Սամի Նասերի

Սամի Նասերի (ֆր.՝ Samy Naceri, իրական անունը` Սաիդ Նասերի, հուլիսի 2, 1961(1961-07-02)[1][2], Փարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), բերբերական ծագումով ֆրանսիացի դերասան և ռեփեր։ 2006 թվականին Կաննի կինոփառատոնում տղամարդու լավագույն դերի համար արժանացել է արծաթե մրցանակի։

Սամի Նասերի
ֆր.՝ Samy Naceri
Ծնվել էհուլիսի 2, 1961(1961-07-02)[1][2] (62 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 4-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Սամի Նասերին ծնվել է Փարիզում։ Մայրը ֆրանսուհի էր Նորմանդիայից, իսկ հայրը բերբերական կաբիլների ցեղից էր և Ֆրանսիա էր տեղափոխվել Ալժիրից` մինչ Ալժիրի անկախանալը։ Սամի Նասերին մեծացել է համեստ ապրող ընտանիքում` իր վեց եղբայրների և քույրերի հետ միասին։ Նրա եղբայրներից մեկը` Բիբի Նասերին, նույնպես դերասան է։

16 տարեկանում Սամի Նասերին լքել է դպրոցը և հետագա տարիներին վաստակում էր` պատահական աշխատանքներ կատարելով։ 18 տարեկանում սկսել է թմրանյութ օգտագործել։ 1984 թվականին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման` կողոպուտ կատարելու համար (բանտում անցկացրել է չորս տարի)։

Մի քանի տարի անընդմեջ Սամի Նասերին փորձել է իր տեղը գտնել բեմի վրա, սակայն նրա ճիգերն սպասված արդյունքը չէին տալիս, և նա մասնակցում էր ընդամենը խմբակային տեսարաններին։ Նրա առաջին իրական դերը ռեժիսոր Թոմաս Ժիլուի «Ճաղ» (1995) կինոնկարում խաղացած դերն էր, որի արդյունքում Սամի Նասերին տպավորություն գործեց քննադատների վրա և Փարիզի կինոփառատոնում, ինչպես նաև Լոկարնոյի միջազգային կինոփառատոնում շահեց մրցանակներ։

Սամի Նասերիին մեծ հաջողություն բերեց հանդիպումը ռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի հետ։ Նրանք հանդիպել էին 1994 թվականին՝ «Լեոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանց ճանապարհները կրկին խաչվել են մի քանի տարի անց` IAM խմբի «Nés sous la même étoile» տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։

Իր «Տաքսի» (1998) ֆիլմում Լյուկ Բեսոնը Սամի Նասերիին նկարահանել էր Դանիելի` մարսելցի երիտասարդ տաքսիստի դերում, ով թուլություն ուներ հզոր ավտոմեքենաների և արագության նկատմամբ։ Կինոնկարն արժանացավ սառը ընդունելության, սակայն կոմերցիոն տեսակետից հաջողված էր։ Այդ հանգամանքը ստիպեց պրոդյուսերներին նկարահանել ֆիլմի շարունակությունը` «Տաքսի 2» (2000), «Տաքսի 3» (2003) և «Տաքսի 4» (2007թ.), որոնցում Սամի Նասերիի կերպարը, հակառակ իր կամքին, ծառայում է կառավարությանը։

2006 թվականին Սամի Նասերին «Հայրենասերները» ֆիլմում խաղացած դերի համար Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարման համար։ 2015 թվականին հիմնականում հանդես է եկել թատրոնում։

Խնդիրներ օրենքի հետ

Սամի Նասերին 2000 թվականին

2000 թվականից Սամի Նասերիի անունը հաճախակի հայտնվում է դատական հաշվետվություններում այնպիսի օրինախախտումների համար, ինչպիսիք են կռիվները, վիրավորանք հասցնելը և ալկոհոլ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելը։ 2003 թվականին նա ձերբակալվել է` ճանապարհին ագրեսիվ վարք դրսևորելու համար, երբ ծեծի էր ենթարկել այլ ավտոմեքենայի վարորդի։ Դրա համար դատապարտվել էր ութամսյա պայմանական պատժի, 6000 եվրո տուգանքի և վարորդական իրավունքի զրկման` երեք տարի ժամկետով։ Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել 2005 թվականին, երբ ռեստորանում ծեծի էր ենթարկել Von Dutch ֆիրմայի ոճաբանին։ Դրա համար դատապարտվել էր երկամսյա կալանքի։

2007 թվականին գիշերային ակումբներից մեկի պահապանի վրա հարձակվելու համար, դատապարտվել է 9-ամսյա կալանքի, որից վեց ամսվա համար կիրառվել էր պայմանական պատժաչափ[3]։ Դերասանի համար նշանակվել էր նաև երեքամյա փորձաշրջան` հարկադրաբար բուժման կուրս անցնելու պայմանով։ Այդ նույն դատավարության ընթացքում դատարանը որոշում է կայացրել նաև ոստիկաններին վիրավորանք հասցնելու համար, ովքեր ներկայացել էին Նասերիին` այն բանից հետո, երբ վերջինս ընդունել էր դեղանյութերի վտանգավոր չափաբաժին։ Դատարանը դերասանին տուգանել էր 5000 եվրոյով և դատապարտել մեկամսյա կալանքի։

