Սադհանա Շիվդասանի

Սադհանա Շիվդասանի (հինդի` साधना शिवदासानी, հայտնի է Սադհանա անունով, սեպտեմբերի 2, 1941(1941-09-02)[1], Կարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 25, 2015(2015-12-25)[2], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում նկարահանվել է մոտ 30 կինոնկարում։ Երկու անգամ ներկայացվել է Filmfare Awards մրցանակի` կանացի լավագույն դերի համար։ 1970-ական թվականների վերջերին դադարել է նկարահանվել ֆիլմերում։

Սադհանա Շիվդասանի
անգլ.՝ Sadhana
Ծնվել էսեպտեմբերի 2, 1941(1941-09-02)[1]
ԾննդավայրԿարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 25, 2015(2015-12-25)[2] (74 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունՋայ Հինդ քոլեջ
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոռեժիսոր
ԸնտրանիLove in Simla?, Parakh?, Asli-Naqli?, Mere Mehboob?, Woh Kaun Thi?? և Geeta Mera Naam?
Ամուսին(ներ)Ռ.Կ.Նայար[3]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Սադհանան ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Կարաչի քաղաքում։ Իր անունն ստացել է հնդիկ դերասանուհի և պարուհի Սադհանա Բոսի պատվին։ Դերասանուհի Բաբիտայի հայրը՝ դերասան Հարի Շիվդասանին Սադհանայի հորեղբայրն էր։ Նրա շնորհիվ էլ Սադհանան առաջին անգամ հայտնվեց կինոյում ` նկարահանվելով 1955 թվականին թողարկված Ռաջ Կապուրի «Պարոն 420» ֆիլմի երաժշտական համարներից մեկում ` որպես երգչախմբի անդամ։ Հնդկաստանի բաժանումից հետո, նրանց ընտանիքը տեղափոխվել և բնակություն է հաստատել Բոմբեյի Սիոն թաղամասում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Ջայ Հինդ քոլեջը, որտեղ ուսումնասիրել է արվեստ։ Ուսանողական թատերական ներկայացումներից մեկի ժամանակ նրան նկատել են կինոարդյունաբերողները և հրավիրել նկարահանվելու սինդհի լեզվով առաջին «Abana» (1958 թ.) ֆիլմում։ Շուտով Սադհանան երեք տարով պայմանագիր է կնքել Filmalaya կինոկազմակերպության հետ և նկարահանվել առաջին «Սերը Սիմլայում» (1960 թ.) կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Ջոյ Մուքհերջին էր։ Ֆիլմն ունեցավ մեծ հաջողություն Հնդկաստանում, իսկ Սադհանայի սանրվածքը, որը նմանեցված էր «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում Օդրի Հեփբերնի սանրվածքին, սկսեց մեծ մասսայականություն վայելել Հնդկաստանում։

1960 թվականին Սադհանան նկարահանվեց Բիմալ Ռոյի «Փորձություն», իսկ 1962 թվականին «Սիրային նամակներ» կինոնկարներում։ 1961 թվականին Դև Անանդի հետ նա հանդես եկավ «Մենք երկուսով ենք» ֆիլմում։ Սադհանայի հաջորդ ֆիլմերից էր «Հավերժական սիրո պատմություն» (1962 թ.) կինոնկարը։ 1964 թվականին Ռաջենդրա Կումարի հետ միասին նա նկարահանվել է «Իմ սիրելին» կինոնկարում։ Հաջորդ տարիների ֆիլմերից էին «Ով է նա» (1964 թ.), «Հարություն» (1966 թ.), «Անիտա» («Այդ հանելուկային Անիտան») (1967 թ.) և այլ կինոնկարներ։ «Ով է նա» ֆիլմի համար Սադհանան ներկայացվել է Filmfare Award-ի՝ կանացի լավագույն դերի համար։ Նրա հաջորդ հաջողված ֆիլմերից էին «Փորձություն ժամանակի միջոցով» և «Սերը Քաշմիրում» կինոնկարները (երկուսն էլ 1965 թվականին)։

