Ճանճասպան (գործիք)

Ճանճասպան (գործիք), գործիք՝ նախատեսված ճանճերին վախեցնելու կամ ճզմելու համար։ Այն կարող է պատրաստված լինել երկար բռնակի վրա ամրացված պլաստիկից կամ ռետինից, ինչպես նաև մազափնջից կամ տերևներից։ Շատ երկրներում՝ հատկապես տաք կլիմայական պայմանների դեպքում, անհրաժեշտություն է մի շարք մասնագետների համար, այդ թվում՝ փողոցային առևտրականների, պահակների և վերահսկիչների։

Սովորական պլաստիկե ճանճասպան

Պատմություն

Որոշ մշակույթներում ճանճասպանը համարվում է մենաշնորհ։ Օրինակ՝ Աֆրիկայում ճանճասպանն օգտագործվում է երկրի առաջնորդների կողմից նաև մեր օրերում. Քենիայի առաջնորդ Ջոմո Քենիատան հանդիսավոր իրադարձությունների ժամանակ իր հետ ունեցել է ճանճասպան՝ որպես մասաի ցեղի նկատմամբ ունեցած իշխանության խորհրդանիշ[1]։ Նույն կերպ է վարվել նաև Մալավիի ղեկավար Հաստինգս Բանդան։ Հարավաֆրիկյան ջազ երաժիշտ Ջաբու Խանիլը, որպես իր ապրանքանիշ, միշտ իր հետ բեմ է բարձրացրել ճանճասպան[2]։

Հատկանշական է վառ զարդարված ճանճասպանը, որը հանդիսանում է Թաիլանդի թագավորական մենաշնորհի մի մասը։ Դրա բռնակը պատրաստված է փորագրված փղոսկրից, իսկ մազերը՝ ալբինոս փղի պոչից[3]։ Ճանճասպանը իշխանության խորհրդանիշ է նաև Պոլինեզիայում։

Ինդոնեզական արվեստում ճանճասպանը Շիվայի հետ զուգորդվող տարրերից մեկն է։ Այն հաճախ է հանդիպում դաոսիզմի, բուդդայականության և հինդուիզմի կրոնական պատկերներում[4][5]։ Ձեն բուդդայական վանականներն օգտագործում են հոսսու ճանճասպանը, որը փոխանցվում է վարպետից աշակերտին[6]։ ճանճասպանը հաճախ աշթամանգալայի մասն է կազմում հատկապես Նեպալում։

Ալժիրյան միջադեպ

1827 թվականին Ալժիրի օսմանական վերջին ղեկավար Հուսեյն Դեյը չմարված հարկերի շուրջ բուռն քննարկման ժամանակ ճանճասպանով հարվածեց ֆրանսիական դեսպանի դեմքին։ Դա պատճառ հանդիսացավ 1830 թվականին ֆրանսիական ուժերի՝ Ալժիր ներխուժման համար[7]։

Էլեկտրական ճանճասպան

Էլեկտրական ճանճասպանը արտաքնապես նման է թենիսի ռակետին։ Լարերի փոխարեն տեղադրված է ցանցային երեք էլեկտրոդ (մեկ կենտրոնական և երկու ծայրամասային), որոնք միմյանցից բաժանված են օդային հատվածներով և մեկուսիչ ներդիրներով։ Էլեկտրոնային կառուցվածքն առաջացնում է բարձր էլեկտրական լարում, որը փոխանցվում է կենտրոնական և ծայրամասային էլեկտրոդներին։ Էլեկտրական ճանճասպանի կառուցվածքը բացառում է այն օգտագործողի էլեկտրահարումը։ Ներկառուցված լիցքավորիչը թույլ է տալիս լիցքավորել մարտկոցը։ «Որսորդը» պետք է այնպես թափահարի էլեկտրական ճանճասպանը, որպեսզի թռչող միջատը հայտնվի էլեկտրոդների միջև գտնվող օդային տարածությունում։ Էլեկտրական հոսանքը ոչնչացնում է «անկոչ հյուրին»։ Մթության մեջ օգտագործելու համար կա ներկառուցված լապտեր։ Էլեկտրական ճանճասպանը արդյունավետ է նաև մոծակների դեմ պայքարում։

Այլ նշանակություն

«Ճանճասպան» է կոչվում նաև ավտոմեքենայի կափույրի դեֆլեկտորը, որը նախատեսված է մեքենայի կափույրը ճանապարհին հանդիպող միջատներից պաշտպանելու համար։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