Ուիլյամ Գիլբերտ

Ուիլյամ Գիլբերտ (անգլ.՝ William Gilbert, երբեմն ազգանունը նշվել է Gilberd, մայիսի 24, 1544, Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[1] - նոյեմբերի 30, 1603(1603-11-30)[2][3], Լոնդոն, Անգլիայի թագավորություն)[7], անգլիացի ֆիզիկոս և բժիշկ, Եղիսաբեթ I-ի և Հակոբ I-ի պալատական բժիշկ։ Ուսումնասիրել է մագնիսական ու էլեկտրական երևույթներ, առաջինն է ներմուծել էլեկտրական եզրույթը։

Ուիլյամ Գիլբերտ
անգլ.՝ William Gilbert
Ծնվել էմայիսի 24, 1544
Կոլչեստր, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էնոյեմբերի 30, 1603(1603-11-30)[2][3] (59 տարեկան)
Լոնդոն, Անգլիայի թագավորություն
բնական մահով
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
Մասնագիտությունփիլիսոփա, բժիշկ, ճարտարագետ, ֆիզիկոս, աստղագետ և բնագետ
Գործունեության ոլորտֆիզիկոս, բժիշկ, ֆիզիկա[4], աստղագիտություն[4], մագնիսականություն[4], ելեկտրականություն[4] և բժշկություն[4]
Ալմա մատերՍուրբ Ջոնի քոլեջ
Տիրապետում է լեզուներինլատիներեն[5][4] և անգլերեն[4]
ՀայրJerome Gilberd?[6]
ՄայրJane Wingfield?[6]
 William Gilbert Վիքիպահեստում

Կենսագրություն

Ուիլյամ Գիլբերտը ծնվել է 1544 թվականի մայիսին Կոլչեստրում, Ջերոմ և Էլիզաբեթ Գիլբերտների ընտանիքում[8]։ Նրա հայրը եղել է հաշտարար դատավոր[7]։ Գիլբերտների ընտանիքը բավական ապահովված էր, և Ուիլյամը բժշկական լավ կրթություն է ստացել[8]։ 1561 թվականին նա ավարտել է Քեմբրիջի Սուրբ Հովհաննեսի քոլեջի բալկալավրիատը, 1564 թվականին ստացել է մագիստրոսի, իսկ 1569 թվականին՝ բժշկության դոկտորի աստիճան[7]։ Մի քանի հեղինակների պնդումն այն մասին, որ Գիլբերտը նաև սովորել է Օքսֆորդում, փաստերով ապացուցված չէ[9]։

Ուսումն ավարտելուց հետո Ուիլյամ Գիլբերտը երկար ուղևորություն է ձեռնարկել՝ ամենայն հավանականությանմբ ուղևորվելով Իտալիա[8][9]։ 1573 թվականին նա հաստատվել է Լոնդոնում՝ Սենտ Պիտերս Հիլլ շրջանում։ Շուտով դարձել է Բժիշկների թագավորական քոլեջի անդամ և սկսել իր բժշկական պրակտիկան՝ ճանաչում ձեռք բերելով ազնվականական շրջանակներում[7]։ 1580-ական թվականների մեծ մասում զբաղեցրել է Բժիշկների թագավորական քոլեջի գրաքննիչի պաշտոն, ինը տարի եղել է գանձապահ, իսկ 1600 թվականին ստանձնել է քոլեջի նախագահի պաշտոնը[7]։

1601 թվականին Գիլբերտը նշանակվել է Եղիսաբեթ թագուհու բժիշկ, իսկ նրա մահից հետո 1603 թվականին ստացել նույն պաշտոնը նոր արքայի՝ Հակոբ Ա-ի օրոք, սակայն մեկ տարի չանցած՝ նա մահացել է հավանաբար ժանտախտի համաճարակից[10]։ Լինելով ամուրի՝ Բժշկական քոլեջին է կտակել իր գրքերը, սարքավորումները, հանքաքարերի հավաքածուն, որոնք, սակայն, ոչնչացել են Լոնդոնի մեծ հրդեհի (1666) արդյունքում[7]։

Գիտական գործունեություն

Որպես գործող բժիշկ՝ Գիլբերտը հետաքրքրություն է դրսևորել քիմիայի հանդեպ։ Նա հետաքրքրվել է նաև աստղագիտությամբ, ուսումնասիրել է մոլորակների մասին հասանելի գրեթե ողջ գրականությունը, Կոպեռնիկոսի ու Ջորդանո Բրունոյի գաղափարների կողմնակիցն է եղել Անգլիայում[11]։ Մասնավորապես, նա կողմ է եղել Կոպեռնիկոսի այն կարծիքին, որ Երկիրն անընդհատ պտտվում է իր առանցքի շուրջ, և որ անշարժ աստղերը նրա նկատմամբ տարբեր դիրքեր ունեն։ Մոլորակներն ուղեծրում պահող ուժի մասին հարցը նա դիտարկել է իր հիմնական աշխատությունում։ Գիլբերտի առաջ քաշած տեսակետներն իրենց հերթին ազդել են Կեպլերի վրա[9][10]։

Հայտնի չէ, թե ինչն է հատկապես պատճառ հանդիսացել Գիլբերտի՝ մագնիսականության նկատմամբ դրսևորած հետաքրքրության։ Հնարավոր է, որ ազդեցություն է ունեցել այն հանգամանքը, որ նրա ժամանակներում մանրացված մագնիսը նշանակել են որպես լուծողական։ Մագնիսային երկաթի ֆիզիոլոգիական ազդեցության մասին բժիծշկը գրել է. «Վերադարձնում է աղջիկների գեղեցկությունը և առողջությունը, որոնք տառապում են գունատությունից, քանի որ այն չորացնում ու ձգում է մաշկը՝ առանց նրան վնաս պատճառելու»[11]։

