Ճորտ
- Հոդված
- քննարկում
Ճորտ ավատական (ֆեոդալական) կամ ճորտատիրության դարաշրջանի՝ տիրոջը հարկատու ռամիկ։ Կարելի է բացատրել նաև որպես անհատին ծառայող անձ, կամակատար։
Հայագիտության մեջ երկար ժամանակ չէին կարողանում պարզել ՙճորտ՚ բառի ծագումը, թեպետ բոլոր դարերում շատ լավ հայտնի է եղել այդ բառի նշանակությունը։ Սովորաբար «ճորտ» գոյականը նշանակում է Ավատատիրական կամ ֆեոդալաական դարաշրջանի ժամանակվա՝ տիրոջը հարկատու ռամիկ[1]։
Ճորտ բառի ծագումը անհայտ է, ըստ «Հայերեն ստուգաբանական բառարանի»[2], թեպետ նա բացատրում է այդ բառը որպես՝ «ծառա», «սպասավոր», «փոքրավոր», «ձիապան»[2]։ Հայերէն Արմատական բառարանը ևս չի կարողանում տալ ճորտ արմատի ծագումը[3]։ Ըստ իս, այն ծագում է ճոր բառից, որը նշանակում է ուժ, զոռ[4]։
ՃՈՐՏ գոյականը հայկական բառարաններում ստուգաբանվում է որպես հպատակ, հարկատու (աւատատիրոջ)[5]։
Ստեփան Մալխասեանցի հայտնի բառարանում ՃՈՐՏ գոյականն ունի մի քանի նշանակություն․
Ա․ Սպասաւոր, ծառայ, փոքրաւոր[6]։
Բ․ Տան փոքրիկ ծառայ[6]։
Գ․ Աւատառու ազնուական[6]։ Կարելի է ներկայացնել որպես իր տիրոջ կամ ավելի ճշգրիտ՝ ավատատիրոջ՝ սյուզերենի նկատմամբ ավատատիրական կամ ֆեոդալական կախվածություն ունեցող անձ։
Դ․ Փողով գնուած անազատ մարդ, որին գնողը բանեցնում էր առանց վարձի և ըստ իւր հաճոյքի[6]։
Ե․ Իրաւազուրկ և անազատ գիւղացի, որն իւր ընտանիքով բնակւում է կալուածատիրոջ հողի վրայ, ու նրա համար աշխատում, և որին կալուածատէրը, իբրև իւր սեփականութիւն, կարող էր ծախել ուրիշին, և նոյնիսկ՝ անպատիժ սպանել[6]։
Հայկական «ճորտը» համապատասխանում է անգլո–սաքսոնական «սերֆ»–ին[7]։
Ճորտերին հնազանդության մեջ պահելու համար ստեղծվել էր մի ամբողջ իրավաքաղաքական համակարգ, որը կոչվում է ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ։ Վերջինս ավատատիրական կամ ֆեոդալական պետության իրավական նորմերի համակարգն է, որով կարգավորվել են կալվածատերերի և նրանցից անձնական կախման մեջ գտնվող գյուղացիների հարաբերությունները[8]։ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ սահմանել և ամրապնդել է ֆեոդալիզմի ժամանակ գյուղացիական կախվածության առավել լրիվ և դաժան ձևը։ Ճորտատիրական իրավունքի հիմնական հատկանիշն այն է, որ գյուղացիությունը համարվում էր հողին ամրացված, այստեղից էլ առաջացել է հենց այդ՝ ճորտատիրական իրավունքի հասկացողությունը։ Ճորտ գյուղացին իրավունք չուներ հեռանալու իր տիրոջից, պարտավոր էր նրա համար կատարել կոռ, բնամթերքով կամ դրամով վճարել բահրա[8]։ Նրանք, մյուս գյուղացիների նման, պետք է կատարեին նաև պետական պարհակային պարտավորություն՝ բեգար։ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ օրինականացնում էր գյուղացու նկատմամբ կիրառվող ոչ միայն տնտեսական, այլև արտատնտեսական (բռնի) ճնշումը։ Արտատնտեսական հարկադրանքի ձևերն ու չափերը տարբեր էին, սկսած լրիվ ճորտացումից (որը քիչ էր տարբերվում ստրկականից), իսկ իրականում՝ չէր տարբերվում, վերջացրած գյուղացիների դասային անիրավահավասարությամբ՝ այս կամ այն երկրում ֆեոդալիզմի զարգացման պայմաններին համապատասխան[8]։ Ըստ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ, կալվածատերը իր ճորտի նկատմամբ ուներ ոչ լրիվ սեփականության իրավունք՝ նրան կարող էր վաճառել (հողի հետ միասին կամ առանց հողի), նվիրաբերել, ամուսնացող դստեր օժիտի մեջ մտցնել, ծեծել, աքսորել, բայց սպանելու իրավունք չուներ։ ՃՈՐՏԱՏԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ամենուրեք ձևավորվել է ֆեոդալական հասարակական–տնտեսական կարգերի առաջացման հետ միասին և հարատևել մինչև կապիտալիստական արտադրաեղանակի ծագումը[8]։ Այն ենթադրում էր բավականին ուժեղ պետական իշխանության առկայությունը, որը պետք է ապահովեր նրա հիմնական նորմերի իրականացումը։ Արևմտյան Եվրոպայում VII–IX դդ․ ճորտերն իրենց տերերից ունեին անձնական, դատական և հողային կախվածություն։ Բացառություն էին կազմում պալատական գյուղացիներն ու ստրուկները, սաժենահաշվով աշխատողները, որոնք հողին կամ պարոնին իրավաբանորեն ամրացված չէին[8]։ XIII–XIV դդ․, ապրանքադրամական հարաբերությունների զարգացման հետ, ճորտատիրական շահագործման նախկին՝ գյուղացուն առավել կախվածության մեջ պահող ձևերին փոխարինեցին բնամթերային, դրամական ռենտայի ձևերը, թույլատրվեց գյուղացիների փրկագնմամբ արձակումը։ X–XV դդ․, Արևմտյան Եվրոպայում ճորտատիրական կախման որոշ տարրեր տարածվում էին առանձին կատեգորիայի գյուղացիների վրա (վիլլաները՝ Կենտրոնական Անգլիայում, ռեմենսները՝ Կատալոնիայում, Ֆրանսիայում և Իտալիայի հարավում, սերվիները՝ Կենտրոնական և Հյուսիսային Իտալիայում և այլն)։ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում (այդ թվում՝ Ռուսաստանում) ճորտատիրական իրավունքը կազմեց սոցիալական հարաբերությունների կարևորագույն մասը[8]։ Գյուղատնտեսական արտադրության վրա հիմնված ձեռնարկատիրական, կալվածատիրական տնտեսության զարգացումը, կոռային աշխատանքի արագ աճը և գյուղացիների բուրժուական շահագործմամբ շահագրգռված ազնվականության քաղաքական իշխանության առկայությունը այդ երկրներում նպաստեցին, այսպես կոչված, «ճորտատիրական երկրորդ հրատարակության» տարածմանը։ Արևելյան Գերմանիայում, Մերձբալթիկայում, Լեհաստանում, Չեխիայում, Հունգարիայում, Ռուսաստանում ճորտատիրական իրավունքը տարածվում էր գյուղացիության հիմնական մասի վրա։ Գյուղացիները պարտավոր էին իրենց տերերի համար աշխատել շաբաթվա 6 օրը, զրկված էին սեփականատիրական, անձնական, քաղաքացիական իրավունքներից։ Ճորտատիրական իրավունքը հիշյալ երկրներում հարատևեց ֆեոդալական հետադիմության հաղթանակի հետևանքով՝ երկար ժամանակ խոչընդոտելով կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը և վերացվեց XVIII–XIX դդ․ բարեփոխումների միջոցով[8]։