Վահանաձև գեղձի հետ կապված առողջական խնդիրների պատճառով Սադհանան որոշ ժամանակով մեկնեց Բոստոն` բուժումներ ստանալու։ Վերադառնալուց հետո շարունակեց նկարահանվել։ 1969 թվականին նա նկարահանվել է «Հատուցում» և «Ծաղիկը և երկու պարտիզպանները» ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերն էր Սանջայ Խանը։ 1960-ական թվականներին Սադհանան նկարահանվել է 19 կինոֆիլմերում, իսկ 1970-ական թվականներին՝ 10 կինոֆիլմում, այդ թվում նաև իր կողմից բեմադրված «Իմ անունը Գիտա է» կինոնկարում։ 1970-ական թվականների վերջում նա հեռացավ կինոնկարահանման հրապարակից՝ հրաժարվելով հանդես գալ երկրորդ պլանի դերակատարումներով։ 2002 թվականին Սադհանան արժանացել է IIFA Award-ի պարգևին՝ հնդկական կինոյում իր անգնահատելի ներդրումների համար։

Անձնական կյանքը

1966 թվականին Սադհանան ամուսնացել է ռեժիսոր Ռամ Կրիշնա Նայյարի հետ։ Վերջինս մահացել է 1995 թվականին։ Ամուսնության ընթացքում նրանք երեխաներ չեն ունեցել։ 2001 թվականին Սադհանան իր հովանավորության տակ էր վերցրել Ռեյա անունով նորածին աղջնակի, չնայած, որ նա ծնողներ ուներ։ Ընկերական հարաբերություններ էր պահպանում բոլիվուդյան դերասանուհիներ Վահիդա Ռեհմանի, Աշա Պարեկհի, Հելենի և Նանդայի հետ։

2014 թվականին բերանի արյունահոսության պատճառով տարել է վիրահատություն, իսկ մեկ տարի անց կրկին հոսպիտալացվել է և մահացել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին։

Ֆիլմագրության ընտրանին

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1960ՓորձությունParakhՍիմա
1960Սերը ՍիմլայումLove in SimlaՍոնիա
1962Հավերժական սիրո պատմությունEk Musafir Ek HasinaԱշա
1962Սիրային նամակներPrem PatraԿավիտա Կապուր
1962Մենք երկուսով ենքHum DonoՄիտա
1963Իմ սիրելինMere MehboobՀուսնա Բանու Չանգեզի
1964ԱրքայազնըRajkumarարքայադուստր Սանգիտա
1964Փեսացու և հարսնացուDulha DulhanՌեքհա, Չանդա
1964Ով է նաWoh Kaun Thi?Սանդհյա
1965Փորձություն ժամանակի միջոցովWaqtՄինա Միտալ
1965Սերը ՔաշմիրումArzooՈւշա
1966ՀարությունMera SaayaԳիտա, Նիշա
1966ԱնպատկառըBudtameezՇանտա
1967Այդ հանելուկային ԱնիտանAnitaԱնիտա
1969ՀատուցումIntaquamՌիտա Մեհրա
1969Ծաղիկը և երկու պարտիզպաններըEk Phool Do MaliՍոմնա
1970Սիրո կրակը չի հանգիIshq Par Zor NahinՍուշմա Ռայ
1971Դու քեզ հետ գարուն բերեցիրAap Aye Bahaar AyeeՆինա Բակշի
1972Հոգի, հարստություն, խաղաղությունDil Daulat DuniyaՌուպա
1974Իմ անունը Գիտա էGeetaa Mera NaamԿավիտա, Նիտա, Գիտա
1975ՀանցագործուհինVandana-
1977ԱպահովագրությունAmaanatՍուչիտրա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սադհանա Շիվդասանի» հոդվածին։