Մարգարետ Էբոթ

Մարգարետ Էբոթ Իվես (անգլ.՝ Margaret Abbott, հունիսի 15, 1876(1876-06-15)[1][2], Կալկաթա, Բրիտանական կայսրություն - հունիսի 10, 1955(1955-06-10)[3], Գրինվիչ), ամերիկացի սիրողական գոլֆ խաղացող։ Եղել է առաջին ամերիկուհին, որը հաղթել է Օլիմպիական խաղերում՝ 1900 թվականի ամառային օլիմպիական խաղերի կանանց գոլֆի մրցաշարում։

Մարգարետ Էբոթ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1876(1876-06-15)[1][2]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունիսի 10, 1955(1955-06-10)[3] (78 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ
ԳերեզմանՀարմոնի Գրուվ գերեզման[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգոլֆ խաղացող
ԱմուսինFinley Peter Dunne?
Ծնողներհայր՝ Charles Patterson Abbott?, մայր՝ Mary Abbott?
ԵրեխաներPhilip Dunne?
 Margaret Abbott Վիքիպահեստում

Էբոթը ծնվել է 1978 թվականին Բրիտանական տիրապետության Կալկուտա (այժմ՝ Կալկաթա) քաղաքում, իսկ 1884 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Չիկագո։ Այնտեղ միացել է Չիկագոյի գոլֆի ակումբին Ուիտոնում, որտեղ մարզվել է Չարլզ Բ. Մակդոնալդի և Հ. Ջ. Ուիգհեմի հետ։ 1899 թվականին մոր հետ մեկնել է Փարիզ՝ արվեստ սովորելու։ Հաջորդ տարի մոր հետ գրանցվել է կանանց գոլֆի մրցաշարի՝ չիմանալով[5][6], որ դա եղել է ժամանակակից երկրորդ Օլիմպիական խաղերը։ Էբոթը հաղթել է մրցաշարում 47 հարվածով, նրա մայրը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։ Էբոթը որպես մրցանակ ստացել է ճենապակյա աման։

1902 թվականի դեկտեմբերին Էբոթն ամուսնացել է գրող Ֆինլի Փիթեր Դանի հետ։ Ավելի ուշ նրանք տեղափոխվել են Նյու Յորք, ամուսնության ընթացքում ունեցել են չորս երեխա։ Էբոթը մահացել է 76 տարեկանում 1955 թվականին՝ առանց իմանալու, որ հաղթել է օլիմպիական խաղերում։ Նա հայտնի չի եղել մինչև այն պահը, երբ Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Պոլա Ուելչն ուսումնասիրել է նրա կյանքը։ 2018 թվականին «Նյու Յորք Թայմսը» հրապարակել է նրա ուշացած մահախոսականը։

Կյանք և կարիերա

Վաղ կյանք

Էբոթը ծնվել է 1978 թվականին Բրիտանական տիրապետության Կալկուտա (այժմ՝ Կալկաթա) քաղաքում, Չարլզ և Մերի Էբոթների ընտանիքում։ Նրա հայրը ամերիկացի մեծահարուստ վաճառական է եղել, որը մահացել է 1879 թվականին։ Մարգարետը մոր, եղբայրների ու քույրերի հետ տեղափոխվել է Բոստոն։ Պատանեկության տարիներին նրա մայրը դարձել Է «Չիկագո Հերալդի» գրական խմբագիրը, իսկ 1884 թվականին ընտանիքը տեղափոխվել է Չիկագո։

19-րդ դարի վերջին կանանց արգելվել է մասնակցել տարբեր մարզաձևերի մրցումներին։ Գոլֆի ակումբները կանանց թույլ են տվել խաղալ միայն այն դեպքում, եթե նրանց ուղեկցել է տղամարդ։ Էբոթը մոր հետ սկսել է գոլֆ խաղալ Չիկագոյի արվարձանում գտնվող Ուիթոն քաղաքի՝ Չիկագոյի գոլֆի ակումբում։ Նրան մարզել են սիրողական գոլֆ խաղացողներ՝ Չարլզ Բ. Մակդոնալդը և Ուիգհեմը։ Էբոթը և Մակդոնալդը եղել են գործընկերներ 1897 թվականին՝ Վաշինգտոն Պարկում կայացած մրցաշարում։ Մինչև 1899 թվականը հաղթել է մի քանի տեղական մրցաշարերում։ Նրան անվանել են «կատաղի մրցակից» և հայտնի է, որ ունեցել է «հիանալի ճոճանակ»[7]։ Նույն տարում Էբոթը և իր մայրը ճանապարհորդել են դեպի Փարիզ։ Նրա մայրը ուսումնասիրել և գրել է «Կանանց Փարիզ, Առօրյա կյանքի ուղեցույց Ֆրանսիայի մայրաքաղաքում» (1900) ուղեցույցը, Մարգարեթը արվեստ է սովորել Օգյուստ Ռոդենի և Էդգար Դեգայի հետ միասին։

