավանաբար սկիզբ է առել Ք.ա. 5-րդ դարում։ Առանձնահատուկ վերելք է ապրել Վիկինգների ժամանակաշրջանում։

Վալհալա` մեռած զինվորների համար նախատեսված դահլիճ

Սկանդինավյան դիցաբանության վերաբերյալ տեղեկությունների հիմնական աղբյուր են հանդիսանում 13-րդ դարով թվագրվող «Ավագ Էդդայի» չափածո և «Կրտսեր Էդդայի» արձակ տեքստերը։

Աշխարհի ստեղծման պատմությունը

Ամենասկզբում եղել է սև անդունդ Գինունգագապը, որի երկու կողմերում ընկած էին երկու թագավորություն. սառույցի՝ Նիֆլհեյմ և կրակի՝ Մուսպելլհեյմ։ Նիֆլհեյմում կար աղբյուր՝ Հվերգելմիր, որից սկիզբ էին առնում տասներկու խոշոր վտակներ։ Ցուրտը ջուրը դարձնում էր սառույց, սակայն աղբյուրն անդադար հարվածում էր՝ շարժելով սառցաբեկորները դեպի Մուսպելլհեյմ։ Երբ սառույցը մոտեցավ կրակի թագավորությանը, սկսեց հալվել։ Կայծերը որ դուրս էին թռչում հարևան թագավորությունից, խառնվեցին ջրի հետ։ Առաջացան Իմիր հսկան և Աուդումլա երինջը։ Իմիրի քրտինքից առաջացան տղամարդն ու կինը, իսկ ոտքերից` որդին։ Դրանք առաջին եղյամե հսկաները`հրիմտուրսեններն էին։ Աուդումլա կովը լիզում էր եղյամապատ աղահամ քարերը, որպեսզի իր կաթով կերակրի Իմիրին։ Նրա լեզվի ջերմությունից և քարերի սառնությունից ծնվեց Բուրին։ Նրա որդին՝ Բյորը, կնության վերցրեց Իմիրի թոռնուհուն՝ հսկա Բեստլային, ով երեք որդի ծնեց՝ ասեր Օդինին, Վիլիին և Վեին։ Ասերը սպանեցին իրենց նախապապին՝ Իմիրին, իսկ նրա մարմնից ստեղծեցին Միդգարդը. մսից՝ հողը, ոսկորներից՝ լեռները, մազերից՝ բույսերը, ուղեղից` ամպերը, գանգից՝ երկնակամարը, որի չորս ծայրերից յուրաքանչյուրը ոլորեցին եղջյուրի տեսքով ու քամի դրեցին միջին։ Իմիրի վերքերից այնքան արյուն հոսեց, որ խեղդվեցին բոլոր եղյամե հսկաները և նույնիսկ Աուդումլան։ Փրկվեցին միայն Բելգերմիրը և նրա կինը, ովքեր սկիզբ դրեցին հրիմտուրսենների նոր սերնդին։

Ստեղծելով աշխարհը՝ Օդինը և նրա եղբայները որոշեցին բնակեցնել այն։ Ծովափին նրանք հայտնաբերեցին երկու ծառ՝ հացենի և լաստենի (այլ աղբյուրներով՝ ուռենի) ։ Հացենուց ստեղծեցին տղամարդուն, իսկ լաստենուց՝ կնոջը։ Այնուհետև Օդինը նրանց կյանք տվեց, Վիլին` միտք, Վեն` արյուն։ Այդպես ստեղծվեցին առաջին մարդիկ. տղամարդու անունն էր Ասկ, կնոջ անունը՝ Էմբլա (տե'ս՝ Ասկ և Էմբլա)։

Ծովից այն կողմ՝ Միդգարդից արևմուտք, ասերը ստեղծեցին Յոտունհեյմ երկիրը և տվեցին այն կառավարելու Բելգերմիրին և նրա սերունդներին։

Ասերը գնալով շատանում էին։ Նրանք իրենց համար երկիր ստեղծեցին, որն անվանեցին Ասգարդ։

Աշխարհի կառուցվածքը

«Ավագ Էդդայի» առաջին մասում՝ Վելվայի Մարգարեությունում, հիշատակվում են 9 աշխարհներ.

