Նշաձև մարմին

Նշաձև մարմին, ամիգդալա (լատին․՝ corpus amygdaloideum), գլխուղեղի նշաձև հատված, որը գտնվում է գլխուղեղի քունքային բլթի կեղևի տակ՝ սպիտակ նյութում, քունքային գոտուց մոտ 1,5-2,0 սմ հետ։ Յուրաքանչյուր կիսագնդում կան մեկական նշաձև մարմին[3]։ Նշաձև մարմինը առանցքային դեր է կատարում հույզերի՝ հատկապես վախի, ձևավորման գործընթացում։ Ուրբախ-Վիտեի հիվանդության դեպքում ամբողջությամբ քայքայվում են նշաձև մարմինները, որի արդյունքում հիվանդների մոտ բացակայում է վախի զգացումը[4][5][6]։ Նշաձև մարմինը կարևոր դեր ունի հիշողության գործընթացներում, որոշումների ընդունման և հուզական ռեակցիաներում[7]։ Նշաձև մարմինը լիմբիական համակարգի մասն է և պատկանում է ենթակեղևային հոտառական կենտրոններին։

Նշաձև մարմին
Տեսակգլխուղեղի հատված և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասգլխուղեղի հատված, basal ganglion of telencephalon?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էգլխուղեղ
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
amygdala development?
MeSHA08.186.211.180.090 և A08.186.211.200.885.287.249.152
Foundational Model of Anatomy61841
Terminologia Anatomica 98A14.1.09.402
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
 Amygdala Վիքիպահեստում

Կառուցվածք

Նշաձև մարմնի ֆունկցիոնալ գոտիներ

Նշաձև մարմինը միավորում է մարդու և կենդանիների գլխուղեղի ֆունկցիոնալ առումով միմյանց նման կառույցները[8]։ Այդ կառույցների կազմության մեջ են մտնում հիմակողմնային համալիրը, կեղևի կորիզները, կենտրոնական կորիզը և ինտերստիցիալ բջիջները։ Իր հերթին հիմակողմնային համալիրը կազմված է կողմնային, հիմային և հավելյալ կորիզներից[7][9][10]։ Անատոմիական՝ նշաձև մարմինը[11]՝ հատկապես նրա կենտրոնական և միջային կորիզները[12], երբեմն մտնում են հիմային հանգույցների կազմության մեջ։

Տարբերություններ գլխուղեղի կեղևում

Աջ և ձախ նշաձև մարմինները տարբերվում են իրենց գործառույթներով։ Հետազոտությունները ցույց են տվել, որ աջ նշաձև մարմնի էլեկտրական խթանումը առաջացնում է բացասական հույզեր՝ հատկապես վախ և տխրություն։ Ձախ նշաձև մարմնի խթանումը՝ հիմնականում դրական (ուրախություն), հազվադեպ՝ բացասական հույզեր[12]։ Մեկ այլ հետազոտություն ապացուցում է, որ նշաձև մարմինը մարդու օրգանիզմում ինքնակառավարվող դեր ունի[13]։

Տեղեկատվության ընկալման և վերամշակման գործում յուրաքանչյուր կիսագունդ ունի որոշակի մասնագիտացում։ Աջ և ձախ նշաձև մարմինները ունեն հիշողության ինքնավար համակարգեր, բայց հույզերի մասին տեղեկատվության պահպանման, կոդավորման, վերամշակման ժամանակ գործում են միասին։

Աջ կիսագունդը ասոցացվում է բացասական հույզերի հետ։ Այն վախի առաջացման և արտահայտման գործում մեծ դեր ունի։ Վախի ձևավորումը, երբ չեզոք ազդակը դառնում է բացասական,նույնպես վերահսկվում է աջ կիսագնդի կողմից։ Երբ մարդու վրա ազդում է ծանոթ բացասական ազդակ, այն նույնպես վերամշակվում է ուղեղի աջ կիսագնդի կողմից, և առաջացնում պատասխան՝ վախի կամ զզվանքի տեսքով։ Նման պատասխանը ստիպում է անհատին հետագայում խուսափել բացասական գրգռիչներից։

