Շոշ (քաղաք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շոշ (այլ կիրառումներ)

Շոշ (պարս.՝ شوش, Շուշ, եբրայերեն՝ שושן‎, Շուշան, հուն․՝ Σοῦσα, Սոուսա), հնագույն քաղաք ժամանակակից Իրանի տարածքում։ Գտնվել է ներկայիս Խուզեսթան օսթանի հյուսիսային մասում, Քարխե և Դեզ գետերի միջև։ Ավերակները գտնվում են ժամանակակից Շուշ քաղաքի տարածքում։ Անցյալում հանդիսացել է հնագույն Էլամ պետության մայրաքաղաքը և Աքեմենյան Պարսկաստանի մայրաքաղաքներից մեկը, շարունակել է կարևոր դեր խաղալ պարթևական և Սասանյան ժամանակաշրջաններում։

Բնակավայր
Շոշ
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Էլամ
Կաղապար:Դրոշավորում/Աքեմենյան պետություն
Հիմնադրված էմ. թ. ա. 4000 և մոտ մ. թ. ա. 4395 թ.
Մակերես600 հեկտար, 346,5 հեկտար
Շոշ (քաղաք) (Աշխարհ)##
Շոշ (քաղաք) (Աշխարհ)
Շոշ (քաղաք) (Աշխարհ)##
Շոշ (քաղաք) (Աշխարհ)

Հնագիտական պեղումների պատմություն

Եվրոպացիներից առաջինը քաղաքի ավերակներն ուսումնասիրել են անգլիացիներ Հենրի Ռոուլինսոնը 1836 թվականին և Օստին Լայարդը 1840-1842 թվականներին[1]։

Առաջին պեղումները կատարել են անգլիացիները 1851-1852 թվականներին երկրաբան և հնէաբան Ուիլյամ Լոֆթուսի և գնդապետ Ֆենուիք Ուիլյամսի ղեկավարության տակ։ Աշխատանքները համակարգվել են Հենրի Ռոուլինսոնի կողմից Այս ժամանակ է տարածքը նույնականացվել որպես պատմական Շոշ քաղաք։ Քաղաքատեղին կազմող չորս կավե բլուրները տարբերակվել են որպես «Šušān the Palace» (Շոշի պալատ, որը հետագայում հայտնի է դարձել որպես Ապադանա), «Citadel» (Միջնաբերդ, հետագայում` Ակրոպոլիս), «Great Platform» (Մեծ հարթակ, հետագայում` Թագավորական քաղաք) և «Ruins of City» (Քաղաքի ավերակներ, հետագայում` Արհեստավորների քաղաք)։ Այս պեղումների ընթացքում գտնված ամենահին գտածոները վերաբերվում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերին։ Չնայած նշանակալից արդյունքներին` Ռոուլինսոնը և Բրիտանական թանգարանը դադարեցրել են պեղումների ֆինանսավորումը, և դրանք ընդհատվել են[1]։

1885-1886 թվականներին քաղաքում պեղումներ կատարեցին ֆրանսիական հետազոտողներ Մարսել-Օգյուստ և Ժաննա Դյելաֆուաները։ Հիմնական պեղումները կատարվել են Ապադանայում, որտեղ հայտնաբերվել են Դարեհ I-ի պալատի մաս կազմող այսպես կոչված առյուծների և նետաձիգների զարդաքանդակներ (ֆրիզները), և Թագավորական քաղաքում[1]։

Հետագա ուսումնասիրությունները մինչև 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունը կատարվել են ֆրանսիական հետազոտողների կողմից. 1894 և 1899 թվականի համաձայնագրով ֆրանսիացիները ստացել են Իրանի տարածքում հնագիտական պեղումներ կատարելու բացառիկ իրավունք[1][2]։

Ժակ դը Մորգանի և Ռոլանդ դը Մեքուենեմի պեղումները

1897 թվականից ֆրանսիական հետազոտողները սկսել են քաղաքի լայնածավալ պեղումները, որոնք 1897-1912 թվականներին ընթացել են Ժակ դը Մորգանի ղեկավարության տակ։ Վերջինիս օրոք պեղումների հիմնական մասը կատարվել է Ակրոպոլիսի տարածքում։ 1897-1908 թվականներին այստեղ են հայտնաբերվել Շոշի առավել հայտնի գտածոներից Նարամսինի ստելան, Համմուրաբիի օրենքները կրող ստելան, Մանիշթուշուի կոթողը, Նապիր-Ասու թագուհու բրոնզից և պղնձից արձանը, մի շարք բաբելոնյան սահմանաքարեր։ Հայտնաբերվել են նաև գրերով ծածկված հազարավոր աղյուսներ, էլամական շրջանի կրոնական կառույցների մնացորդներ և այլն[1]։

