Հոնիական օրդեր

Հոնիական օրդեր, Անտիկ Հունաստանի դասական երեք օրդերներից մեկը։ Մյուս երկուսը դորիականն ու կորնթականն են։ Այն զարգացել է գլխավորապես Հունաստանի փոքրասիական գաղութներում և կապված է ոչ միայն հույների այլև Մերձավոր Արևելքի ժողովուրդների ստեղծագործական ավանդույթների հետ։ Որպես օրդեր այն կազմավորվում է դորիական օրդերից հետո՝ մ․թ․ա․ 7-րդ դարի վերջում։

Արտեմիսի տաճարը Եփեսոսում
Հոնիական վեց խոյակներ, ճարտարապետների տեսանկյունից

Նկարագրություն

Հոնիական օրդերին բնորոշ է համաչափությունների թեթևություն, ձևերի նրբագեղություն, վայելչություն և դեկորի հարստություն։ Ի տարբերություն դորիականի՝ հոնիական սյունն ուներ փոքրասիական խարիսխ՝ ատիկական տարբերակներով։

Սյունագլուխ, Էրեքթեոնի տաճարից, մ․թ․ա․ 5-րդ դար

Սյուներն ավելի բարակ և բարեկազմ էին, քան դորիականը (h=8-9d): Սյան բունը պատած էր 20-24 կիսաշրջան կամ էլիպսաձև կանելյուրներով, որոնց արանքում թողնվում էին նոր շերտեր՝ ճանապարհներ։ Սյան խոյակը կապ ունի փայտյա ենթահեծանային բարձիկների հետ։ Ճակատային կողմից երկու խոյակներին կողքից համապատասխանում են գլանաձև բարձիկներ։ Տարածական այս առանձնահատկությունը ստիպել է մշակել հատուկ խոյակներ անկյուններում տեղադրված սյուները պսակելու համար։ Միջսյունային հեռավորությունը դորիականի համեմատությամբ մեծ էր, իսկ երբ արխիտրավը փայտից էր (ինչպես օրինակ Հերայի տաճարը Սամոսում) այն հասնում է մինչև 8,5 մետր։

1 - անտաբլեմենտ 2- սյուն, 3 - սյունագլուխ, 4 - ֆրիզ , 5 - արխիտրավ , 6 - խոյակ, 7 - լիսեռ, 8 - հիմք, 9 - ստիլոբատ, 10 - պատվանդան

Զարգացած հոնիական օրդերի անտաբլեմենտը բաղկացած էր արխիտրավից, ֆրիզից և քիվից։ Առանձին դեպքերում բացակայում էր ֆրիզը (օրինակ, Աթենքի Ակրոպոլիսի Էրեքթեոնի տաճարի հարևան սյունասրահում)։ Արխիտրավը բաղկացած էր 3 անհավասար հարթություններից (ֆասցիներից), որոնք իրար նկատմամբ առաջ էին կարկառված։ Ֆրիզը սովորաբար զարդարվում էր զարդաքանդակներով։ Քիվի սալը հենվում էր ֆրիզի վերևում տեղավորված ատամնաշարի վրա և պսակվում ջրահավաք տաշտակով՝ սեմայով։ Արխայիկ շրջանի հոնիական տաճարները մեզ հասել են սահմանափակ թվով և ավերված վիճակում, գլխավորապես փոքրասիական գաղութներում։ Դրանց թվին են պատկանում Հերայինը՝ Սամոսում, Արտեմիսինը՝ Եփեսոսում և Ապոլոնինը՝ Միլետոսում։ Սրանք բոլորն էլ կառուցված են մ․թ․ա․ 6-րդ դարում և մարմարակերտ են։ Իրենց չափերով սրանք անհամեմատ մեծ էին Սելենուտի և Պոսեյդոնիայի տաճարներից, սակայն նրանց հետ ունեին ընդհանրություն[1]։

Առանձնահատկություն

Հոնիական օրդերի գլխավոր առանձնահատկությունը նրա խոյակների բազմազանությունն է, որը դարձել է տեսական քննարկումների պատճառ[2]։ Հունական վերածննդի մասին ամերիկյան քննարկումներում հունական ճարտարապետական վերածննդի ոճը ներկայացվում է որպես անխուսափելի երևույթ, որը առաջացել է երիտասարդ ազգի ցանկությամբ և պայմանավորված է եղել հունական իդեալներով[3]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