Աջ կիսագունդը կապված է նաև երկարաժամկետ հիշողության հետ, որը բաղկացած է նախկինում ապրած իրադարձությունների մասին փաստերից և տեղեկատվությունից, որոնք կարող են հիշվել գիտակցաբար։ Այն զգալի դեր է խաղում նաև կարճաժամկետ հիշողության մեջ։ Կարճաժամկետ հիշողությունը ներառում է հիշողության ինքնակենսագրական ասպեկտներ, որոնք թույլ են տալիս հիշողության մեջ վերակենդանացնել հուզական զգացումները, որոնք զգացել ենք որոշակի պահին։ Հիշողության այս տեսակը կարող է գիտակցված չլինել։ Աջ նշաձև մարմինը մեծ դեր է խաղում ժամանակի և վայրի հետ որևէ հուզական փորձ կապելու գործում[14]։

Զարգացում

Տարիների ընթացքում նշաձև մարմինը զգալի փոփոխությունների է ենթարկվում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ[15]։ Կանանց մոտ այն ավելի արագ է զարգանում՝ հասնելով իր զարգացման գագաթնակետին մեկուկես տարի շուտ, քան տղամարդկանց մոտ։ Հնարավոր է, որ տղամարդկանց ավելի ուշ զարգացումը պայմանավորված է նրանով, որ տղամարդկանց մոտ նշաձև մարմինը ավելի մեծ է, քան կանաց մոտ։

Նշաձև մարմնի տեսքը ՄՇՌ հետազոտության ժամանակ

Սեռով պայմանավորված տարբերությունները կապված են նաև տղամարդկանց և կանանց հորմոնալ ֆոնի, նյարդային համակարգի կառուցվածքի տարբերություններով։ Նշաձև մարմինը պարունակում է մեծ քանակությամբ անդրոգենային ընկալիչներ՝ կորիզային ընկալիչներ, որոնք կապում են տեստոստերոնը։ Անդրոգենային ընկալիչները դեր են խաղում ԴՆԹ-ի սինթեզում, որը պատասխանատու է գեների էքսպրեսիայի համար։ Չնայած տեստոստերոնը առկա է կանանց մոտ շատ քիչ քանակությամբ, բայց դրա պարունակությունը շատ ավելի ցածր է, քան տղամարդկանց մոտ։ Տղամարդկանց օրգանիզմում տեստոստերոնի առատությունը ազդում է նշաձև մարմնի զարգացման վրա։ Նշաձև մարմնում գորշ նյութի ծավալը կարելի է կանխատեսել տեստոստերոնի մակարդակով։ Այս փաստը ևս ազդում է տղամարդկանց մոտ նշաձև մարմնի չափերի վրա։

Զարգացման տարբերությունները նկատվում են ոչ միայն տարբեր սեռերի մարդկանց մոտ։ Աջ և ձախ նշաձև մարմինները նույնպես տարբեր կերպ են զարգանում։ Ձախը զարգացման գագաթնակետին է հասնում 1,5-ից 2 տարի շուտ, քան աջը։ Չնայած ձախ նշաձև մարմնի վաղ զարգացմանը, աջը երկար ժամանակ շարունակում է մեծանալ ծավալով։ Աջ նշաձև մարմինը պատասխանատու է վախի և դեմքերի ճանաչման համար։ Ձախ նշաձև մարմնի վաղ զարգացումը հնարավորություն է տալիս արձագանքել վտանգներին մանկական հասակում[16]։ Նույնիսկ մանկության տարիներին այն տարբեր արձագանքներ է տալիս և՛ հակառակ, և՛ համանուն սեռի նկատմամբ։ Սեռական հասունության պուբերտատային շրջանում արձագանքների տարբերությունը մի քանի անգամ ավելանում է[17]։

Սեռով պայմանավորված տարբերություններ

Նշաձև մարմինը ուղեղի առավել ուսումնասիրված հատվածներից մեկն է՝ սեռերի միջև տարբերությունների առումով։ Արական սեռի մոտ ամիգդալան ավելի մեծ է մանկական[15] և հասուն տարիքում[17], ինչպես նաև հասուն առնետների դեպքում[18]։

Բացի չափերի տարբերությունից, սեռերի միջև կան նաև այլ տարբերություններ։ Ուսումնասիրվել է տղամարդկանց և կանանց ամիգդալայի ակտիվացումը սարսափ ֆիլմեր դիտելիս։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ տարբեր սեռերի մոտ ակտիվանում են տարբեր կիսագնդեր։ Բարձր ակտիվություն է նկատվել տղամարդկանց աջ կիսագնդի նշաձև մարմնում, իսկ կանանց ձախ կիսագնդի նշաձև մարմնում։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ միջինում կանայք ավելի լավ են հիշում հուզական հագեցած իրադարձությունները, քան տղամարդիկ[19]։