Փարիզի Օլիմպիական խաղեր

Մարգարեթ Էբոթը մասնակցում է կանանց գոլֆի մրցումներին 1900 թվականի Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում կայացած Օլիմպիական խաղերում:
Հոդված Էբոթի հաղթանակի մասին Chicago Tribune-ում, 1900 թվականի հոկտեմբերի 7[8]

1900 թվականի ամառային օլիմպիական խաղերը, որոնք տեղի են ունեցել Փարիզում մայիսից հոկտեմբեր ամիսներին, երկրորդ ժամանակակից Օլիմպիական խաղերն են եղել։ Օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենն ի սկզբանե նախատեսել է անցկացնել միայն տղամարդկանց համար նախատեսված խաղեր։ Այնուամենայնիվ, 1900 թվականին կանանց թույլատրվել է մրցել հինգ մարզաձևերում՝ գոլֆ, թենիս, առագաստանավային սպորտ, թիավարություն և ձիասպորտ[9]: Ընդհանուր 997 մարզիկներից 22-ը եղել են կանայք։ Մրցումները չեն ունեցել համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև չի եղել բացման կամ փակման արարողություն, և խաղերում ներառված են եղել այնպիսի մարզտաձևեր, ինչպիսիք են պարանի ձգումը, օդապարիկ թռցնելը և աղավնիների մրցավազքը[10][11]: Նախատեսված է եղել գոլֆի երկու մրցաշար՝ մեկը տղամարդկանց և մեկը կանանց համար[12]: «Prix de la ville de Compiègne» կոչվող կանանց մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին Կոմպիենում, Փարիզից մոտ 30 մղոն (48 կիլոմետր) հյուսիս[13][14]:

Գոլֆի մրցաշարը հայտարարվել է որպես «ցուցահանդեսային մրցույթ» կամ «համաշխարհային ցուցահանդես Փարիզում»՝ օլիմպիական իրադարձություն կոչվելու փոխարեն[11]: Օլիմպիական խաղերի պատմաբան Բիլ Մալոնը ավելի ուշ ասել է՝ «1900 թվականին շատ մրցումներ համարվում էին ցուցադրական մարզաձևեր։ Շատ դժվար է ասել, թե որն էր օլիմպիական մարզաձևը, ինչը՝ ոչ»։ Մալոնի խոսքով՝ «շատ մարզիկներ չգիտեին, որ մասնակցում են Օլիմպիական խաղերին»։

Էբոթը մրցաշարի մասին իմացել է թերթի հայտարարությունից։ Սովորելուց դադար վերցնելուց հետո որոշել է գրանցվել այս միջոցառմանը։ Հաղթել է 47 հարվածով։ Պոլին Ուիթիերը 49 հարվածով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Էբի Պրատը 53 հարվածով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը[8]: Մերի Էբոթը նույնպես մասնակցել է մրցաշարին և 65 միավորով զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[15]: Բոլոր տասը մասնակիցները հանդես են եկել երկար կիսաշրջազգեստներով և գլխարկներով։ Ֆիլիպ Դանի խոսքով՝ մայրը հետագայում իր ընտանիքին ասել է, որ հաղթել է մրցաշարում, «քանի որ բոլոր ֆրանսիացի աղջիկներն ակնհայտորեն սխալ են հասկացել այդ օրը նախատեսված խաղի բնույթը և եկել են խաղալու բարձրակրունկներով և կիպ կիսաշրջազգեստով»[16]:

