Մարիկա Լագերկրանց

Մարիկա Լագերկրանց (շվեդ.` Marika Lagercrantz, ամբողջ անունը` Մարիկա Կարեն Լուիզա Լագերկրանց (Marika Karen Louise Lagercrantz), հուլիսի 12, 1954(1954-07-12)[1][2], Սոլնա, Շվեդիա[2]), շվեդ դերասանուհի և ռեժիսոր[3][4]։ 2011-2014 թվականներին Բեռլինում Շվեդիայի դեսպանատան մշակութային կցորդն էր[5][6], 2015 թվականից Շվեդիայի «Նկարիչների ու գրականագետների համագործակցություն» (KLYS) ընկերության նախագահն է։

Մարիկա Լագերկրանց
Ծնվել էհուլիսի 12, 1954(1954-07-12)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՍոլնա, Շվեդիա[2]
Քաղաքացիություն Շվեդիա
Այլ անուն(ներ)Մարիկա Կարեն Լուիզա Լագերկրանց
Մասնագիտությունդերասանուհի, դիվանագետ և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան1967-ից մինչ օրս
Ծնողներհայր՝ Ուլոֆ Լագերկրանց, մայր՝ Martina Ruin?

Կենսագրությունը

Մարիկա Լագերկրանցը ծնվել է Ստոկհոլմի ներքաղաքային Սոլնա համայնքում, շվեդ բանաստեղծ, գրականագետ և հրապարակախոս Օլոֆ Լագերկրանցի ընտանիքում։ Մարիկայի պապը հայտնի փիլիսոփա Հանս Վալդեմար Ռուինն էր, իսկ եղբայրը շվեդ գրող, լրագրող Դավիդ Լագերկրանցն է։ Հայտնի մարդիկ են նաև զարմիկները` տնտեսագետ և քաղաքական գործիչ Յոհան Լյոննրոտն ու գրող Լարս Լյոննրոտը։

Մարիկան իր կարիերան սկսել է մանկական թատրոնից, երբ վեց տարեկան էր, իսկ դեռահաս տարիքում հաճախել է պարի դասընթացների։ 1968 թվականին նկարահանվել է «Խիզախ ու փոքրիկ մարդը» ֆիլմում։ Այնուհետև, 1970-ական թվականներին ընդունվել է Մալմյոի թատրոն-ստուդիան, նաև աշխատել է Դանիայի թատրոններում[3]։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Շվեդիա և 1977 թվականին մասնակցել Jordcirkus թատերական խմբակի ստեղծմանը, որտեղ նա և դերասան էր, և ռեժիսոր։ Այդ թատերախմբի կազմում նա բազմաթիվ ելույթներ է ունեցել Շվեդիայի, ինչպես նաև Եվրոպայի ու ԱՄՆ-ի բազմաթիվ բեմերում։ Մասնակցություն է ունեցել Teater Schahrazad թատերախմբի աշխատանքներին[3], ինչպես նաև աշխատել Ստոկհոլմի քաղաքային[7] և Թագավորական դրամատիկական թատրոններում[8]։

Մարիկա Լագերկրանցը մասնակցել է բազմաթիվ հեռուստաշոուների, նկարահանվել շվեդական գեղարվեստական ֆիլմերում։ Նրա ֆիլմերից հատկանշական է «Երազանքներ Ռիտայի մասին» (1993 թ.) կինոնկարը, որտեղ նրա աշխատանքը գնահատվել շվեդական կինոինստիտուտի կողմից և 29-րդ «Ոսկե բզեզ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է մրցանակի` կանացի լավագույն դերակատարման համար[9]։ 1995 թվականին նա նկարահանվել է Բու Վիդերբերգի «Ծաղկուն շրջան» («Ամեն ինչ հիասքանչ է») կինոնկարում, որը պատմում էր ուսուցչուհու և աշակերտի սիրո մասին։ Կինոնկարը ներկայացվել է Օսկարի, արժանացել Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և Շվեդիայի կինոինստիտուտի «Ոսկե բզեզ» մրցանակներին, իսկ Մարիկա Լագերկրանցը Իտալիայի Տրոյա կոմունայում կայացած կինոփառատոնում արժանացել է մրցանակի և ներկայացվել ոսկե մեդալի[3]։ Բացի այդ, նրան շնորհվել էր նաև շվեդական կինոինստիտուտի «Չապլին» մրցանակը և ճանաչվել է լավագույն դերասանուհի` «Պապիկի ճանապարհորդությունը» (1993 թ.) ֆիլմում կատարած դերի համար[10]։

Անձնական կյանքը

Մարիկա Լագերկրանցն ամուսնացած է եղել դերասան Քրիս Տորչի հետ, իսկ հետո դերասան Պետեր Բերգարեդի հետ։ Ունի երեք երեխա։ Դուստրը դերասանուհի Մոա Լագերկրանցն է։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1968Խիզախ ու փոքրիկ մարդըModiga mindre mänՍոֆի
1980Երազների խաղըEtt drömspel-
1989ՍուզումDykketԷնն
1990ԹափառականներըLandstrykereՄարգրետ
1993Պապիկի ճանապարհորդությունըMorfars resaԿարին
1994Հաշվետվություն երկինքներինRapport till himlenՎիկտորի մայրը
1995ՎենդետաVendettaԵվա-Բրիտ Համիլթոն
1995Սիրում է - չի սիրումÄlskar älskar inteԿարին
1995Ծաղկուն շրջանLust och fägring storՎիոլա
1997Վերջին վիկինգըDen sidste vikingՖրեջ
2000ՋուդիթJudithՌոզալին Անկարկրանց
2000ԲամբասանքGossipԿարին
2004Երեխաների ընկերըBarnavännenմայր
2007Տեսուչն ու ծովըDer Kommissar und das MeerՄոնիկա
2008Մարիա ՎերնMaria WernՌութ
2009Աղջիկը վիշապի դաջվածքովMän som hatar kvinnorՍեսիլիա Վանգեր
2010ՀազարամյակMillenniumՍեսիլիա Վանգեր
2010Անզուսպ վիկինգներըSweaty Beards-
2011Մարիա Վերն. Ձնե անուրջներMaria Wern - Drömmar ur snöՌութ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիկա Լագերկրանց» հոդվածին։