Աջ նշաձև մարմինը նույնպես կապված է որոշումների կայացման և բացասական հույզերի առաջացման հետ[20], ինչը կարող է բացատրել այն փաստը, թե ինչու՞ են տղամարդիկ հաճախ արձագանքում սթրեսային իրավիճակներին ֆիզիկական ուժի ցուցադրմամբ։ Ձախ ամիգդալան պայմանավորում է սթրեսային իրադարձության մանրամասների հիշեցումը, և հրահրում ավելի շատ մտավոր արձագանք, քան ֆիզիկական։

Գործառույթ

Կապ ուղեղի այլ հատվածների հետ

Ամիգդալան ազդակներ է ուղարկում ենթատեսաթումբ, մեջքամիջային տեսաթումբ, տեսաթմբի ռետիկուլյար կորիզ, գանգային երրորդ և դիմային նյարդի կորիզներ, միջին ուղեղի՝ ծածկի փորային մասի, կապույտ բծի և մեջքակողմնային կորիզներ[9]։ Միջային կորիզը ներգրավված է հոտառության և ֆերոմոնների ընկալման գործընթացում։ Այն տեղեկատվություն է ստանում հոտառական կոճղեզից և հոտառական կեղևից[21]։ Կողմնային կորիզը, որը ազդակներ է ուղարկում հիմակողմնային համալիրին և կենտրոնական կորիզին, տեղեկատվություն է ստանում զգայարաններից։ Այս կառույցները ներգրավված են նաև առնետների և կատուների հույզերի առաջացման մեջ[9][10][22]։

Հուզական ռեֆլեքսներ

Ուղեղի հորիզոնական կտրվածք՝ երրորդ փորոքի մակարդակին։Նշաձև մարմինը նշված է մանուշակագույնով։

Բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների, ներառյալ մարդկանց ամիգդալան կարևոր դեր է խաղում հուզականորեն գունավորված ինքնակենսագրական հիշողությունների ձևավորման և պահպանման գործում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վախի ռեֆլեքսի ձևավորման ժամանակ գրգիռները հասնում են ամիգդալայի հիմակողմնային համալիր, հատկապես՝ կողմնային կորիզ, որտեղ տեղի է ունենում նմանատիպ գրգիռների մշակում և մտապահում։ Գրգռիչների և դրանց հաջորդող տհաճ հետևանքների միջև կապը կարող է պայմանավորված լինել ներգրավված նեյրոնների միջև ազդանշանի երկարաժամկետ հոսքով[23][24], այսինքն՝ գործող նեյրոնների մեջ ազդակի կայուն ուժեղացմամբ[25][26]։

Ենթադրվում է, որ հույզերի մասին հիշողությունը մնում է ողջ ուղեղի սինապսներում։ Օրինակ՝ զգացած վախի մասին հիշողությունը պահվում է ամիգդալայի կողմնային, կենտրոնական և սահմանային շերտի կորիզների սինապսներում։ Իհարկե, սա վախի հիշողությունների միակ գոտին չէ[27]։ Կենտրոնական կորիզը, հիպոկամպի հետ միասին, ներգրավված է նաև ինքնապահպանման և պաշտպանական վարքի, Ինքնավար նյարդային համակարգի ռեֆլեքսների ստեղծման գործընթացներում, ինչպես նաև ներզատական գործընթացներում (սթրեսի հորմոնի արտադրում)։ Ամիգդալայի վնասումը հանգեցնում է վախի պայմանական ռեֆլեքսի ձևավորման խախտմանը[25]։

Նշաձև մարմինները նույնպես ներգրավված են ախորժակի ձևավորման գործընթացում։ Առնետների մոտ նշաձև մարմնի աշխատանքի խանգարումները ցույց տվեցին սննդով խթանված ուսուցման նվազում[28][29]։ Միայն հիմակողմնային կորիզի վնասումն է,որ ազդեցություն չի ունենում ախորժակի ձևավորման վրա[30]։ Ուսումնասիրությունն ապացուցում է, որ ամիգդալայի տարբեր կորիզներ տարբեր դեր են խաղում ախորժակի հետ կապված ռեֆլեքսների ձևավորման գործում[31][32]։ Ոչ ցնդող ֆերոմոնները մկների մոտ առաջացնում են խոփաքթային համակարգի ակտիվացում, մինչդեռ ցնդող ֆերոմոնները միայն հոտառական համակարգը[33][34]։

