Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

Ռուբեն Կարապետի Ռուբինյան (մարտի 8, 1990(1990-03-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական գործիչ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր-անդամ և վարչության փոխնախագահ, Հայաստանի 7-րդ («Իմ քայլը» դաշինքից) և 8-րդ («ՔՊ» կուսակցությունից) գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ[2][3][4][5]։

Ռուբեն Ռուբինյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ փոխնախագահ
օգոստոսի 3, 2021 - ներկա
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
Օգոստոսի 2, 2021 - ներկա
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
Հունվարի 14, 2019 - Օգոստոսի 2, 2021
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
մայիսի 28, 2018 - հունվարի 14, 2019
 
Կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»
Կրթություն՝Հայաստան Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ»,
Միացյալ Թագավորություն Լոնդոնի համալսարանական քոլեջի «Քաղաքականություն և անվտանգություն» մագիստրատուրա,
Լեհաստան Յագելոնյան համալսարանի «Եվրոպագիտություն» մագիստրատուրա,
Մասնագիտություն՝պետական գործիչ, քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օրմարտի 8, 1990(1990-03-08)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ՀայրԿարապետ Ռուբինյան
 
Պարգևներ

ՀՀ ՊՆ պատվոգիր (2016թ.)

Կրթություն

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի[6] և լրագրող Գենոֆիյա Մարտիրոսյանի որդին է։

2006 թվականին ավարտել է Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցը։

2006-2010 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում»[7][8]։

2011 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայում գործող Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL)՝ ստանալով «քաղաքականություն և անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում[7][8]։

2012 թվականին ավարտել է Լեհաստանում գործող Յագելոնյան համալսարանը՝ ստանալով «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում[8][9]։

Գիտական հետազոտություններ

2017-2018 թվականների ընթացքում մի քանի ամիս Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի «Հայաստան-Թուրքիա Փորձի փոխանակման նախագծի» շրջանակներում հետազոտություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետությունում գործող Սաբանջը համալսարանին կից գործող «Ստամբուլի քաղաքականության կենտրոնում» (IPC)։ Նրա հետազոտությունը նվիրված է Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացում հասարակական կազմակերպությունների ունեցած ազդեցությանը[7][8][10]։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

2015-2016 թվականներին Ռուբեն Ռուբինյանն եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ։ 2016-2017 թվականներին զբաղեցրել է կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնը[11][12]։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է կուսակցության վարչության անդամ, ապա՝ վարչության փոխնախագահ[13][14][15][16][17][18][19]։

Թավշյա հեղափոխություն

Ռուբեն Ռուբինյանը ակտիվորեն մասնակցել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար

2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ[20]։

Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակով։ Եղել է 7-րդ գումարման ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։

2019 թվականից Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է[21]։

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր

2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակով։

2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ։

Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթաց

2021 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հայտնեց, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը[22]։ Ռուբինյանի և Թուրքիայի կողմից բանագնաց Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում[23]։

Քննադատություն

Ռուբեն Ռուբինյանը քաղաքական գործունեության ընթացքում ենթարկվել է տարբեր քննադատությունների, այդ թվում ընդդիմադիր պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Աննա Մկրտչյանի կողմից մեղադրվել է Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ[24][24][25][26][27][28]։ Ռուբեն Ռուբինյանը հերքել է մեղադրանքները[29] և դրանք անհիմն է համարել[30]։

Այդ մեղադրանքների կապակցությամբ, Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի խոսքերով, «Հավաստող փաստ՝ դոկումենտներ չկան»։ Ընդդիմադիր «Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նույնպես նշել է, որ փաստեր չունեն, բայց ինքը չի ցանկանում խախտել համերաշխությունն ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ[31]։

Այլ տեղեկություններ

2012-2014 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում[5]։

Պարգևներ և կոչումներ

Ռուբեն Ռուբինյանը 2016 թվականին արժանացել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվոգրի[5]։

Ծանոթագրություններ