Պիպպա Բակկա

իտալացի դերասան

Ջուզեպինա Պասկուալինո դի Մարինեո (իտալ.՝ Giuseppina Pasqualino di Marineo, դեկտեմբերի 9, 1974(1974-12-09)[1][2][3][…], Միլան, Իտալիա - մարտի 31, 2008(2008-03-31)[1], Գեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա), իտալացի ֆեմինիստ նկարչուհի, հայտնի է որպես Պիպպա Բակկա։

Պիպպա Բակկա
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1974(1974-12-09)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Մահացել էմարտի 31, 2008(2008-03-31)[1] (33 տարեկան)
Մահվան վայրԳեբզե, Քոջայելիի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունարվեստագետ, հակապատերազմային ակտիվիստ և performance artist
Կայքpippabacca.it
 Pippa Bacca Վիքիպահեստում

«Ամուսնություն տարբեր ժողովուրդների և ազգերի միջև» կարգախոսով համաշխարհային խաղաղությունը խթանելու նպատակով միջազգային ավտոստոպ ճանապարհորդության է մասնակցել։ Բակկան և նկարչուհի Սիլվիա Մորոն, որպես խորհրդանիշ, իրենց արշավի ժամանակ կրել են հարսանեկան զգեստ։ 2008 թվականի մարտի 31-ին Պիպպա Բակկան անհետացել է Թուրքիայի Գեբզե քաղաքում[4]։ 2008 թվականի ապրիլի 11-ին ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով հետագայում խոստովանել է Պիպպա Բակկայի սպանությունը և իշխանություններին առաջնորդել է նրա դիակի հայտնաբերման պրոցեսում[5]։

Կենսագրություն

Պիպպա Բակկան ծնվել է Միլանում։ Նրա հայրը՝ Գվիդո Պասկուալինո դի Մարինեոն, ծագումով Նեապոլից էր։ Նրա մայրը՝ Ելենա Մանզոնին, նկարիչ Պիեռո Մանձոնիի ավագ քույրն էր։ Բակկան աշխատել է տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում՝ լուսանկարչությամբ, կոլաժով և ասեղնագործությամբ։ Նրա 2004 թվականի «Վիրաբուժական մուտացիաներ» ստեղծագործությունը բաղկացած էր մի շարք տերևներից, որոնք հավաքված էին փայտի մեջ և կտրված էին տարբեր ծաղիկների տեսակների նմանեցնելու համար։ 2006 թվականին ունեցել է իր առաջին ինստիտուցիոնալ անհատական ցուցահանդեսը՝ «Կոտրված պատկերը» Միլանի Fabbrica del Vapore-ում[6]։

«Հարսնացուն շրջագայության մեջ»

2008 թվականին Բակկան արտիստ Սիլվիա Մորոյի հետ սկսեց աշխատել համաշխարհային խաղաղության խթանմանն ուղղված կատարողական ստեղծագործության վրա, որը կոչվում էր «Հարսնացուն շրջագայության մեջ»[7]։ Նկարիչները սպիտակ հարսանյաց զգեստներով մեկնել են Միլանից 2008 թվականի մարտի 8-ին, ճանապարհորդել են Բալկանների տարածքով և տասներկու օր անց ժամանել Թուրքիա։ Նրանք ծրագրել էին ավտոստոպով երթևեկել Մերձավոր Արևելքով, իսկ իրենց վերջնական նպատակակետն էր սուրբ քաղաքը՝ Երուսաղեմը[7]։ Ինչ վերաբերում է իրենց հագուկապին, նրանք իրենց կայքում հայտնել են, որ «դա միակ զգեստն է, որը մենք տանելու ենք՝ ճանապարհորդության ընթացքում կուտակված բոլոր բծերով»[8]։

Անհետացում

Միասին Եվրոպայով մեկ ճանապարհորդելուց հետո Բակկան և Մորոն բաժանվեցին Ստամբուլ ժամանելուց անմիջապես առաջ՝ պլանավորելով կրկին հանդիպել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Բակկային վերջին անգամ տեսել են մարտի 31-ին։ Հաղորդվում է, որ նրա կրեդիտ քարտը օգտագործվել է այդ օրվա կեսօրին։ Բակկայի մերկ, խեղդված և քայքայված մարմինը հայտնաբերվել է Գեբզեյում, թփերի մոտ՝ Ստամբուլից մոտ 64 կմ հարավ-արևելք[4]։