2008 թվականին Սամի Նասերին, վարորդական իրավունքից զրկված լինելով հանդերձ, անուշադրության պատճառով վրաերթի էր ենթարկել Փարիզի ոստիկանության աշխատակցուհուն։ Վրաերթի ենթարկվածը լուրջ վնասվածքներ չէր ստացել։ Այդ միջադեպի համար Սամի Նասերին դատապարտվեց վեցամսյա խիստ օրակարգի և 7500 եվրո տուգանքի, նաև պարտավորվեց ալկոհոլամոլության դեմ բուժման կուրս անցնել[4]։

2009 թվականին նա կրկին հսկողության տակ առնվեց` այս անգամ դանակահարության համար[5][6]։ 2011 թվականին 16 ամսով հայտնվեց բանտում` փորձաշրջանը խախտելու համար[7]։ Որոշ ժամանակ անց նրան տեղափոխել են բանտային հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունք` ինքնասպանության փորձ կատարելու համար։ Նա փորձել էր կտրել իր կոկորդը։ Բանտի աշխատակիցների հայտարարության համաձայն՝ Նասերին ինքնասպանության փորձ չէր կատարել, այլ հոսպիտալացվել էր երիկամի փոխպատվաստման վիրահատության ենթարկվելու համար[8]։

2013 թվականին Սամի Նասերին ձերբակալվել է թմրավաճառների հետ կռվելու համար[9]։ 2014 թվականին կռվել էր իր ընկերուհիներից մեկի հետ։ Նրանք երկուսով կանգնել են դատարանի առջև[10]։ Նույն թվականին ձերբակալվել է` կնոջը դանակով սպառնալու համար[11], իսկ մի քանի ամիս անց` ընտանեկան բռնության համար[12]։ 2016 թվականի մայիսին ոստիկանությունը նրան Կաննում կանգնեցրել է ուկրաինական վարորդական վկայականի համար[13]։

Անձնական կյանքը

Սամի Նասերին ունի որդի` ծնված 1995 թվականին։ 2005 թվականին Սամի Նասերին ամուսնացել է դերասանուհի Մարի Գիյարի հետ։ Այժմ նրանք ամուսնալուծված են։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1989Ֆրանսիական հեղափոխությունLa révolution française-
1991Նեստոր ԲուրմաNestor BurmaՖարիդի օգնականը
1993Իր տարիքի բոլոր տղաներն ու աղջիկներըTous les garçons et les filles de leur âgeՍամի
1994ԼեոնLéonոստիկան
1994Եղբայրներ. Կարմիր ոլորակFrères: La roulette rougeՍամի
1995ՃաղRaiՆորդին
1996Զույգ գագաթDouble peineՍամի
1996Անիծյալ ՄալիկըMalik le maudit-
1996Մի փոքր անբարոյականությունCoup de viceԶեֆ
1996Ինչու՞ մեկնելPourquoi partir?Թերրի
1997Հիմա կամ երբեքMaintenant ou jamaisԱհմեդ
1997Սերը ՓարիզումLove in Parisթմրավաճառ
1997Ինչ-որ բան, բացի սիրուցAutre chose à foutre qu'aimerՄանու
1997Դու շեշտակի դիպարBouge!Զեն
1997Քրեական ոստիկանությունP.J.Ռաշիդ
1997Կանանց ոտքերի տակSous les pieds des femmesՄոհամեդ
1998Վերջին ռոմանտիկներից մեկըLa dernière des romantiquesՄալիկ
1998ՏաքսիTaxiԴանիել Մորալես
1998Գողախմբի երգերըCantique de la racailleԺոել
1998Մունիրն ու ԱնիտանMounir et Anita-
1999Բարի գիշերBonne NuitՅանիս
1999Ռոքնռոլի մաքուր ակնթարթըUn pur moment de rock'n rollԿամել
1999Բոլորից մեկըUne pour toutesՍեմ Մորվան
2000Տաքսի 2Taxi 2Դանիել Մորալես
2000Այնտեղ իմ երկիրն էLà-bas... mon paysԻսամ
2000Փոքրիկ ԲենըPetit BenԲեն
2001Ազատ անկումL'aîné des FerchauxՄայք Մոդե
2001ՄատնաչափըLe petit poucetզինվոր
2001ՓիլիսոփանPhilosophale-
2002Կրետի բույնըNid de guêpesՆասեր
2002Անխիղճը (Լիգա)FéroceԱլեն
2002ԱպաշխարանքLa repentieՔարիմ
2002Բրիգադան ֆրանսիական ձևովLa mentaleՅանիս
2003Տաքսի 3Taxi 3Դանիել Մորալես
2003Կրկնակի հաջողությունCoup double-
2005Երկրորդ հնարավորությունSeconde chanceԹեո
2005Բաբ էլ ՎեբBab el webԿամել
2006ՀայրենասերներըIndigènesՅասիր
2007Տաքսի 4Taxi 4Դանիել Մորալես
2008Աղջիկներ և հրեշտակներDes poupées et des angesհայր
2009Համախտանիշ ԱյԴիCas IDՊիեռո
2012Անվերադարձ ճամփորդությունVoyage sans retourտեսուչ Ժոա
2013Տիպ ՏոպTip TopՋերալդ
2016Անատոլիական պատմությունAnatolian StoryՍուլեյման Գազի
2016Ռոքը և ճանապարհըРок и дорога-

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամի Նասերի» հոդվածին։