Ռուսաստանում ճորտատիրությունն ու ճորտատիրական իրավունքը սկիզբ են առել XI դարից[8]։ Մինչև XV դ․ ճորտատիրական շահագործման ենթարկվել են գյուղացիական որոշ խավեր՝ ճորտացված ստրուկներ (տառապյալներ), պարտքի դիմաց կոռային աշխատանք կատարողներ (զակուպներ, սմերդներ), այլ խավերից ելած իզգոյներ (տնանկներ) ևն[8]։ Սմերդի և խոլոպի գույքային ու անձնական իրավունքները սահմանափակված էին հավասարաչափ[8]։ Նրանց սպանելու համար սահմանվում էր միևնույն տուգանքը։ XV դ․ ճորտատիրությունը Ռուսաստանում ընդգրկեց ողջ գյուղացիությունը, ուժեղացավ հողի սեփականատիրոջից նրանց կախվածությունը (Յուրիի օր, հողատիրոջը վերադարձնելու վաղեմության ժամկետի սահմանում կամ ընդհանրապես վաղեմության վերացում և այլն)։ 1861-ին ճորտատիրությունը Ռուսաստանում վերացվեց (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)[8]։
Հայաստանում ճորտությունը և ճորտատիրական իրավունքը ծագել են վաղ ֆեոդալիզմի շրջանում, հողի մասնավոր ֆեոդալական սեփականության առաջացման հետ[8]։ Կալվածատերերն իրենց են ենթարկել չքավոր գյուղացիներին, ստիպել նրանց կոռային աշխատանք կատարել և իրենց ճորտացված ստրուկներին՝ «երդումարդ»-ներին դարձրել ճորտ գյուղացիներ[8]։ Դվինի 648 թվականի եկեղեցական ժողովի (տե՛ս Դվինի ժողովներ) 9-րդ կանոնը վկայում է, որ «ազատք զիւրեանց զերդումարդ բաժանեն․․․»[8]։ Այսպես կարող էին վարվել ոչ միայն ստրուկների, այլև ճորտերի հետ[8]։ Ճորտատիրական իրավունքն արտացոլվել է նաև Հայոց դատաստանագրքերում (Մխիթար Գոշի դատաստանագիրք, 2-րդ մաս, հոդված 3, Սմբատ Սպարապետի դատաստանագիրք, հոդված 118)[8]։ Ճորտատիրական իրավունքն ավելի մեծ թվով գյուղացիների վրա է տարածվել զարգացած ֆեոդալիզմի շրջանում, հատկապես Կիլիկիայի հայկական պետությունում[8]։ Հատկանշական է, որ «պառիկոս»-ներին (ճորտերին) վերաբերող նշված հոդվածը (118) Սմբատ Սպարապետը գրի է առել ստրուկներին նվիրված 115–117 հոդվածներից անմիջապես հետո[8]։ Հայտնի է նաև, որ մոնղոլական տերության առաջնորդի՝ Ղազան խանի 1303 թվականի յառլեխով (հրովարտակ) Արևմտյան իլխանության (այդ թվում՝ Հայաստանի) գյուղացիները փաստորեն ամրացվել են հողին[8]։ Այդ օրենքով 30-ամյա վաղեմության ժամկետ է սահմանվել փախած գյուղացիներին բռնի նրանց տերերին վերադարձնելու մասին[8]։ Ճորտատիրական իրավունքը դրանից հետո նույնպես դարեր շարունակ պահպանվել է զանազան դրսևորումներով։ Արևելյան Հայաստանում ճորտատիրական իրավունքը վերացվել է 1870-ի գյուղացիական ռեֆորմով (տես Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում (1870)), սակայն ճորտական աշխատանքի առանձին վերապրուկներ պահպանվեցին մինչև սովետական կարգերի հաստատումը[8]։ Իսկ ամբողջ ժողովրդի մեջ ճորտական հոգեբանությունը, ցավոք, խորը նստվածք է թողել, ինչը խանգարում է Հայ ժողովրդի ազատագրության և Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի ստեղծման գործընթացին։