Հազալ Քայա

Լեյլա Հազալ Քայա (թուրքերեն՝ Hazal Kaya, հոկտեմբերի 1, 1990(1990-10-01), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասանուհի։

Հազալ Քայա
Ծնվել էհոկտեմբերի 1, 1990(1990-10-01) (33 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի Բիլգի համալսարան և Իտալական լիցեյ
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ալի Աթայ
hazalkaya.com.tr

Կենսագրություն

Հազալ Քայան ծնվել է Ստամբուլում[1]։ Սովորել է Գազիօսմանփաշայի տարրական դպրոցը, իսկ 2009 թվականին ավարտել Ստամբուլի իտալական վարժարանը[1]։ Բարձրագույն կրթությունը ստացել է Ստամբուլի Բիլգի համալսարանում[2]։ Ներկայումս նա շարունակում է իր բարձրագույն կրթությունը Ստամբուլում[2]։ Նրա ծնողները, որոնք երկուսն էլ մասնագիտությամբ իրավաբաններ են, բաժանվել են, երբ աղջիկը 7 տարեկան էր[2]։ Դեռ երիտասարդ տարիքից զբաղվել է դերասանական կարիերայով, իսկ 7 տարեկանից ստացել բալետի և ջութակի դասեր[2]։ Քայան վարժ տիրապետում է թուրքերենին, անգլերենին և իտալերենին[2]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ սովորում է նաև գերմաներեն[2]։

Կարիերա

Քայան իր դերասանական կարիերան սկսել է 2007 թվականին՝ նկարահանվելով «Գենջո» հեռուստասերիալում[3]։ Այդ հեռուստասերիալում նա մարմնավորել է Օզգեի (Գյուլայ Էրքայա) դերը[4]։ 2008 թվականին Քայան խաղաել է Նիհալ Զիյագիլի դերը «Սեր և պատիժ» հեռուստասերիալում, որը նկարահանվել էր Հալիթ Զիյա Ուշաքլգիլի համանուն վեպի հիման վրա[4]։ Ֆիլմերում իր առաջնախաղն ունեցել է 2011 թվականին՝ նկարահանվելով Սելչուք Այդեմիրի «Երաժշտական գործիք» ֆիլմում։ Միևնույն ժամանակ դերասանական կուրսեր է անցել Այլա Ալգանի մոտ։ Մասնակցել է նաև Ումիթ Չըրաքի ժամանակակից դերասանական արվեստի դասերին[5]։

Քայան նկարահանվել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի երկու եթերաշրջաններում՝ մարմնավորելով Ֆերիհա Յըլմազ Սարաֆօղլուի դերը (2011)։ Նա մարմնավորել է բեռնակրի աղջկա դերը, որն սիրահարվում է համալսարանի ամենահարուստ և գեղեցիկ տղային՝ Էմիր Սարաֆօղլուին (Չաղաթայ Ուլուսոյ)։ Հեռուստասերիալը եղել է Թուրքիայի ամենավարկանիշային հեռուստասերիալներից մեկը[6]։ Ավելի ուշ, մոր՝ Այշեգյուլ Քայայի հետ միասին նկարահանվել է Բինգոյի գովազդում[7][8]։ 2012 թվականի վերջին, նա հեռացել է «Ես նրան անվանեցի Ֆերիհա» հեռուստասերիալի կազմից և նկարահանվել «Վերջին ամառը Բալկաններում 2012» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էմինեի դերը[9]։ Այդուհանդերձ, հեռուստասերիալը ցածր վարկանիշի պատճառով, շատ շուտ փակվեց։ 2013 թվականից նկարահանվել է «Սեր» հեռուստասերիալում՝ մարմնավորելով թենիսի մարզիչ Ազրա Օզաքի դերը[10]։ Հեռուստասերիալը փակվել է 13-րդ սերիայից հետո։ 2015 թվականին նկարահանվել է «Մարալ․ մի գեղեցիկ պատմություն» հեռուստասերիալում, որտեղ նրա խաղընկերը եղել է Արաս Բուլութ Իյնեմլին[11]։ Ներկայումս նկարահանվում է «Մեր պատմությունը» հեռուստասերիալում, որը ամերիկյան «Անամոթները» հեռուստասերիալի թուրքական տարբերակն է։ Հեռուստասերիալում նա մարմնավորում է Ֆիլիզի դերը։ Հեռուստասերիալում նրա խաղընկերն է Բուրաք Դենիզը։

Ծանոթագրություններ