Հյուսիս-հարավ

«Հյուսիս-հարավ» (NS), միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծ։ Տրանսպորտային միջանցքը նախատեսված է ապահովել Իրանի միջոցով Բալթյան երկրների և Հնդկաստանի միջև առկա տրանսպորտային կապը[1]։

«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցք
—— միջանցքով նախատեսվող երթուղին
—— ստանդարտ երթուղի

«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի հիմնական առավելությունները մյուս երթուղիների նկատմամբ (մասնավորապես, Սուեզի ջրանցքով ծովային երթուղու նկատմամբ) կայանում են բեռնափոխադրումների ճանապարհի երկուսուկես անգամ կրճատումը, ինչպես նաև ISO-կոնտեյներների փոխադրման սակագնի նվազեցումը, ի տարբերություն ծովային եղանակով փոխադրման[2]։

Միջազգային տրանսպորտային միջանցքի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 7 200 կիլոմետր[3]։

Մասնակից երկրներ

1999 թվականին հնդկական, պարսկական և ռուսական տրանսպորտային մի խումբ ընկերություններ ստորագրել են «Շրի Լանկա- Հնդկաստան- Իրան- Կասպից ծով- Ռուսաստան» միջազգային տրանսպորտային միջանցքով կոնտեյներների արտահանման և ներկրման, ինչպես նաև բեռնափոխադրումների գլխավոր համաձայնագիրը[4]։ Համաձայնագիրը կարգավորում էր ահդ փոխադրման գործընթացը, մասնակիցների պատասխանատվությունը, 20 և 40 փութանոց կոնտեյներների մոտավոր դրույքները և փոխադրման ժամկետները[4]։

2000 թվականի սեպտեմբերի 12-ին, տրանսպորտի հարցերով Եվրասիական երկրորդ կոնֆերանսի ժամանակ, Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է «Հյուսիս-հարավ» միջանցքի ստեղծման միջկառավարական համաձայնագիրը[2]։ Մասնակիցներ երկրներ դարձան Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը[2]։ 2002 թվականի փետրվարին ՌԴ Պետական դուման և Դաշնային խորհուրդն ընդունել են դաշնային օրենք՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի համաձայնագիրը վավերացնելու մասին[4]։ 2002 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում մասնակից երկրների տրանսպորտի նախարարների կողմից ստորագրվել է միջանցքի պաշտոնական բացման մասին հուշագիր[2]։

2000-2002 թվականներին միջանցքով տեղափոխվել են մի քանի հազար հնդկական կոնտեյներներ[4]։ Բեռնափոխադրումներն իրականացվել են մի խումբ ընկերությունների կողմից, որոնք գործում էին հնդ-իրանական «Իրան-Հենդ» և ռուս-պարսկական «Իրսոտր» ընկերությունների կազմում՝ «Ռեջի» համակարգող ընկերության մասնակցությամ[5]։ Փորձը ցույց է տվել, որ Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբաս նավահանգստից մինչև Կասպից ծովի ափին գտնվող Էնզելի նավահանգիստ բեռնափոխադրման ժամանակը կազմել է 4 օր՝ ներառյալ նաև մաքսային գործընթացները[5]։ Բենդեր Աբասից բեռնափոխադրման ժամկետը կազմել է 13 օր[5]։

Սակայն հետագայում, կապված բազմաթիվ տեխնիկական դժվարությունների հետ, «Հյուսիս-հարավ» միջանցքով կոնտեյներների տեղափոխությունը սահմանափակվել է Ռուսաստան-Իրան-Ռուսաստան երթուղով[4]։ Աստրախանի միջոցով Հնդկաստանից կոնտեյներների տեղափոխությունը սառեցվել է[4]։ Այդուհանդերձ նախագիծը նախկինի պես մնացել է գրավիչ և, ավելի ուշ, համաձայնագրին միացել են նաև Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Օմանը, Սիրիան[2]։ Համաձայնագրին միանալու հայտ են ներկայացրել նաև Թուրքիան և Ուկրաինան[2]։

Ներկայումս համաձայնագրի ակտիվ մասնակիցներից մեկը Ղազախստանն է, որը «Հյուսիս-հարավ» միջանցքի միջոցով, Ռուսաստանի տարածքով և Սև ծովով, կարողանում է արտահանել բեռնափոխադրումները դեպի Պարսից ծոցի երկրներ։ Սակայն Ղազախստանի համար նպատակային բեռը կոնտեյներները չեն, այլ՝ հացահատիկը։

