Յունգֆրաու (գերմ.՝ Jungfrau), Շվեյցարիայի ամենահայտնի լեռնագագաթներից մեկը; Բարձրությունը ծովի մակերևույթից 4158 մետր է։ Այդ ցուցանիշով երրորդ տեղն է գրավում Բեռնյան Ալպերում և Այգեր (գերմ.՝ Eiger) ու Մյոնխ (գերմ.՝ Mönch) սարերի հետ կազմավորում է լեռնագագաթային նշանավոր եռյակը[1]։
Լեռան անվանումն առնչվում է նրա ստորոտից ոչ հեռու գտնվող կուսանոցի ինտերլակենցի միանձնուհիների հետ (Յունգֆրաու՝ գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է կույս աղջիկ, օրիորդ)[2][3]։ Այդ անվանումով լեռն առաջին անգամ նշվել է 1577 թվականի տոպոգրաֆիկ քարտեզներից մեկում։ Դեպի Յունգֆրաուի գագաթ առաջին վերելքն իրականացրել են շվեյցարացիներ Յոհան Ռուդոլֆն ու Հիերոնիմ Մայերը՝ ուղեկցորդներ Յոզեֆ Բորտիսի և Ալոիս Ֆոլկերի հետ (ընդ որում՝ բարձրացել են Գրիմզելի կողմից)։ Այդ ժամանակից ի վեր ժողովրդի մեջ սարը երբեմն կատակով անվանում են Տիկին Մայեր։
1896-ից մինչև 1912 թվականը այստեղ կառուցվել է «Յունգֆրաու» երկաթուղին, որ ամենաբարձրադիրն է Եվրոպայում։ Եվ նրա վերջին կայարանը՝ «Եվրոպայի գագաթ» անվանումով, ամենաբարձրադիր կայարանն է մայրցամաքում։ Սարի վրա գտնվող աստղադիտարանի ու օդերևութաբանական կայանի դիտահարթակներից հիասքանչ տեսարան է բացվում՝ ընդգրկելով Եվրոպայի ամենաերկար սառցադաշտը՝ 24 կիլոմետր երկարություն ունեցող Ալեչը և Թուն լճի շուրջը սփռված հովիտը։ Հանրահայտ տեսարժան վայրերից է նաև Յունգֆրաուի սառցապալատը, որ գտնվում է Ալեչ սառցադաշտից 20 մետր ցած, ունի շուրջ 1000 քառակուսի մետր մակերես և սառույցից պատրաստված բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ։
Լեռան ստորոտին գտնվող Վենգեն գյուղը, մերձակա Մյուռենի, Գրինդելվալդի ու Լաուտերբրունենի հետ կազմավորում է լեռնադահուկային համբավավոր մի շրջան՝ Յունգֆրաու թոփ ռեգիոն անվանումով։
Daniel Anker: Jungfrau. Zauberberg der Männer (= Bergmonographie. 1). AS Verlag, Zürich 1996, ISBN 3-905111-08-X.
Peter Brunner: Jungfrau. 200 Jahre Jungfraugipfel. 125 Jahre Bergführerverein Lauterbrunnen. 100 Jahre SAC-Sektion Lauterbrunnen. Schlaefli & Maurer, Interlaken 2010, ISBN 978-3-85884-085-1.
Alphonse Daudet: Tartarin in den Alpen. Die Besteigung der Jungfrau und andere Heldentaten. AS Verlag, Zürich 2011, ISBN 978-3-909111-85-5.
Helmut Dumler, Willi P. Burkhardt: Viertausender der Alpen. 12., aktualisierte Auflage. Bergverlag Rother, München 2001, ISBN 3-7633-7427-2.