Նաիրի Սեդրակյան

Նաիրի Սեդրակյան (հուլիսի 25, 1961(1961-07-25) կամ 1961[1], Նինոծմինդա, Վրաստան), հայ մաթեմատիկոս, ով ներգրավված է եղել մաթեմատիկայի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում, լինելով` Հայաստանում կազմակերպվող մաթեմատիկայի օլիմպիադաների ղեկավար[2], Հայաստանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում ներկայացնող թիմերի մարզիչ, մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ժուրիի և խնդիրների ընտրման կոմիտեի անդամ[3], Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի ժուրիի անդամ[4], Մետրոպոլիտների միջազգայի օլիմպիադայի խնդիրների ընտրման կոմիտեի անդամ[5]։ Նա նաև հեղինակ է մի շարք խնդիրների, որոնք առաջադրվել են վերը նշված օլիմպիադաներում։ Սեդրակյանը հեղինակ է մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պատմության մեջ ամենադժվարին խնդիրներից մեկին` քսաներեքերորդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հինգերորդ խնդրին[6][7]։ Այս խնդիրը համարվում է ամենադժվարիններից մեկը, քանի որ ամենաուժեղ երկրների թիմերից (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան) ոչ մեկին էլ չհաջողվեց լուծել այն[8][9][10]։ Ավելին` Չինաստանը ներկայացնող թիմի մասնակիցները այդ խնդրի դիմաց ստանալով 0 միավոր զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը, զրկվելով առաջին կամ երկրորդ հորիզոնականներից։ 2014 թվականին նկարահանված բրիտանական ֆիլմում, որը կոչվում է «X+Y» կամ «Երիտասարդ, փայլուն միտքը», այս խնդիրը համարվում է ամենաբարդ խնդիրը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պատմության մեջ[11]։ Սեդրակյանը հեղինակ է նաև չորս այնպիսի խնդիրների, որոնք ընտրվել են Ռումինիայում կայացող մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի հարցաշարի համար։ Նրա աշակերտներից հինգին հաջողվել է վաստակել 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ Հարավային Կորեայում կայացած քառասունմեկերորդ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում[12]։ Ընդ որում աշակերտներից մեկին` Սևակ Մկրտչյանին ընդամենը մեկ միավոր էր պակասում ոսկե մեդալ ստանալու համար[13]։ Այնուհանդերձ, Արթուր Պողոսյանը, ով Նաիրի Սեդրակյանի առաջին աշակերտներից էր, հետագայում վաստակեց ոսկե մեդալ, որը մինչ այժմ Հայաստանի թիմի կողմից վաստակված միակ ոսկե մեդալն է։ Քանի որ բոլոր այս աշակերտները նույն դպրոցից էին, որտեղ Սեդրակյանը դասավանդում էր, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրան շնորհեց Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ հեղինակային անունը։ Սեդրակյանը հատուկ նվեր ստացավ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից[14]։ Նրա որդին` Հայկ Սեդրակյանը ևս մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի մեդալակիր է[15][16][17] :

Նաիրի Սեդրակյան
Դիմանկար
Սեդրակյանը Մոսկվայում
Ծնվել էհուլիսի 25, 1961 (62 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Նինոծմինդա, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
ԱմուսինՄարգարիտա Կարապետյան
ԵրեխաներԱնի Սեդրակյան, Հայկ Սեդրակյան

Նաիրի Սեդրակյանի անվամբ է կոչվում իր ձևակերպած Սեդրակյանի անհավասարությունը։

Նաիրի Սեդրակյանը հեղինակ է 14 գրքի և շուրջ 70 հոդվածի տարբեր երկրներում (ԱՄՆ, Շվեյցարիա, Հարավային Կորեա, Ռուսաստան) խնդիրների լուծման և օլիմպիական մաթեմատիկայի թեմաներով[18][19]։

Վաղ կյանք և կրթություն

Նաիրի Սեդրակյանը ծնվել է Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նինոծմինդա քաղաքում։ 14 տարեկանում նա լքում է Նինոծմինդան` կրթությունը Երևանում շարունակելու նպատակով։ Երևանում ընդունվում է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց։ Կրթությունը շարունակում է Երևանի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, որը համարվում էր համալսարանի ամենաբարդ ֆակուլտետներից մեկը։

Աշխատանքային գործունեություն

Նաիրի Սեդրակյանի աշակերտներից քսանը մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում մեդալակիր են (1 ոսկե մեդալ, 4 արծաթե մեդալ, 15 բրոնզե մեդալ)։ Վերը նշված մեդալների քանակը կազմում է Հայաստանի մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի թիմերի բերած մեդալների կեսից ավելին[20]։

Պարգևներ

  • Ոսկե մեդալ` մաթեմատիկայում կատարած ներդրումների համար, Ռիգայի համալսարան և Լատվիական մաթեմատիկայի ասոցիացիա[21]։
  • Ամենաբարձր պարգևը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից։ Ոսկե մեդալ մաթեմատիկայում օլիմպիական գործունեություն ծավալելու համար։
  • Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ (2000 թվական)։ Մրցանակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից։
  • Հայաստանի Հանրապետության լավագույն ուսուցիչ (1993 թվական)։ Մրցանակ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից։
  • Հատուկ նվեր Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից (2000 թվական)։

Գրքեր

  • Հանրահաշվական անհավասարություններ (տպագրված 2018 թվականին՝ ԱՄՆ- ում, անգլերեն լեզվով)[22]
  • Աստիճանական մոտեցումը մաթեմատիկայում (տպագրված 2018 թվականին՝ ԱՄՆ- ում, անգլերեն լեզվով)[23]
  • Երկրաչափական անհավասարություններ (տպագրված 2017 թվականին՝ Շվեյցարիայում, անգլերեն լեզվով)[24]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները 1 (տպագրված 2015 թվականին՝ Հարավային Կորեայում, կորեերեն լեզվով)[25]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները 2 (տպագրված 2015 թվականին՝ Հարավային Կորեայում, կորեերեն լեզվով)[26]
  • Անհավասարություններ. ապացուցման մեթոդները (տպագրված 2002 թվականին՝ Ռուսաստանում, ռուսերեն լեզվով)[27]

Ծանոթագրություններ