Հակոբ Սեմերճյան
- Հոդված
- քննարկում
Հակոբ Սեմերճյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1898 |
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Մահացել է | նոյեմբերի 30, 1955(1955-11-30) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Աշխատավայր | Présidence de la République française? |
Հակոբ Ստեփանի Սեմերճյան (1898, Ադափազար, Թուրքիա - նոյեմբերի 30, 1955(1955-11-30), Փարիզ, Ֆրանսիա), հայ լուսանկարիչ։ Ֆրանսիայի Հանրապետության լուսանկարիչ։
Հակոբ Սեմերճյանը ծնվել է 1898 թվականին Ադաբազարում (Թուրքիա), Ստեփան և Զենոբիա Սեմերճյանների ընտանիքում։ Հոր մահից հետո տեղափոխվել են Կոստանդնուպոլիս։ Սովորել է Բերայի Եսայան վարժարանում, սակայն 11 տարեկանից կիսատ է թողել ուսումը և աշխատանքի անցել Բանկալթիի «Վենյուս» լուսանկարչական ստուդիայում որպես աշակերտ[1]։ Լուսանկարչատան տեր Արամ Բելյանը տղայի մոտ նկատել է լուսանկարչական տվյալներ։ Հակոբը զբաղվել է ինքնակրթությամբ։ Աշխատել է իր ուսուցչի մոտ, եղել նրա օգնականը, քսան տարեկան հասակում գնել է նրա լուսանկարչատունը[1]։ 1922 թվականին մոր, երկու քույրերի և եղբոր հետ մեկնել է Փարիզ։ Մտնելով Անրի Մանուելի աշխատանոց՝ հասել է առաջին լուսանկարչի պաշտոնին։ Մանուելի լուսանկարչատանը մտերմացել է նրա նախագահ Էդուարդ Հերիոտի և հիմնադիր-ղեկավար Էլիզեի հետ և ստացել Ֆրանսիայի Հանրապետության լուսանկարչի կարգավիճակ։ Բուսաոնե ծառուղու վրա հիմնադրել է իր սեփական «Ֆեբյուս» լուսանկարչատունը։ Սեմերճյանն իր արհեստը կարողացել է հասցնել բարձր արվեստի մակարդակի՝ արժանանալով հիացմունքի։
![]() | 35 տարվա մեջ ունեցել եմ հարյուրավոր աշակերտներ, բայց ոչ ոք Հակոբի չափ մտածող, ժիր ու շնորհալի եղած չէ. նա հիմա մեկն է Փարիզի յոթ մեծ լուսապատկերողներից[1]։ - Անրի Մանուել | ![]() |
Սեմերճյանի «Ֆեբյուս» լուսանկարչատանը լուսանկարվել են պետական-քաղաքական գործիչներ՝ Եգիպտոսի թագավորը, Մարոկկոյի սուլթանը, արտիստներ։ Ֆրանսահայերը ճանաչել են Սեմերճյանին և լուսանկարվել նրա մոտ[1]։
1924 թվականին հիմնադրել է իր սեփական «Բապտիզե Ֆեբյուս» (Կնքված Ֆեբյուս) ստուդիան։ Լուսանկարչատունը գործել է Բոն Նուվել (այժմ՝ Ռեքս) 23 հասցեում։ Այդ ժամանակաշրջանում լուսանկարել է Չեխոսլովակիայի Հանրապետության առաջին նախագահ Տոմաշ Մասարիկին[1]։
1949 թվականին անցել է թոշակի, ընտանիքով տեղափոխվել Կանն, վեց ամիս հետո Կաննի Յան Մասե փողոցում բացել լուսանկարչական ստուդիա, որտեղ լուսանկարել է Կաննի հայտնի մարդկանց, պրեֆեկտների, քաղաքապետների, Մորիս Շևալյեին (ով սիրել է խմել հայկական սուրճ առանց շաքարի), ֆրանսիացի հայտնի դերասանների։
1955 թվականին վերադարձել է Փարիզ։ Մահացել է Փարիզում 1955 թվականի նոյեմբերի 30-ին։
1940 թվականին ամուսնացել է Ալիս Բատիարյանի հետ։ Ի հիշատակ իր ուսուցիչ Արամ Բելյանի՝ որդուն տվել է Ֆիլիպ-Արամ անունը։