Իր հաղթանակի համար Էբոթը պարգևատրվել է հին սաքսոնական ճենապակյա ամանով[8]: Փարիզի խաղերի որոշ մրցումների հաղթողները պարգևատրվել են ֆրանսիացի քանդակագործ Ֆրեդերիկ Վերնոնի նախագծած ուղղանկյունաձև ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով[17]: Շատ այլ մրցումներում, ներառյալ գոլֆը, մեդալներ չեն շնորհվել, և դրանց փոխարեն եղել են գավաթներ, ամաններ և նմանատիպ այլ առարկաներ[18]: Էբոթի հաղթանակի մասին հաղորդվել Է Chicago Tribune-ում։

Հետագա կյանք

Էբոթը Chicago Tribune-ում, 1902 թվականի նոյեմբերի 28

Էբոթը մնացել է Փարիզում և հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, նախքան 1901 թվականին Ամերիկա վերադառնալը։ Ամուսնացել է գրող Ֆինլի Փիթեր Դանի հետ 1902 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ըստ Chicago Tribune-ի, չնայած հարսանեկան արարողությունը «նշվել է հնարավորինս հանգիստ և հնարավորինս քիչ ցուցադրությամբ», նրանք տասնյակ հեռագրեր են ստացել ներառյալ Արթուր Կոնան Դոյլը։ Ավելի ուշ զույգը բնակություն է հաստատել Նյու Յորքում։ Նրանք ունեցել են չորս երեխա, այդ թվում՝ Ֆիլիպ Դաննը[19]: Էբոթը շատ մրցաշարերի չի մասնակցել մանկության դժբախտ պատահարի հետևանքով ծնկի վնասվածքի պատճառով[16]: Չիկագոյի գոլֆի ակումբի հետ Էբոթի կապերի մասին գրառումները ոչնչացվել են 1912 թվականին ակումբի շենքում բռնկված հրդեհի ժամանակ։ Էբոթը մահացել է 76 տարեկանում 1955 թվականի հունիսի 10-ին Գրինվիչում՝ 77 տարեկան դառնալուց հինգ օր առաջ[11]:

Ժառանգություն

Էբոտը երբեք չի իմացել, որ մասնակցել է օլիմպիական մրցումներին և դարձել է առաջին ամերիկուհին, որը հաղթել է դրանք։ Հայտնի չի եղել այնքան ժամանակ, մինչև Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր և Օլիմպիական խաղերի տնօրենների խորհրդի անդամ Պոլա Ուելչը ուսումնասիրել է նրա կյանքը 1970-ականներին, երբ 1973 թվականին առաջին անգամ տեսել է Էբոթի հիշատակումը որպես օլիմպիական չեմպիոնի։ Ուելչը տասը տարի ուսումնասիրել է այն թերթերի հոդվածները, որոնք նշում էին Էբոթի հաջողությունները գոլֆի տարբեր մրցումներում։ 1980-ական թվականների կեսերին կապվել է Էբոթի որդու՝ Ֆիլիպի հետ՝ տեղեկացնելով նրան իր մոր օլիմպիական հաղթանակի մասին, վերլուծելով նրա անհայտության պատճառները՝ Ուելչն ասել է․ «Նա վերադարձել է, ամուսնացել և մեծացրել իր ընտանիքը։ Շատ քիչ է գոլֆ խաղացել, բայց իրականում մրցաշարերի չի մասնակցել»։

1984 թվականին Ֆիլիպը Golf Digest-ի համար գրել է․ «Ամեն օր չէ, որ իմանում ես, որ մայրդ օլիմպիական չեմպիոն է եղել այդ փաստից ավելի քան 80 տարի անց։ Ինքը՝ չեմպիոնը, մեզ միայն ասել է, որ հաղթել է Փարիզի գոլֆի առաջնությունում»[20]։ 1996 թվականին Էբոթը Ատլանտայի Օլիմպիական խաղերի պաշտոնական ծրագրում ճանաչվել է 1900 թվականի Օլիմպիական խաղերի լավագույն մարզիկ։ 1904 թվականից հետո գոլֆը ներառված չի եղել Օլիմպիական խաղերի ծրագրում մինչև 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերը։ 2018 թվականին «Նյու Յորք թայմսը» հրապարակել է նրա ուշացած մահախոսականը։

Ծանոթագրություններ

Մեջբերված աշխատանքներ

Առցանց աղբյուրներ

Տպագիր աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Էբոթ» հոդվածին։