Մահապատիժը Թուրքիայում

Մահապատիժը Թուրքիայում, քրեական պատժի միջոց, որը վերացվել է 2004 թվականին։ Թուրքիայում վերջին դատապարտյալը մահապատժի է ենթարկվել 1984 թվականի հոկտեմբերին[1]։

Մահապատիժը Թուրքիայում
Aspect in a geographic region Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիամահապատիժ Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էմահապատիժ Խմբագրել Wikidata
ԵրկիրԹուրքիա Խմբագրել Wikidata
ՎայրԹուրքիա Խմբագրել Wikidata

Պատմություն

Մինչև 1984 թվականը մահապատիժները սովորաբար տեղի են ունեցել ռազմական հեղաշրջումներից հետո։ Օրինակ, Ադնան Մենդերեսը, որը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, կախաղան է բարձրացվել 1961 թվականի սեպտեմբերի 17-ին՝ 1960 թվականի պետական հեղաշրջումից հետո նրա կառավարության երկու այլ անդամների՝ Ֆաթին Ռյուշթյու Զորլուի և Հասան Փոլաթքանի հետ։ Ուսանողական առաջնորդներ Դենիզ Գեզմիշը, Հուսեյն Ինանը և Յուսուֆ Ասլանը կախաղան են բարձրացվել 1972 թվականի մայիսի 6-ին՝ 1971 թվականի պետական հեղաշրջումից հետո։ 1980 թվականի հեղաշրջումից հետո՝ 1980-1984 թվականներին, թուրքական իշխանությունները մահապատժի են ենթարկել ընդհանուր առմամբ 50 մարդու, այդ թվում՝ 27 քաղաքական ակտիվիստների[2]։

1926 թվականի Թուրքիայի Քրեական օրենսգրքի քսանչորս հոդվածները (№765 օրենք) մահապատիժ էին նախատեսում որպես այլընտրանք չունեցող պատիժ, ընդ որում դրանցից 19-ը՝ պետության, կառավարության, սահմանադրական կարգի և զինված ուժերի դեմ կատարված հանցագործությունների և ևս 10-ը այնպիսի քրեական հանցագործությունների համար, ինչպիսիք են սպանությունը և բռնաբարությունը։ Այդ 24 հոդվածները սահմանել են ընդհանուր առմամբ 29 հանցագործություն[3]։

№765 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ մահվան դատավճիռները պետք է կատարվեին կախաղանով՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (թուրքերեն՝ Türkiye Büyük Millet Meclisi) որոշմամբ հավանության արժանանալուց հետո։ Ազգային մեծ ժողովում դրանք կոնկրետ քննարկվում էին Խորհրդարանի դատական կոմիտեի կողմից, և միայն հանձնաժողովի նախնական եզրակացությունից հետո արդեն քվեարկություն էր տեղի ունենում խորհրդարանում։ Խորհրդարանի որոշումն այնուհետև պետք է վավերացվեր հանրապետության նախագահի կողմից, որն իրավունք ուներ մեղմացնել մահվան դատավճիռները տարիքի կամ առողջական վիճակի նման մեղմացնող պայմանների առկայության դեպքում[3]։

2002 թվականի օգոստոսի 9-ի №4771 օրենքով (Եվրոպական միության հետ համաձայնեցման երրորդ փաթեթ) մահապատիժը չեղարկվել է խաղաղ ժամանակ կատարված հանցագործությունների համար։ 2004 թվականի հուլիսի 14-ի №5218 օրենքը չեղարկել է մահապատիժը բոլոր ժամանակներում[4]։ Թուրքիան վավերացրել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի №13 արձանագրությունը, որը Եվրոպայի Խորհրդի կողմից քննարկվել է 2006 թվականի փետրվարին։ 2016 թվականի ձախողված պետական հեղաշրջումից հետո երկրում որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են մահապատժի վերականգնման անհրաժեշտության մասին[5]։ 2014 թվականից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016-ի հոկտեմբերի 29-ին հայտարարել է, որ վարչապետ Բինալի Յըլդըրըմի կառավարությունը Թուրքիայի խորհրդարանում մահապատիժը վերականգնելու մասին օրինագիծ կներկայացնի, և նա կստորագրի այն[6]։

Քուրդ քաղաքական ակտիվիստ Աբդուլլահ Օջալանը նույնպես պետք է մահապատժի ենթարկվեր ահաբեկչության մեղադրանքով, սակայն թուրքական կառավարությունը հրաժարվել է նրա մահապատժից[7]։

2017 թվականի մարտի 19-ին Էրդողանը հայտարարել է, որ անհապաղ հավանություն կտա մահապատժի վերականգնմանը սահմանադրական հանրաքվեից հետո[8], սակայն դա դեռ տեղի չի ունեցել։

Այլընտրանքներ

Մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ։ «Դատավճիռների կատարման մասին» №5275 օրենքի 9-րդ հոդվածի համաձայն[9]՝ այդ բանտարկյալները պահվում են հատուկ խիստ ռեժիմի բանտերում գտնվող առանձին խցերում, և նրանց թույլատրվում է օրական մեկ ժամով զբոսնել բակում։

Ծանոթագրություններ