Նկարագրություն

2015 թվականին ապրանքային շուկան գնահատվում է 25-26 միլիոն տոննա[2]։ Նախատեսվում է, որ Իրանի և Ադրբեջանի միջև կառուցվող երկաթգիծը 13-20 %-ով կկրճատի Թուրքիայի միջոցով ռուսական ապրանքափոխադրման արժողությունը (ներառյալ Բոսֆոր - Մարմարա ծով - Դարդանելի ծովային երթուղին)[6]։ Ռուսաստանի տարածքում «Հյուսիս-հարավ» միջանցքի շրջանակներում բեռնափոխադրման համար կարևոր նշանակություն ունի Բուսլովսկայա - Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա - Ռյազան - Կոչետովկա - Ռտիշևո - Սարատով - Վոլգոգրադ - Աստրախան ընդհանուր 2513 կիլոմետր երկարություն ունեցող երկաթգիծը[2]։

Բեռնափոխադրման երթուղի

Կասպից ծովով նախատեսված է բեռնափոխադրման երեք հիմնական երթուղիներ[2]

  • Կասպյան երթուղին անցնում է Աստրախանի, Օլյայի և Մախաչկալայի նավահանգիստներով։ 2004 թվականին կառուցվել է երկաթգիծ մինչև Օլյայի նավահանգիստ։
  • Արևելյան՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենիայի միջոցով դեպի Իրանի երկաթուղային համակարգ, որն իրականացվում է Թեջեն-Սերահս սահմանային անցակետերով։ Ուզբեկստանը շրջանցող ճանապարհի կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականին, իսկ շահագործման հանձնվել 2013 թվականին։
  • Արևմտյան երթուղին անցնում է Աստրախան - Մախաչկալա - Սամուր ուղղությամբ, այնուհետև Ադրբեջանի տարածքով հասնում Աստարա սահմանային կայարան։ Իրանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են Աստարա - Ռեշտ - Կազվին երկաթգծով։ Երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։

Կասպյան

Կասպյան երթուղին անցնում է Աստրախանի, Օլյայի և Մախաչկալայի նավահանգիստներով։

Մինչև Օլյա նավահանգիստ երկաթգծի կառուցումն սկսվել է 2003 թվականի հոկտեմբերի 1-ին[7]։ Այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2004 թվականի հուլիսի 28-ին[7]։ 2010 թվականի առաջին կիսամյակում Օլյայի նավահանգիստ է ժամանել 5700 վագոն բեռ, որը պետք է ուղարկվեր Իրան[7]։

Իրանական կողմում երթուղին անցնում է Բենդերե Էնզելի, Ամիրաբադ և Նոուշեհր նավահանգիստներով։

Արևելյան

Արևելյան երթուղին հանդիսանում է երկաթուղային ուղիղ հաղորդակցության միջոց։ Երկաթուղու հին ճյուղն անցնում է Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի տարածքներով ու Թեջեն-Սերահս սահմանային անցակետով դուրս գալիս Իրանի երկաթուղային համակարգ։ Բեռնաթափումը տեղի է ունենում Սերահս կայարանում[8]։

Նոր ճյուղը, որը կառուցվել է 2014 թվականին, անցնում է Բոլաշակ (Ղազախստանից միանգամից մտնելով Թուրքմենստան) կայարանով և Էտրեկ- Գորգան սահմանային անցակետերով դուրս գալիս Իրանի երկաթուղային համակարգ։

Արևմտյան

Արևմտյան երթուղին անցնում է Աստրախան - Մախաչկալա - Սամուր ուղղությամբ, այնուհետև Ադրբեջանի տարածքով հասնում Աստարա սահմանային կայարան։ Իրանի տարածքով բեռնափոխադրումներն իրականացվում են Աստարա - Ռեշտ - Կազվին երկաթգծով[9]։ 2012 թվականի հոկտեմբերի դրությամբ, Իրանի իշխանությունները խոստացել են բացել երկաթգիծը 2013 թվականի հունիսին[10]։ Երկաթգծի բացումը տեղի է ունեցել 2018 թվականին։

Քննադատություն

Արտաքին պատկերներ
Международный транспортный коридор «Север — Юг»

«Հյուսիս-հարավ» միջազգային միջանցքի հիմնական թերություններից են․

  • Ռուսաստանի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային կապի բացակայությունը, ինչպես նաև ռուսական նավահանգիստներում մաքսային ծառայության դանդաղ աշխատանքը[11]։
  • Ռուսաստանի և Ադրբեջանի (1520 մմ) և Իրանի (1435 մմ) ռելսերի լայնությունների միջև առկա տարբերություն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