Տղամարդը, ով ոստիկաններին տարել է նրա մարմնի մոտ՝ Մուրադ Քարաթաշը, կալանավորվել է և ձերբակալվել այն բանից հետո, երբ, ըստ տեղեկությունների, խոստովանել է, որ բռնաբարել և խեղդել է Բակկային մարտի 31-ին՝ նրան իր Jeep-ով բենզալցակայանից տանելուց հետո[5]։ ԴՆԹ-ի թեստը ցույց է տվել, որ Բակկային բռնաբարել են բազմաթիվ մարդիկ, և ոչ միայն Քարաթաշը։ Կասկածյալն ասել է, որ ինքը «թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ է եղել» և չի կարող հիշել, թե ինչ է տեղի ունեցել, երբ և ինչ հանգամանքներից ելնելով։

Քարատաշին հայտնաբերել են այն բանից հետո, երբ նա իր սեփական սիմ-քարտը մտցրել է տուժողի բջջային հեռախոսի մեջ, ինչն էլ ահազանգ է առաջացրել ոստիկանության մոտակա մասնաշենքում, քանի որ նա նախկինում դատապարտված է եղել գողության հոդվածով։ Բակկայի սեփական տեղեկատվությունը ջնջվել է բջջային սարքից, ինչը, ըստ Բակկայի ընտանիքի փաստաբանի, ենթադրում է առնվազն մեկ այլ հանցակից, քանի որ Քարաթաշը չի կարողացել խոսել անգլերեն և թողել է դպրոցը երրորդ դասարանից հետո։

Հետևանք

Դրանից հետո Բակկայի քույրը՝ Մարիան, հայտարարել է իտալական «ANSA» լրատվական գործակալությանը․ «Բակկայի ճամփորդությունները գեղարվեստական ներկայացման և խաղաղության ու վստահության ուղերձ տալու համար էին, բայց ոչ բոլորն են արժանի վստահության։ . . Մենք առանձնապես չէինք անհանգստանում, քանի որ նա երկար ժամանակ ավտոստոպով էր գնում, և այդպիսով կարող էր խուսափել ռիսկային իրավիճակներից։ . . Նա վճռական անձնավորություն էր, երբ խոսքը վերաբերում էր իր արվեստին»։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը զանգահարել է Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին, որպեսզի հայտնի իր վիշտը և ցավակցանքը։ Today's Zaman-ի մեկնաբանությունը, ցավակցություն հայտնելով, քննադատել է թուրք քաղաքական գործիչների ենթադրյալ կամակորությունը «օտարների» նկատմամբ Բակկայի գործում` գրելով. «Եկեք համաձայնվենք, եթե Պիպպան լիներ թուրք, ապա շատ մարդիկ կասեին, որ ավտոստոպով տեղաշարժվող կինն արժանի է բռնաբարության»։ Հոդվածագիրը պնդում էր, որ տեղական խնդիրները, ինչպիսին է կանանց նկատմամբ բռնությունը, պետք է լուծվեն՝ անկախ այն բանից, որ Թուրքիան ամաչում է օտարների առաջ։ Թուրքական ամենավաճառվող Հուրիեթ թերթը սպանության մասին հոդված է տպել «Մենք ամաչում ենք» վերնագրով։

2009 թվականին Ֆաենցայում կայացած արվեստի փառատոնի կապակցությամբ Ստամբուլի բիեննալեի տնօրեն Ֆուլյա Էրդեմջին իր երկրի անունից ներողություն խնդրեց։ Բակկայի ընկերուհի և ճամփորդուհի Սիլվիա Մորոն վերադարձել է Միլան և այդ դեպքից հետո դադարեց արվեստով զբաղվել։

Հարգանքի տուրք

2012 թվականին ֆրանսիացի կինոռեժիսոր Ժոել Կուրցը նկարահանել է վավերագրական ֆիլմ՝ «Bacca, La Mariée», պատմության Պիպպա Բակկայի մասին[9]։ Ֆիլմում ներկայացված են Բակկայի տեսախցիկի տեսաարխիվները, որոնք ֆիլմի թիմին հաջողվել է վերականգնել[10]։

2020 թվականին Միլան քաղաքում Բակկայի անվամբ հանրային այգի է բացվել Բրերա թաղամասում[11]։

Մատենագիտություն

  • Ջորջիո Բոնոմի, Մարտինա Կոգնատի, Հարսնացուն շրջագայության ժամանակ, Ֆոնդացիոնե Մուդիմա, Միլան և Բիբլոս արվեստի պատկերասրահ, Վերոնա, 2009։
  • Pippa Bacca, Eva e le altre, Cambi Editore, Poggibonsi, Իտալիա, 2016։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիպպա Բակկա» հոդվածին։