Ռաֆայել Ստամբոլցյան

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյան (հուլիսի 22, 1922(1922-07-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հուլիսի 9, 2012(2012-07-09), Երևան, Հայաստան[1]), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ-սրտաբան, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1973), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), պրոֆեսոր (1964), ակադեմիկոս (1994)[1], Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Ռաֆայել Ստամբոլցյան
Ծնվել էհուլիսի 22, 1922(1922-07-22)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Մահացել էհուլիսի 9, 2012(2012-07-09) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունսրտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և բժշկական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Կենսագրություն

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1952-1963 թվականներին աշխատել նույն ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։ 1963-1972 թվականներին եղել է մանկաբուժական, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի, 1972 թվականից բուժական ֆակուլտետի սուբօրդինատորների թերապիայի ամբիոնների վարիչ, 1966-1968 թվականներին՝ միաժամանակ ռեկտոր[2][3]։

Գիտական գործունեություն

Գիտական աշխատանքները վերաբերում են ներքին հիվանդությունների կլինիկայում բուժական քնի (առաջին անգամ կիրառել է խոցային հիվանդության ժամանակ և մշակել էլեկտրաքուն առաջացնող ինքնատիպ սարք), սրտաբանության հարցերի ուսումնասիրություններին։ Ստամբոլցյանը ՀԽՍՀ-ում առաջինն է լայնորեն ներդրել էլեկտրասրտագրությունը, առաջարկել է սրտամկանի պսակային անբավարարության և ինֆարկտի վաղ ախտորոշման ու բուժման, էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական (1965) մեթոդներ։ Քանակական փոփոխությունների վերլուծության տվյալների հիման վրա Ստամբոլցյանը տվել է սրտամկանի ինֆարկտի ժամանակ նոր օջախների առաջացման տեսությունը, ներդրել դինամիկ էլեկտրասրտագրության նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է որոշել սրտամկանի ինֆարկտի ընթացքի առանձնահատկությունները և ժամանակին կարգավորել բուժական միջոցառումները։ 1968 թվականին Ստամբոլցյանի նախաձեռնությամբ, թերապիայի ամբիոնին կից, ստեղծվել է գիտահետազոտական լաբորատորիա, ուր մշակվում և ստեղծվում են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր, որոնք նպաստում են սրտաբանության նոր ճյուղի՝ մոնիտորակոմպյուտերային դինամիկ էլեկտրասրտաբանության զարգացմանը։ Ստամբոլցյանի մշակած նորույթները ներդրվել են Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցում (1970)[2]։

Ռաֆայել Ստամբոլցյանն ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 7 մենագրությունների հեղինակ է[3]։

Անդամակցություն

Ստամբոլցյանը ԽՍՀՄ թերապևտների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ էր, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության սրտաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահը[2]։

«Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) իսկական անդամ[1]։

Պարգևներ և մրցանակներ

Երկեր

  • Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին (համահեղինակ), 1953
  • Կլինիկական էլեկտրասրտագրություն, 1978
  • Планиметрический метод количественного анализа электрокардиограмм, 1981[4]

Մամուլ

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Ծանոթագրություններ