Սերմնասպան

Սերմնասպան (լատին․՝ Spermicide), բեղմնականխիչ նյութ, որը ոչնչացնում է սպերման։ Այն տեղադրվում է հեշտոցում նախքան սեռական ակտը` հղիությունը կանխելու նպատակով։ Սերմնասպանը որպես հակաբեղմնավորիչ կարող է կիրառվել այլ բեղմնականխման միջոցներից առանձին։ Այնուամենայնիվ, բացառապես սերմնասպաններ օգտագործող զույգերի մոտ գրանցվել է հղիության դեպքերի ավելի բարձր ցուցանիշ, քան այլ միջոցներ օգտագործողների մոտ։ Սովորաբար սերմնասպանները կիրառվում են բեղմնականխիչ պատնեշային միջոցների հետ համակցված, ինչպիսիք են դիաֆրագման (խտրոց), պահպանակները, արգանդի պարանոցակալը և բեղմնականխիչ սպունգը։ Համարվում է, որ մեթոդների համակցումը բերում է ձախողման ավելի ցածր ցուցանիշի, քան որևէ մեթոդի առանձին կիրառումը[2]։

Սերմնասպան
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՍերմնասպան
Մարդկությանը հայտնի էՀնագույն ժամանակներից
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում28%%[1]
Տիպական կիրառման դեպքում18%[1]
Կիրառում
ՀուշումԱվելի արյունավետ է, երբ համակցվում է պատնեշային մեթոդների հետ
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՈչ
ՔաշՈչ

Սերմնասպանները անհոտ, անհամ, թափանցիկ, հետքեր չթողնող, քսուքանման միջոցներ են։ Դրանց հիմնական ակտիվ բաղադրիչը նոնոքսինոլ-9-ն է։ Նոնոքսինոլ-9 պարունակող սերմնասպանները հասանելի են տարբեր ձևերով` գել, ժապավեն, փրփուր։ Միայն սերմնասպաններից օգտվելու և դրանք ճիշտ և հետևողական կիրառելու դեպքում ձախողման ցուցանիշը տարվա ընթացքում կազմում է 18%, իսկ տիպական կիրառման դեպքում՝ 28%:

Նոնոքսինոլ-9-ը սերմնասպանների հիմնական քիմիական բաղադրիչն է, որն արգելակում է սպերմատոզոիդների շարժունակությունը։ Որպես երկրորդային ակտիվ բաղադրիչ սերմնասպանները կարող են պարունակել օկտոքսինոլ-9, բենզալկոնիումի քլորիդ և մենֆեգոլ[3]։ Սպերմատոզոիդների շարժունակության արգելակումը կանխում է սպերմատոզոիդների հասնելը ձվաբջջին, որը ֆալոպյան փողերով (արգանդափողեր)անցնում է դեպի արգանդ։ Այսպիսով, սերմնասպան միջոցի խորը և ճիշտ տեղադրման դեպքում հնարավոր է արդյունավետորեն պատնեշել արգանդի վզիկի բացվածքն այնպես, որ սպերմատոզոիդները չկարողանան անցնել վզիկի միջով և հասնել արգանդին կամ ֆալոպյան փողերին։ Սերմնասպանի կիրառման միակ նպատակը բեղմնավորման կանխումն է։Բենզալկոնիումի քլորիդ և խոլաթթվի նատրիումական աղ սերմնասպաններն օգտագործվում են բեղմնականխիչ սպունգերում[4]։

Օգտագործումը պահպանակի հետ

Համարվում է, որ սերմնասպանները բարձրացնում են պահպանակների բեղմնականխիչ ազդեցությունը[2]։

Այնուամենայնիվ, արտադրողի կողմից սերմնասպան քսուքներով պատված պահպանակների պիտանելիության ժամկետն ավելի կարճ է[5] և դրանք կարող են կանանց միզուղիների վարակների պատճառ հանդիսանալ[6]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում է, որ սերմնասպաններով պատված պահպանակների օգտագործումն այլևս չպետք է խրախուսվի։ Միևնույն ժամանակ, ըստ ԱՀԿ-ի՝ նախապատվելի է կիրառել նոնոքսինոլ-9-ով պատված պահպանակ, քան չօգտվել պահպանակից ընդհանրապես[7]։

Սերմնասպանները բեղմնականխիչ մեթոդների շարքում ունեն ձախողման ամենաբարձր ցուցանիշը, ինչի պատճառով դրանք այդչափ ընդունված և տարածված չեն հակաբեղմնավորիչ միջոցներից օգտվողների շրջանում, որչափ բեղմնականխիչ հաբերը, մաշկային կպչուն ժապավենը, օղերը կամ ներարգանդային պարույրները[8]։ Բացառապես սերմնասպաններ կիրառելու դեպքում դրանց բեղմնականխման արդյունավետությունը կազմում է միայն 70-80%[9]։ Պահպանակների և բեղմնականխման պատնեշային այլ միջոցների հետ համակցված կիրառելու դեպքում հղիության կանխման արդյունավետ ցուցանիշը կազմում է 97%։

Սերմնասպանների օգտագործման հետ կապված հիմնական խնդիրը մաշկի, այդ թվում՝ ամոթույքի, հեշտոցի և առնանդամի ժամանակավոր տեղային գրգռումն է։

Խորհուրդ չի տրվում հաճախակի (օրական 2 և ավելի անգամ) օգտվել նոնոքսինոլ-9 պարունակող սերմնասպաններից, եթե առկա է ՍՃՓՎ կամ ՄԻԱՎ-ի ազդեցությանը ենթարկվելու հնարավորություն, քանի որ այդ դեպքում մեծանում է հեշտոցի էպիթելային շերտի քայքայման18 և ՄԻԱՎ-ով վարակման վտանգը։

Ծանոթագրություններ