Հիշողության մոդուլյացիա

Ամիգդալան նույնպես ներգրավված է երկարաժամկետ հիշողության ձևավորման գործընթացներում։ Երկարաժամկետ հիշողությունը ձևավորվում է ուսուցման գործընթացից միայն որոշ ժամանակ անց։ Տեղեկատվությունը աստիճանաբար կարճաժամկետ հիշողությունից վերածվում է երկարաժամկետ հիշողության՝ օգտագործելով երկարաժամկետ հզորացման մեխանիզմը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամիգդալան կարգավորում է հիշողության գործընթացները ուղեղի այլ շրջաններում ևս։ Վախի պայմանական ռեֆլեքսի ձևավորումը նույնպես պայմանավորված է երկարաժամկետ հզորացման մեխանիզմով[23][24]։

Պարզվում է, որ որքան ուժեղ է հուզական ցնցումը, որն ուղեկցում է որևէ իրադարձության, այնքան ավելի վառ կլինեն այդ իրադարձության մասին հիշողությունները։ Զգացմունքներով ուղեկցվող ուսուցումը ավելի երկար կմնա հիշողության մեջ։ Փորձերը ցույց են տվել, որ մկներին ճառագայթահարելիս, նրանց սթրեսի հորմոնի ներարկումն ուժեղացրել է ուսուցման արդյունավետությունը[35]։ Նման փորձերում ուսուցումը ներառում էր պայմանական ռեֆլեքսի ձևավորման համար անհրաժեշտ առաջադրանքներ, օրինակ ՝ որոշակի գրգռիչից խուսափելը, ինչպիսին է էլեկտրահարությունը, կամ ավելի բարդ առաջադրանքներ, ինչպիսին է լաբիրինթոս անցնելը։ Ամիգդալան ակտիվացնող դեղամիջոցների ներարկումները նպաստեցին առաջադրանքների ավելի լավ հիշմանը[36]։

Բուդդայական վանականները, որոնք զբաղվում էին մեդիտացիայով,որը նպաստում էր նշաձև մարմնի գործունեության ակտիվացմանը[37]։ Ընդ որում փորձառու վանականների մոտ գրանցվել է ամիգդալայի ավելի բարձր ակտիվություն[38][39]։

Հուզականորեն ավելի գունավորված տեղեկատվությունը ուժեղացնում է ամիգդալայի գործունեությունը, որն ուղղակիորեն փոխկապակցված է տեղեկատվության պահպանման հետ։ Նշաձև մարմնի նեյրոնները առաջացնում են տարբեր տատանումներ, ինչպիսիք են θ-ալիքները։ Նեյրոնների նման ակտիվությունը կարող է առաջացնել սինապտիկ շարժունակություն (պլաստիկություն)՝ ավելացնելով կեղևի և քունքային բլթի հատվածների միջև կապերի քանակը, որոնք մասնակցում են հիշողության ձևավորմանը[40]։

Ռորշախի թեստի օգտագործմամբ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թեստի նկարների ինքնատիպ մեկնաբանությունների թիվն ավելի մեծ է խոշոր նշաձև մարմին ունեցող մարդկանց մոտ։ Այսպիսով, ուղեղի ստեղծագործական գործունեությունը կարող է կապված լինել նշաձև մարմնի չափի հետ[41]։

Գործառույթների նյարդաֆիզիոլոգիական հիմքեր

Ռորշախի թեստ

Պրիմատների ուսումնասիրությունները տվել են նշաձև մարմնի աշխատանքի մեխանիզմների առաջին բացատրությունները, ինչպես նաև հիմք են հանդիսացել հետագա հետազոտությունների համար։ 1888 թվականին ուսումնասիրվել են քունքային բլթի հեռացրած կեղևով մակակ ռեզուս կապիկները[42]։ Հայնրիխ Կլյուվերը և Փոլ Բյուսին հետագայում ընդլայնեել են այս ուսումնասիրությունը՝ հեռացնելով առաջային քունքային բիլթը և փորձարկվողների մոտ նկատել են գերակտիվություն, գերհուզականություն, վախի կորուստ, հիպերսեքսուալություն և հիպերօրալություն (օտար առարկաները բերանի խոռոչ դնելու հակում)։ Որոշ կապիկներ ի վիճակի չէին ճանաչել ծանոթ առարկաները, փորձարարների հանդեպ արտահայտում էին վախի լիակատար բացակայություն։ Վարքի այս խանգարումը կոչվել է Կլյուվեր-Բյուսի համախտանիշ[43], և հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ռեակցիաները պայմանավորված էին նշաձև մարմնի բացակայությամբ։ Մայր կապիկների մոտ նկատվել է մայրական բնազդի խանգարում։ 1981 թվականին հայտնաբերվել է, որ ռադիոալիքներով ամիգդալայի վնասումը նույնպես առաջացնում է Կլյուվեր-Բյուսի համախտանիշ[44]։