1908 թվականից դը Մորգանի բացակայության պայմաններում պեղումների անմիջական ղեկավարությունն իրականացրել է Ռոլանդ դը Մեքուենեմը (Roland de Mecquenem)։ Շարունակելով պեղումները` հետազոտողները 1908 թվականին հասել են հնագիտական շերտի վերջին` Ակրոպոլիսի մակերևույթից 28 մ խորության վրա։ Ամենաստորին շերտում հայտնաբերվել է մ.թ.ա. V հազարամյակի առաջին կեսի նեկրոպոլիս` մեծ քանակությամբ խեցեղեն պարունակող գերեզմաններով։ Պեղումները շարունակվել են նաև Ապադանայի տարածքում, նախնական պեղումներ են կատարվել Արհեստավորների քաղաքի տարածքում։

1912 թվականին դը Մորգանը հրաժարական է ներկայացրել, որից հետո դը Մեքուենեմը դարձել է հետազոտությունների պաշտոնական ղեկավարը։ Պեղումները շարունակվել են մինչև 1914 թվականը` այնուհետ ընդհատվելով Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով։ Դը Մեքուենեմի ղեկավարության ներքո պեղումները շարունակվել են պատերազմի ավարտից հետո` ընթանալով մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը 1939 թվականին։Այս պեղումներն ընթացել են բոլոր չորս բլուրների տարածքում։ Հայտնաբերվել են Սասանյան, Պարթևական, Սելևկյան, Աքեմենյան, էլամական և նախաէլամական ժամանակաշրջանի զանազան հնություններ և շինությունների մնացորդներ[1]։

Քաղաքատեղին հիմնականում ընդգրկում է չորս զանգվածեղ կավե բլուր՝ տարբեր ժամանակաշրջանների մշակութային շերտերով։ Ամենավաղ՝ էնեոլիթյան շերտում (մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակի 1-ին կես) հայտնաբերվել են պարսպապատ երկրագործական բնակավայրի մնացորդներ, զարդանկարներով (թևավոր առյուծ, գառնանգղ, գիշատիչ թռչուն, քարայծ և այլն) խեցեղեն, քարե և պղնձե առարկաներ, կնիքներ։ Հաջորդ շերտերի ուսումնասիրությունները ցույց են տալիս բնակավայրի անընդմեջ աճը, մետաղամշակության առաջընթացը, նախաելամական պատկերային գրության և մոնումենտալ ճարտարապետության առաջացումը։ Թագավորների դամբարանները, աշխատանքի բազմաթիվ գործիքները, ոսկե առարկաները վկայում են, որ մեր թվարկությունից առաջ հազարամյակում Շոշը եղել է առևտրական և քաղաքական նշանավոր կենտրոն՝ կազմավորված վաղ դասակարգային հասարակությամբ։ Մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի 2-րդ կեսից մինչև մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջը Շոշը եղել է Էլամի մայրաքաղաքը։ Այդ շրջանին են վերաբերում էլամական արվեստի նշանավոր ստեղծագործություններ և Միջագետք կատարած արշավանքի ընթացքում ավարառված մի շարք հուշարձաններ (Համմուրաբիի օրենքները և Նարամսինի կոթողները)։ Գլուխգործոց է Ունտուշ-Նապիրիշ թագավորի (մ.թ.ա. 13-րդ դարում) կնոջ՝ Նապիր-Ասուի բրոնզե անդրին (1800 կիլոգրամ)։ Մ.թ.ա. 645 թ. Շոշը կողոպտել և տաճարներն ավերել են ասորեստանցիները։ Էլամի նվաճումից (մ.թ.ա. 538 թ.) հետո Շոշը դարձել է Աքեմենյանների ձմեռային նստավայրը։ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո (մ.թ.ա.4-րդ դարում) Շոշն ստացել է հունական պոլիսի կառուցվածք։

Շոշում հետագա հայտնագործությունները վերաբերում են 9-10-րդ դարերին։ Գիտական կարևոր արժեք ունեն Շոշում հայտնաբերված սեպագիր արձանագրությունները (աքքադական Նարամսին թագավորի հետ կնքված պայմանագիրը, էլամական թագավորների արձանագրությունները, տնտեսական և իրավական բնույթի փաստաթղթեր)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոշ (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 541