Ոջլադեղ (լատին․՝ Delphinium) անիծած հարս, հրանունկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 200 (այլ տվյալներով՝ 360) տեսակ։ Այս ցեղն իր մեջ ընդգրկում է մի շարք արժեքավոր բազմամյա տեսակներ, որոնցից խոշորածաղիկ ոջլադեղի ստացման գործում խոշոր դեր են խաղացել հետևյալ երեք տեսակները՝
Եվրոպական սովորական ոջլադեղ (D. elatum L.)՝ բազմաձև է, հայրենիքը Միջին Ասիան, Սիբիրը և Շվեդիան է. բարձրությունը 1,5 մետրից ավել է, ծաղիկները բաց մանուշակագույն են։
Չինական ոջլադեղ Բռունոնիանում (D. Brunonianum Royle), Եվրոպա է տարվել 1864 թվականին։
Ոջլադեղ ֆորմոզում (D. formosum Bois), հայրենիքը Փոքր Ասիան է։
Ալեքսանդր տեսակն աչքի է ընկնում խիտ ծաղկաբույլերով, որոնք իրենց վրա են կրում խոշոր, լայն բացված, լիաթերթ, 6 սմ տրամագիծ ունեցող բաց մանուշակագույն ծաղիկներ։ Պսակաթերթերի եզրը աստիճանաբար փոխվում է բաց երկնագույնի։ Հետաքրքրական է նաև Պուշկին տեսակը, բույսի բարձրությունը հասնում է 1,7 մետրի, ունի խիտ, 50 սմ երկարության ծաղկաբույլ, 6 սմ տրամագիծ ունեցող ծաղիկներով։ Կիսալիաթերթ ծաղիկները ինտենսիվ երկնագույն են, սև-ոսկեգույն կենտրոնով։ Դեկորատիվ է համարվում Գորիսլավա տեսակը, որի բարձրությունը հասնում է 2 մետրի, ծաղկաբույլերի երկարությունը՝ 70 սմ-ի, ծաղիկները շատ խոշոր են, լիաթրեթ մուգ-երկնագույն, 7սմ տրամագծով։
Տարածված է Շիրակի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի կիսաանապատային, տափաստանային, ենթալպյան, ալպյան գոտիներում։ Աճում է քարքարոտ լանջերին, անտառեզրերին, թփուտներում, մարգագետիններում, աղբոտում ցանքերն ու այգիները։
Բազմամյա և միամյա խոտաբույսեր են։ Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 15-150 սմ։ Տերևները հերթադիր են, թաթաձև-հատվածավոր կամ թաթաձև բաժանված, ծաղիկները՝ անկանոն, կապույտ, մանուշակագույն, երկնագույն, դեղնավուն և այլն։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման։ Ծաղկապատը կազմված է 5 գունավոր բաժակաթերթերից, որոնցից մեկը ձգված է խթանի ձևով, որի մեջ թաքնված է պսակի երկու թերթերից կազմված նեկտարակիր խթանը, պսակի մյուս երկու թերթերը կողքային են, 5-րդը չի զարգանում։ Որոշ տեսակների բոլոր 4 պսակաթերթերը միաձուլված են։ Պարկուկները 1-5-ն են։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։
Տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0,6-2 մետրի սահմաններում, իսկ ծաղկաբույլերի երկարությունը հաճախ հասնում է 1 մետրի։ Առանձին ծաղիկների տրամագիծը անցնում է 15 սմ-ից։ Նման ծաղկափթթություն ունեն, օրինակ տուղտածաղկավոր ոջլադեղերը։
Ծաղիկները լինում են միաթերփ, կիսալիաթերթ և լիաթերթ, վարդագույն, բաց-կապույտ, կապույտ, կապտամանուշակագույն, բաց մանուշակագույն և սպիտակ գույների։ Միաթերթ ծաղիկ ունեցող ոջլադեղերն ավելի գեղեցիկ են, քան կիսալիաթերթավորները ու լիաթերթավորները։
Բազմացվում է հիմնականում սերմերով, ինչպես նաև թփի բաժանումով և կտրոններով։
Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար ամսին ցանքարկղերի մեջ, իսկ բաց տարածքում՝ աշնանը։ Առաջին նախածլումից հետո, երբ բույսը ունենում է 3-4 տերև, անհրաժեշտ է այն տեղափոխել 7-9 սմ-անոց ծաղկամանների մեջ, որտեղից և ցրտահարման վտանգն անցնելուց հետո տեղափոխել դաշտ և իր հողագնդիկով տնկել մշտական տեղում ՝ բույսը բույսից 35-40 սմ հեռավորության վրա։
Նախընտրում է սննդանյութերով հարուստ, պարարտ հողեր։ Լավ է զգում արևոտ ու լուսավոր հողամասերում։ Պահանջում է չափավոր ոռոգում։ Ծաղկում է հուլիսից մինչև աշուն։ Եթե ցանքը ջերմատանը կատարվում է ուշ աշնանը, ապա բույսերը ծաղկում են հաջորդ տարվա օգոստոսի սկզբում։ Գարնան ցանքից աճած բույսերը նույն տարում հազիվ թե ծաղկեն։
Սերմերը սեպաձև են, 3 մմ երկարությամբ, փայլուն, մուգ դարչնագույն։ Նայած տեսակների ծիլ են տալիս 5-20 օրվա ընթացքում։ Մեկ գրամում պարունակվում է մոտավորապես 450 հատիկ։
Թփիկների բաժանումով բազմացվում է վաղ գարնանը կամ աշնանը։ Ինչ վերաբերում է կտրոններով բազմացմանը, ապա այն կատարվում է ջերմատներում։
Դեկորատիվ, մարգագետնային, մասամբ թունավոր բույսեր են։ Տեսակներից են դաշտային ոջլադեղըD. consolida։Որոշ տեսակներ դեղաբույսեր են. սերմերը պարունակում են ալկալոիդներ, ճարպեր, ծաղիկները՝ ներկանյութը (դեղին, կապույտ, մանուշակագույն)։ Պատրաստուկները կիրառվում են բրոնխային հեղձուկի, հազի և այլ հիվանդությունների, նաև միզակապության, դողէրոցքի բուժման, կարիճի խայթոցի ժամանակ։ Շատ տեսակներ թունավոր են։ Գեղազարդիչ (ծաղկաբուծության մեջ մշակվում են ոջլախոտի բազմաթիվ տեսակներ) է և մեղրատու։
Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6 т. — Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
Гиляров М. С. Биологический энциклопедический словарь. — М.: Сов. энциклопедия, 1986. — С. 200. — 831 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։