ՄՇՌ-ի տեխնոլոգիայի զարգացման հետ մեկտեղ նյարդաֆիզիոլոգները մի քանի կարևոր հայտնագործություններ են կատարել ամիգդալայի վերաբերյալ։ Ամիգդալայի ֆունկցիայի խանգարումները հանգեցնում են տարբեր հոգեկան խանգարումների։ Տագնապային խանգարումներ ունեցող երեխաների մոտ նկատվել է ձախ նշաձև մարմնի չափերի նվազում։ Հակադեպրեսանտ դեղամիջոցների օգտագործումը հանգեցրել է ձախ ամիգդալայի մեծացմանը[45]։ Ձախ ամիգդալան նույնպես դեր է խաղում սոցիոֆոբիայի, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումների, հետտրավմատիկ սթրեսի և ընդհանուր անհանգստության մեջ։ 2003 թվականին սահմանային անձնային խանգարում ունեցող հիվանդների մոտ նույնպես ձախ ամիգդալայի մեծացում է գրանցվել։ Որոշ նման հիվանդներ դժվարությամբ էին տարբերակում նկարում պատկերված դեմքերը, որոնք արտահայտում էին վախ[46]։ Փսիխոպաթիա ունեցող անձանց մոտ նկատվել են վեգետատիվ ռեակցիաների նվազում[47]։ Ամիգդալայի գերակտիվություն գրանցվել է վախեցած դեմքերով նկարներ դիտելիս։ Սոցիոֆոբիայով հիվանդների մոտ նկատվել է ամիգդալայի ակտիվության բարձրացում[48]։ Դեպրեսիայով հիվանդների մոտ վախեցած դեմքերին նայելիս ամիգդալայի ակտիվության բարձրացում էր նկատվում, սակայն այդ ախտանշանները ամոքվում էին հակադեպրեսանտներ կիրառելիս[49]։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունեցող հիվանդների մոտ այն ավելի փոքր է, քան առողջ մարդկանց մոտ[50]։ Շատ ուսումնասիրություններ ապացուցում են ամիգդալայի կապը աուտիզմի հետ[51]։

2004 և 2006 թվականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն հիվանդների մոտ, որոնց ցույց են տվել այլ ռասաների վախեցած դեմքեր, նկատվել է ամիգդալայի ակտիվության բարձրացում՝ նույնիսկ եթե ցուցադրված նկարները չեն հասել գիտակցությանը և ընկալվել են միայն ենթագիտակցության մակարդակում[52][53]։ Միևնույն ժամանակ, ամիգդալան որոշիչ չէ վախի արձագանքի ձևավորման գործում։ Նշաձև մարմնի երկկողմանի հեռացրած անձանց մոտ նկատվում է բավականին արագ արձագանք վախեցնող նկարների նկատմամբ[54]։

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մակաբույծները, հատկապես տոքսոպլազման, ցիստեր են դնում նշաձև մարմնում, որը հրահրում է յուրահատուկ խանգարումների զարգացումը, ինչպիսիք են պարանոյան[55]։

Ենթադրվում է, որ ամիգդալան կարող է մասնակցել դրական հույզերի ձևավորմանը՝ փոխազդելով ուղեղի այլ հատվածների հետ[56]։

Սեռական կողմնորոշում

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, մարդու սեռական կողմնորոշման կախվածությունը նշաձև մարմնի վիճակից։ Հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ ամիգդալան ավելի շատ աշխատում է կանանց բնորոշ կերպով (գերակշռում է ձախը), մինչդեռ հոմոսեքսուալ կանանց մոտ այն ավելի շատ աշխատում է տղամարդկանց բնորոշ կերպով (գերակշռում է աջը)[57][58]։

