Շշի նետում

Շշի նետում (անգլ.՝ Water Bottle Flip Challenge, բառացի՝ Ջրի շշի նետման մարտահրավեր), մարտահրավեր, որի նպատակն է մասամբ ջրով լցված պլաստիկ շիշը նետել այնպես, որպեսզի այն պտտվելուց հետո ընկնի որևէ մակերեսի վրա ու մնա դրա վրա ուղիղ դիրքով։ Հնարքը միջազգային տարածում է ստացել 2016 թվականին, համացանցում տեղադրվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս այս զվարճանքի հետևորդների հաջողությունը[1]։

Շշի նետում

Մարտահրավերը քննադատվել է հասարակական կարգը խանգարելու պատճառ դառնալու համար։ Աշակերտների ծնողներն ու ուսուցիչները հիասթափություն են հայտնում նման պրակտիկայի ի հայտ գալու կապակցությամբ[2][3][4][5][6], ինչի արդյունքում խաղն արգելվել է աշխարհի մի շարք դպրոցներում[2][3][4][7][8][9]։

Պատմություն

Մարտահրավերը հայտնի է դարձել 2016 թվականին, երբ դեռահաս Մայքլ Սենատորեն համացանցում տեղադրել է մի վիրուսային տեսահոլովակ, որը նկարահանվել էր Ardrey Kell College-ում (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա) տաղանդների շոուին մասնակցության շրջանակներում[3][5][6][7][10][11][12][13]։ Նա սկսել էր պարապել դրանից մեկ տարի առաջ քիմիայի կաբինետում և հաջողությամբ տիրապետել էր այդ հնարքին[11]։ Տեսահոլովակը վիրուսային տարածում է գտել, դրա օրինակով հոլովակներ են սկսել հրապարակել Միացյալ Նահանգներում, իսկ ավելի ուշ՝ ամբողջ աշխարհում[11]։

Նկարագրություն

Հնարքը ջրի պլաստիկ շիշը նետելն է։ Ջուրը զբաղեցնում է շշի միայն մի մասը, որը նետելիս պետք է պահել վերևի հատվածից[7][10]։ Ճիշտ նետվելու դեպքում շիշը ուղղահայաց հարթությունում առնվազն մեկ ամբողջական պտույտ է կատարում և ընկնում ներքև[7][10]։ Եթե հնարքը հաջողված է, շիշը մնում է կանգնած[7][10][11]։

Հնարքի հաջողությունը մեծապես կախված է հեղուկի ընտրված ծավալից. էմպիրիկորեն ապացուցվել է, որ օպտիմալ է շիշը լցնել իր ծավալի մոտ մեկ երրորդով[7][10]։ Դեր է խաղում նաև շշի տեսակը, օրինակ՝ Deer Park Spring Water շշի դեպքում առաջադրանքն ավելի հեշտ է կատարել դրա՝ ավազի ժամացույցի ձևի շնորհիվ[11]։

Հմտության բարձր մակարդակի հասնելուց հետո կազմակերպվում են մրցույթներ մասնակիցների միջև, օրինակ՝ հերթով շպրտել շիշը մինչև ընկնելը կամ շիշը դժվար հասանելի մակերեսի վրա դնել։ Ստեղծվելեն շշեր նետողների թիմեր և լիգաներ։ Երբեմն առաջադրանքը բարդացվում է և ավելացվում են լրացուցիչ պայմաններ՝ շիշը կանգնեցնել խցանի վրա, կառուցել շշերի «աշտարակ», միաժամանակ մի քանի շիշ նետել, շիշը նետել շարժման ընթացքում կամ շիշը նետել շարժվող առարկայի վրա, նետել ոչ ստանդարտ տարաներ և այլն։

Ամենից հաճախ խաղի մեջ օգտագործվում են ջրի մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշեր՝ դրանց հասանելիության պատճառով, սակայն հնարքը կարելի է կատարել այլ տարաներով[2][8]։

Ֆիզիկական տեսանկյունից շշի թռիչքը հաշվարկելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հիդրոդինամիկայի, անկյունային արագացման, կենտրոնաձիգ ուժի և ձգողության օրենքները[7][14]։

Այս հնարքը վերարտադրելու համար գրվել են մի քանի բջջային հավելվածներ, որոնցից մեկը՝ Bottle Flip 2k16-ը, առաջին ամսվա ընթացքում երեք միլիոն անգամ ներբեռնվել է օգտատերերի սարքերում[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