Աշխարհներ, երկրներ

  • Ասգարդ - ասերի` աստվածների երկիրը, գտնվում է երկնքում։
  • Վանահեյմ - վաների երկիրը։
  • Յոթունհեյմ - յոթուն-հսկաների երկիրը, գտնվում է Միդգարդից արևելք
  • Ուտգարդ - տրանսցենդենտալ աշխարհ, ենթադրվում է, որ տեղակայված է Յոթունհեյմում
  • Լեսալվհեյմ - լուսավոր ալվերի երկիրը
  • Միդգարդ - միջին երկիր, բնակեցված է մարդկանցով (Երկիր)
  • Մուսպելլհեյմ - կրակի երկիր, որի մուտքի մոտ նստած է Սուրտ (սև) հսկան, Ռագնարյոկի ժամանակ «Մուսպելլի որդիները» կքայլեն Բիվրյոստ կամրջի վրայով, և այն կքանդվի։
  • Նիֆլհեյմ - հավերժական սառույցի և խավարի երկիր, գոյություն ուներ դեռևս աշխարհի արարումից առաջ
  • Սվարտալվհեյմ - ցվերգների անդրերկրյա երկիրը
  • Հելհեյմ - անդրաշխարհ, մեռածների թագավորություն, Հելի տիրույթն է։

Աշխարհագրական մարմինները

  • Բիվրյոստ - կամուրջ-ծիածան, Միդգարդը միացնում է Ասգարդին
  • Վալհալա - պալատ Ասգարդում` խրախճանքների հսկայական դահլիճով, պատկանում է Օդինին։ Ըստ լեգենդի՝ այնտեղ են գնում մարտում զոհված զինվորները։
  • Վիգրիդ - հարթություն, որտեղ Ռագնարյոկի ժամանակ կհանդիպեն ասերը, ալվերը, էյնհերիները, յոթունները, Սուրտը, Հելը՝ իրենց զորքերով։
  • Հվերգելմիր - աղբյուր, որ սկիզբ է առնում Նիֆլհեյմից և թափվում է Գինունգագապ։
  • Գինունգագապ - անդունդ, որտեղ ծնվել է հսկա Իմիրը։
  • Գիմլե - Վալհալայից էլ ավելի լավ, լավագույն ապարանքը, ուր գնում են մահացածների հոգիները։ Միակ վայրն է, որ Ռագնայոկի ժամանակ փրկվելու է Սուրտի կրակից։ Այստեղ պետք է ապաստանեն նաև Ռագնարյոկից հետո կենդանին մնացածները։
  • Գյոլ - գետ, որն առանձնացնում է ողջերի աշխարհը մեռածների աշխարհից։
  • Իգգդրասիլ - հսկա հացենի, աշխարհի ծառ, որը միացնում է բոլոր աշխարհները
  • Երկաթե անտառ - անտառ Յոթունհեյմում։ Այնտեղ Անգրբոդան ծնել է Լոկիի երեխաներին։

Պանթեոն

Սկանդինավյան դիցաբանության մեջ գերագույն աստված էր համարվում Օդինը։ Բացի Օդինից կային ևս 12 աստվածներ` Թոր, Բալդր, Տյուր, Հեյմդալլ, Բրագի, Հյոդ, Վիդար, Վալի, Ուլլ, Նյորդ, Ֆրեյր, Լոկի։ Հիմնական կանացի կերպարները` Ֆրիգգ (Օդինի կինը, բախտի խորհրդանիշը), Ֆրեյա (սիրո աստվածուհին), Իդուն (անմահական ոսկե խնձորների պահապանը), ոսկեմազ Սիֆ (Թորի կինը, պտղաբերության խորհրդանիշը) և այլն։

  • Ասեր — Գլխավոր աստվածները՝ Օդինի գլխավորությամբ, ապրում են Ասգարդում` ասերի երկրում, որը գտնվում է երկնքում։
  • Վաներ — աստվածներ, որոնք կապված են պտղաբերության հետ, որոշ ժամանակ թշնամացած են եղել ասերի հետ։
  • Թուրսեր (հսկաներ) — չարի մարմնավորում, ասերի (բարու մարմնավորում) հակառակորդները։
  • Ալվեր — բնության հոգիներ, բաժանվում են լուսավորների (էլֆեր), դվորֆերի (թզուկներ) և մութ ցվերգների։
  • Նորներ — Մարդկային ճակատագրի երեք աստվածուհիները։
    • Ուրդ («ճակատագիր»),
    • Վերդանդի («դառնալը»),
    • Սկուլդ («պարտք»)։
  • Վալկիրիաներ — 12 ռազմուհիներ Օդինի շքախմբից, ովքեր հետևում են մարտերին և զոհված զինվորների հոգիներն ուղեկցում Վալհալա։
    • Բրյունհիլդա — անմահությունից զրկված վալկիրիա, Սիգուրդի (Զիգֆրիդ) սիրելին և Գուննար արքայի կինը։
    • Հեյրսկյոգուլ
    • Հյոնդուլ
    • Գունն
    • Լիոդ — հսկա Գրիմնիրի դուստրը, Վոլսունգի կինը
    • Թրուդ (Þrúðr) — Թորի և Սիֆի դուստրը
    • Սկյոգուլ
    • Հիլդ
    • Սիգրդրիվա
    • Սվավա

Արտաքին հղումներ