Սոցիալական ազդեցություն

Նշաձև մարմնի չափը ուղղակիորեն փոխկապակցված է անձի սոցիալական փոխազդեցությունների չափի (շփումների քանակի) և բարդության (սոցիալական խմբերի քանակի, որին պատկանում է անձը) հետ[59][60]։ Որքան մեծ է ամիգդալան, այնքան ավելի բարդ են մարդու սոցիալական փոխհարաբերությունները։ Ավելի մեծ ամիգդալա ունեցող մարդիկ ունակ են ավելի լավ հիշել և գնահատել այլ մարդկանց արտաքին տեսքը[61]։ Բացի այդ, նշաձև մարմինը մասնակցում է դեմքի արտահայտությամբ հույզերի ճանաչմանը, բայց չի մասնակցում տվյալ անձի հայացքի ուղղությունը որոշելուն[62][63]։

Մարդու հուզական ինտելեկտը նույնպես կախված է նշաձև մարմնից։ Ենթադրվում է, որ ամիգդալայի մեծ չափը թույլ է տալիս ավելի լավ ինտեգրվել հասարակության մեջ և շփվել մարդկանց հետ[64]։

Ամիգդալան պատասխանատու է մարդու անձնական սահմանների խախտման հետ կապված պատասխանների համար։ Այս ռեակցիաները բացակայում են ուղեղի տվյալ հատվածի վնասվածքներ ունեցող անձանց մոտ[65]։

Ագրեսիա

Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամիգդալան խթանում է ինչպես սեռական, այնպես էլ ագրեսիվ վարքը։ Միևնույն ժամանակ, ամիգդալայի հեռացումը հանգեցնում է այդ գործառույթների արգելակմանը։ Սա ապացուցում է, որ ամիգդալան ներգրավված է ագրեսիայի ձևավորման մեջ[66]։

Վախ

Ուրբախ-Վիտեի հիվանդությամբ մարդկանց մոտ արձանագրվել են նշաձև մարմնի երկկողմանի բացակայության դեպքեր[67][68]։ Սովորական կյանքում նման հիվանդները ի վիճակի չեն վախ զգալ, ինչը ապացուցում է ամիգդալայի անփոխարինելի դերը վախի առաջացման գործում։ Միայն 2013 թվականին է հայտնաբերվել նման հիվանդներին վախեցնելու միջոց. դրա համար անհրաժեշտ է կատարել 35 տոկոս ածխաթթու գազ պարունակող օդով ինհալացիա[69][70]։

Հարբեցողություն

Ամիգդալան կարևոր դեր է խաղում ալկոհոլիզմի զարգացման մեջ, քանի որ այն վնասվում է ներթունավորման և հարբեցողության հետևանքով[71]։ Հարբեցողությունը բթացնում է ուղեղի՝ հուզական ընկալման համար պատասխանատու ռեակցիաները[72]։ Նշաձև մարմնի պրոտեին կինազ C-ն պատասխանատու է էթանոլի, մորֆինի նկատմամբ օրգանիզմի արձագանքի և վարքի կարգավորման համար։ Այս սպիտակուցը ներգրավված է այլ սպիտակուցների գործունեության կառավարման մեջ և կարևոր դեր է խաղում մեծ քանակությամբ ալկոհոլի նկատմամբ օրգանիզմի հարմարման գործում[73][74]։

Անհանգստություն

Հնարավոր է ամիգդալայի և անհանգստության միջև կապի առկայություն[75]։ Օրինակ ՝ կանանց մոտ ավելի հաճախ են հանդիպում տագնապային խանգարումները։ Մի փորձի ընթացքում դեգուի ձագերը վերցրել են իրենց մայրերից, բայց մնացել են նրանցից այնքան հեռավորության վրա, որ լսեն նրանց կանչող ձայները։ Ի պատասխան, արական սեռի առանձնյակների մոտ նկատվել է ամիգդալայի սերոտոնինային ընկալիչների արտադրության ավելացում, մինչդեռ էգ առանձնյակների մոտ դրանք նվազել են։ Այսպիսով, արու առանձնյակները ավելի քիչ էին սթրեսի ենթարկվում։