Անկախ պատճառներից՝ մագնիսականությունը (ինչպես նաև էլեկտրականությունը) դարձել են Գիլբերտի գիտական հետաքրքրությունների գլխավոր առարկա, որը 17 տարի անց՝ 1600 թվականին, ավարտվել է վեցահատոր «De magnete, magneticisque corporibus et de Magno Magnete Tellure» (լատին․՝  «Մագնիսի, մագնիսային մարմինների և մեծ մագնիսի՝ Երկրի մասին») տրակտատով։ Այն դարձել է հիմնական աշխատությունը Եվրոպայում՝ նվիրված մագնիսականությանն ու էլեկտրականությանը[8]։ Հետագայում անգլիացի բանաստեղծ Ջոն Դրայդենը նրա մասին գրել է. «Գիլբերտը կապրի այնքան, քանի դեռ մագնիսներն իրար կձգեն» (անգլ.՝ Gilbert shall live till loadstones cease to draw)[7]:

Իր աշխատության մեջ Գիլբերտն առաջին անգամ տարանջատել է մագնիսկանությունն ու այսպես կոչված «սաթի էֆեկտը» (ժամանակակից եզրաբանության մեջ՝ ստատիկ էլեկտրականություն), ներմուծել է էլեկտրականություն հասկացությունը (սաթի հունարեն անվանումից՝ էլեկտրոն, հուն․՝ ἤλεκτρον)[8]: Ստեղծելով աշխարհում առաջին էլեկտրոսկոպը՝ նա ցույց է տվել, որ շփման դեպքում թեթև առարկաները դեպի իրեն ձգելու հատկություն ունի ոչ միայն սաթը, այլև մի շարք այլ նյութեր, որոնք նա նավանել է էլեկտրական մարմիններ (ալմաստ, շափյուղա, օպալ, ամեթիստ, լեռնային բյուրեղապակի, ծծումբ, հալիտ, ապակի, հալիտ և այլն)[12]։ Գիլբերտը նկարագրել է խոնավ միջավայրում էլեկտրականության հոսքի երևույթը և կրակի մեջ ստատիկ էլեկտրականության ոչնչացումը, որոշ նյութերի մեկուսիչ հատկությունը, կտորի, թղթի և մետաղի էկրանացման հատկությունը[12][13]։

Էռնեստ Բորդ (1877—1934), Ուիլյամ Գիլբերտը ցուցադրում է մագնիսը թագուհի Եղիսաբեթ I-ին, 1598

Բնական մագնիսների փորձերի շրջանակում Գիլբերտը ցուցադրել է, որ մագնիսական երկաթի մասնատման դեպքում նրա փշուրներից ամեն մեկը կունենա երկու բևեռ, որտեղ նման բևեռները իրար կվանեն, իսկ տարբեր բևեռները կձգեն իրար[11]։ Գիտնականը ցույց է տվել, որ երկաթյա իրերը մագնիսի ազդեցությամբ ձեռք են բերում մագնիսական հատկություններ, իսկ մագնիսի ուժը մակերևույթին մեծանում է[13]։ Գիլբերտին հաջողվել է ժխտել չափազանցված տեսակետն այն մասին, որ սխտորը կարող է ազդեցություն ունենալ կողմնացույցի վրա[8]։ Չկարողանալով բացատրել բնական մագնիսականությունը՝ նա գրել է մագնիսի «հոգու» մասին, որով բացատրվում են նրա հատկությունները[11]։

Իր տրակտատում Գիլբերտն առաջին անգամ գիտականորեն բացատրել է այն փաստը, թե ինչու են կողմնացույցի սլաքները միշտ հյուսիսը մատնանշում[8]։ Փորձ կատարելով գնդի տեսք ունեցող մշակված մագնետիտով (այն անվանել է տերելլա, լատին․՝  երկիր)՝ նա ցուցադրել է, որ նրանում տեղադրված կողմնացույցը իրեն դրսևորում է այնպես, ինչպես այն կիրառում են ծովում կողմնորոշվելիս[11]։ Այս հիմքով էլ Գիլբերտն առաջին անգամ վարկած է քաշել այն մասին, որ Երկիրը հսկայական մագնիս է, որտեղ մագնիսական բևեռները կարող են համընկնել աշխարհագրական բևեռներին[13]։ Հենվելով այս փաստերի վրա՝ նա նաև ենթադրել է, որ մոլորակներն ուղեծրում մնում են Արևի շուրջ որոշակի մագնիսական ուժի շնորհիվ[10]։

Բացի իր հիմնական աշխատությունից՝ Գիլբերտը մասնակցել է լոնդոնյան «Ֆարմակոպեայի» առաջին հրատարակության աշխատանքներին, որն արդեն լույս է տեսել նրա մահից հետո[12]։ 1651 թվականին Գիլբերտի կրտսեր խորթ եղբայրը Ամստերդամում հրատարակել է նրա ևս երկու ձեռագիր՝ «Մեր աշխարհի նոր փիլիսոփայություն» (լատին․՝ «De Mundo Nostro Sublunari Philosophia Nova») ընդհանուր անվանումով, սակայն այս աշխատությունը, ի տարբերություն «Մագնիսի մասին» տրակտատից, նշանակալի ազդեցություն չի թողել գիտական հասարակության վրա[8]։

Հիշատակ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Гильберт У. О магните, магнитных телах и большом магните — Земле. М., 1956
  • Edgar Zilsel, «The Origin of William Gilbert’s Scientific Method», Journal of the History of Ideas 2:1-32, 1941
  • Bochenski, Leslie «A Short History of Lunar Cartography» (April 1996) University of Illinois Astronomical Society

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Գիլբերտ» հոդվածին։