Պլասենսիա

Պլասենսիա (իսպ.՝ Plasencia), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Խերտե գետի ափին, Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Վալյե դել Խերտե շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 218 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 41.447 (այս ցուցանիշով Կասերես պրովինցիայում զբաղեցնում է երկրորդ և ամբողջ Էստրեմադուրայում՝ չորրորդ տեղը[3]): Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 82 կիլոմետր է։ Սահմանակցում է Վալյե դել Խերտե, Լա Վերա, Մոնֆրագուե, Վալյե դել Ալագոն, Վալյե դել Ամբրոս և Տրեսիեռա - Տիեռաս դե Գրանդիլյա համայնքներին[4][5]։ Աշխարհագրական իր դիրքով կարծես Խերտե հովտի դարպասն է։ Էստրեմադուրայի մյուս երեք խոշոր բնակավայրերի՝ Կասերես, Բադախոս, Մերիդա քաղաքների պես միացված չէ որևէ այլ համայնքի[3]։ Եպիսկոպոսական թեմի[6] և դատական չորրորդ տարածաբաժնի կենտրոնն է[7]։ Համայնքի հովանավորներն են համարվում Սուրբ Ֆուլխենսիոն և Սուրբ կույս դել Պուերտոն։

Բնակավայր
Պլասենսիա
իսպ.՝ Plasencia[1]
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես217,94 կմ²
ԲԾՄ415±1 մետր
Բնակչություն39 412 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ10600
Ավտոմոբիլային կոդCC
Պաշտոնական կայքplasencia.es/web/(իսպ.)
Պլասենսիա (Իսպանիա)##
Պլասենսիա (Իսպանիա)

Էստրեմադուրայի հյուսիսում ամենամարդաշատը համարվող այս բնակավայրում են գտնվում պետական, վարչական և սպասարկման բնագավառի բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում ինչպես բուն քաղաքի, այնպես էլ շրջակա համայնքների բնակիչներին[8][9][10]։

Պատմություն

Պլասենսիայի մերձակայքում՝ Կապերայում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են հին հռոմեական բնակավայրի ավերակներ։ Բուն Պլասենսիա քաղաքը հիմնադրել են արաբները և անվանել Ամբրոս։ 1186 թվականին Ալֆոնսո Ութերորդ Կաստիլիացի թագավորն ազատագրել է բնակավայրը մավրերից, վերանվանել Պլասենսիա և նրա ռազմավարական կարևորությունը հաշվի առնելով՝ շուրջը կառուցել 68 աշտարակ ունեցող պարիսպ (բանն այն է, որ Պլասենսիան գտնվել է Լեոնի թագավորության և մուսուլմանների տիրույթների հետ Կաստիլիայի ունեցած սահմանի մերձակայքում և դեռ հին հռոմեական ժամանակներում կառուցված և ռազմական ու առևտրական կարևոր նշանակություն ունեցած Արծաթե ուղու վրա, որը մեր ժամանակներում ծառայում է որպես հետիոտն արշավների երթուղի[11][12][13]):

Մինչև 19-րդ դարը Պլասենսիան եղել է համանուն մի տարածաշրջանի կենտրոն, որն զբաղեցնում էր ներկայիս պրովինցիայի քառորդ մասը։ Թեև քաղաքը մինչև 1960 թվականը 20 հազարից պակաս բնակիչ է ունեցել[14] և աչքի ընկնող բնակավայր չի համարվել, այդուհանդերձ այստեղ մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, ինչպես, օրինակ, արքայադուստր Խուանա լա Բելտրանեխայի հարսանիքը կաստիլիական ժառանգության համար մղվող պատերազմի ժամանակ[15] և Կորտեսում քվե գնելու նախաձեռնությունը, որն ի վերջո հանգեցրել է Էստրեմադուրայի մարզի ստեղծմանը 1653 թվականին։

Համայնքի տնտեսությունում մեծ է սպասարկման, ծառայությունների մատուցման մասնաբաժինը. հենց միայն առևտրական հիմնարկների թիվն անցնում է հազարից[16]։ Զբոսաշրջության զարգացմանը նույնպես մեծ կարևորություն է տրվում. քաղաքի պատմական կենտրոնը հայտարարվել է մշակութային հետաքրքրություն ներկայացնող վայր[17] (պահպանվել են պլատերսկո ոճի տաճարը, մի քանի ուշագրավ վանական կառույցներ), պարբերաբար կազմակերպվում են զբոսաշրջիկներին գրավող ամենամյա առնվազն երկու տոնախմբություն՝ Martes Mayor և Սուրբ շաբաթ՝ Semana Santa[18][19]: 20-րդ դարի սկզբից քաղաքն ունի իր առանձին խնայողական բանկը[20], որը կարող է հիմք դառնալ հետագայում Caja de Extremadura բացելու համար։

Պլասենսիան նաև կրթական կարևոր կենտրոն է, որտեղ գործում են ոչ միայն տարբեր դասի դպրոցներ, այլև համալսարան՝ որակավորման չորս տարակարգեր շնորհելու հնարավորությամբ[21]։

Ժողովրդագրություն

1842 թվականից 2010 թվականն ընկած ժամանակամիջոցում Մալպարտիդա դե Կասերեսի բնակչության թվաքանակի փոփոխությունները եղել են հետևյալը[22]

Աղբյուր՝ Իսպանիայի վիճակագրության ազգային ինստիտուտ (INE)

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայքէջը
  • Ver Extremadura (Իսպաներեն)
  • Լուսանկարներ
  • Plasencia is the subject of the Revealing Cooperation and Conflict Project trying to create a virtual 3D model and database describing the city in the time between 1390-1420 CE.
  • Herbermann, Charles, ed. (1913). «Plasencia» . Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.
  • Chisholm, Hugh, ed. (1911). «Plasencia» . Encyclopædia Britannica (անգլերեն) (11th ed.). Cambridge University Press.
  • Պլասենսիայի համալսարան
  • Centro de Profesores y Recursos de Plasencia Արխիվացված 2008-04-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլասենսիա» հոդվածին։