Նշաձև մարմնի բջիջների խմբերը ակտիվանում են վախի կամ ագրեսիայի զգացուման ժամանակ։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ամիգդալան պատասխանատու է պայքարի ռեֆլեքսի համար։ Անհանգստության և խուճապիային գրոհները կարող են առաջանալ այն պահերին, երբ գրգռիչները ազդում են նշաձև մարմնի վրա, որոնք հրահրում են մարմնին մտնել պայքարի մեջ։ Այս դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Ամիգդալան ուղղակիորեն կապված է պայմանական վախի հետ։ Պայմանական վախը սահմանում է, որն օգտագործվում է վարքագիծը նկարագրելու համար, որը արտահայտվում է այն ժամանակ, երբ չեզոք գրգռիչը զուգակցվում է վախ առաջացնող գրգռիչի հետ։ Նշաձև մարմինը համարվում է վախի կենտրոնական օղակն օրգանիզմում։ Վախը չափվում է վեգետատիվ ակտիվության փոփոխությամբ, ներառյալ սրտի զարկերի ավելացումը, արյան ճնշման բարձրացումը և թարթելու ռեֆլեքսը։

Ամիգդալայի կենտրոնական կորիզը անմիջական կապեր ունի ենթատեսաթմբի և ուղեղի ցողունի հետ՝ վախի համար պատասխանատու գոտիների։ Այս կապը հաստատվում է ուսումնասիրություններով, որոնց մոտ կենդանիների ամիգդալան հեռացվել է։ Հեռացված ամիգդալայով կենդանիները ավելի թույլ արձագանք են ցուցաբերել գրգռիչներին և ցուցադրել են տվյալ տեսակի համար ոչ բնորոշ վարք։

Անհանգստության զգացումը հարուցվում է կատալիզատորի կողմից՝ արտաքին գրգռիչի, որը հրահրում է սթրեսը և առաջացնում բացասական հույզեր։ Նման գրգռիչները կարող են լինել որոշակի հոտեր, նկարներ և ներքին զգացողություններ, որոնք սովորաբար կապված են սթրեսային իրադարձությունների հետ, որոնք պահպանվում են հիշողության մեջ։ Ամիգդալան պատրաստում է օրգանիզմը երկու հնարավոր ծրագրերի՝ կանգնել և պայքարել վտանգի դեմ կամ շրջվել և փախչել։ Անհանգստության կարգավորման մեջ ամիգդալայի դերի ավելի լավ կարգավորումը կարող է հանգեցնել տագնապային խանգարումների բուժման նոր եղանակների հայտնաբերմանը[76]։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Կապ կա ամիգդալայի աշխատանքի և հետտրավմատիկ պայմաններում ուղեղի աշխատանքի միջև։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ ամիգդալան կարող է պատասխանատու լինել հետտրավմատիկ սթրեսային խանգարման համար։ Այս համախտանիշով հիվանդների մոտ նկատվել է նշաձև մարմնի ակտիվության աճ, երբ նրանց ցույց են տվել նկարներ, որոնցում պատկերված են վախեցած մարդիկ[77]։

Երկբևեռ աֆեկտիվ խանգարում

Երկբևեռ խանգարման ժամանակ, դեմքի տարբեր արտահայտությունները պայմանավորված են ամիգդալայի դիսֆունկցիայով։ Երկբևեռ խանգարում ունեցող հիվանդներին բնորոշ է ամիգդալայի ակտիվության բարձրացում[78][79]։

Ազդեցություն քաղաքական կողմնորոշման վրա

90 մասնակիցների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամիգդալայի չափերը փոխկապակցված են մարդկանց քաղաքական հայացքների հետ։ 2011 թվականին անցկացված փորձի հեղինակները ուղեղի կեղևի գորշ նյութի բարձր ծավալը կապում էին դեպի լիբերալիզմ հակվածության հետ, իսկ աջ ամիգդալայում գորշ նյութի ծավալի ավելացումը ՝ պահպանողական հայացքների հետ[80]։

Տես նաև

Գրականություն

  • Анатомия человека. Сапин Михаил Романович, Швецов Эдуард, Феникс, 2008 г. ISBN 5-222-04099-2
  • Основы нейрофизиологии: Учебное пособие для студентов вузов, Шульговский В. В. Ш95 . — М.: Аспект Пресс, 2000. с. 277. ISBN 5-7567-0134-6
  • Neurophysiology: A Conceptual Approach, Fifth Edition 5th. Roger Carpenter, Benjamin Reddi ISBN 978-1444135176
  • Amygdala Joseph E. LeDoux, Scholarpedia, 3(4):2698. doi:10.4249/scholarpedia.2698

Ծանոթագրություններ

Արտաքին հղում

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա