Հարավային պայտաքիթ

Հարավային պայտաքիթ
Հարավային պայտաքիթ
Հարավային պայտաքիթ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգՁեռնաթևավորներ (Chiroptera)
ԸնտանիքՊայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae)
ՑեղRhinolophus
ՏեսակՀարավային պայտաքիթ (R. euryale)
Միջազգային անվանում
Rhinolophus euryale
Blasius, 1853
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հարավային պայտաքիթ (լատին․՝ Rhinolophus euryale), չղջիկների ենթակարգի պայտաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և ԼՂՀ Կարմիր գրքում։

Տարածվածություն

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր, Փոքր և Միջին Ասիայում, Իրանում։

Հայաստանում տեսակի արեալը սահմանափակվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերով (Արենի, Չիվա, Ելփին, Զառիթափ, Մարտիրոս, Հերհեր, Խնձորեսկ գյուղերի և Կապանի շրջակայքեր)։

Արցախում այս կենդանիներին կարելի է հանդիպել Շուշիի քարանձավներում, Հադրութի շրջանի Խծաբերդ և Մոխրենիս գյուղերի տարածքի գրոտներում, Եղիշե Առաքյալի վանքում (Մարտակերտի շրջան

Կենսակերպ

Բնակվում է քարանձավներում, ժայռերի խորշերում և ճեղքերում` երբեմն նաև ձմեռում է այդտեղ՝ սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մեծ պայտաքիթ չղջիկի հետ։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Մեծաթիվ կուտակումներ չի առաջացնում։

Արտաքին տեսք

Մարմինը միջին չափի է։ Մարմնի երկարությունը 40,8-51,5 մմ է, պոչինը՝ 19,8-26 մմ, պայտի լայնությունը՝ 4,4-7,1 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 47,3-54,9 մմ, իսկ քաշը՝ 10,73-14,92 գ։ Մարմնի մեջքային հատվածի գունավորումը կարող է տատանվել ծխագորշից մինչև մուգ սևին տվող կամ երբեմն շիկավուն երանգի, իսկ որովայնի հատվածը՝ բաց մոխրագույնից մինչև սպիտակավարդագույն։ Երիտասարդ առանձնյակների մոտ փորի վրա երբեմն նկատվում են բծեր։

Սնունդ

Սնվում է մեծ ու փոքր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մոծակներ, մլակներ և այլն)։

Բազմացում

Հունիս-հուլիսին ծնվում է մեկ (հազվադեպ՝ երկու) ձագ, որը 3,5-4,5 շաբաթականում հասնում է սեռահասուն կենդանու չափերին։

Թվաքանակը սահմանափակող գործոններից են քարանձավներում պայթուցիկ նյութերի օգտագործումը և անկանոն պեղումները, մարդու այցելությունները քարանձավներ՝ բազմացման և ձմեռման շրջաններում։

Նշանակություն

Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6][7]։

Պահպանություն

Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Սահմանափակ նեղ արեալով հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ակտիվությունը սկսվում է մինչև մութն ընկնելը և շարունակվում մինչև մայրամուտը։ Ի տարբերություն այլ պայտաքթայինների` ագրեսիվ չէ։ Հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ, որը մշտապես մնում է մոր կրծքին կպած։ Ձմեռում են ամառային թաքստոցներում։

Թվաքանակը հանրապետությունում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։

Քարանձավների մի մասն ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ 2008 թվականին հասարակական կազմակերպությունների միջոցներով Նորավանքի կիրճի «Մագելի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար[8]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային պայտաքիթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային պայտաքիթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։