Կլոդ Զիդի

ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր

Կլոդ Զիդի (ֆրանս.` Claude Zidi, հուլիսի 25, 1934(1934-07-25)[1][2], Փարիզ, Ֆրանսիա[3]), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և օպերատոր։ Աշխատել է հիմնականում կատակերգության ժանրում։ Երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակի։

Կլոդ Զիդի
ֆր.՝ Claude Zidi
Ծնվել էհուլիսի 25, 1934(1934-07-25)[1][2] (89 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԼուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, կինոօպերատոր և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHélène Zidi?, Julien Zidi?[4] և Claude Zidi Jr.?

Կենսագրությունը

Կլոդ Զիդին ծնվել է 1934 թվականի հուլիսի 25-ին` Փարիզում։ Հիմնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Լուի Լյումիերի անվան լուսանկարչության և կինոյի բարձրագույն տեխնիկական դպրոց` ստանալով բեմադրող օպերատորի մասնագիտություն, որից հետո ծառայել է բանակում։ Կինեմատոգրաֆում նրա կարիերան սկսվել է 1958 թվականից։ Շուրջ տաս տարի աշխատել է օպերատորի օգնական։ Որպես գլխավոր օպերատոր, 1969 թվականին նկարահանել է «Էլիզա, կամ իսկական կյանք» կինոնկարը։

Որպես կատակերգական ժանրի ռեժիսոր, նրա դեբյուտը կայացել է 1971 թվականին, երբ նկարահանել է «Նորակոչիկները խենթանում են» կինոնկարը` «Les Charlots» («Շառլո») երաժշտական խմբի կատակերգուների մասնակցությամբ։ Այդ նույն դերասանների մասնակցությամբ, նա հետագայում նկարահանել է ևս երեք ֆիլմ։

Հանդիսատեսի կողմից ջերմորեն ընդունվեցին նաև նրա «Նա սկսում է զայրանալ» («Մանանեխը հարվածում է քթին» 1974թ.) և «Տեսադաշտից մի կորցրու» (1975թ.) կինոնկարները` Պիեռ Ռիշարի և Ջեյն Բիրկինի մասնակցությամբ, «Թևիկը կամ տոտիկը» (1976թ.) և «Խառնակչություն» (1978թ.) կինոնկարները Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ, «Հրեշը» (1977թ.)` Ժան Պոլ Բելմոնդոյի և Ռաքել Ուելչի մասնակցությամբ, «Շշմած տեսուչը» (1980թ.)` Ժերար Դեպարդիեյի և Կոլյուշի մասնակցությամբ, ինչպես նաև «Բանզայ» (1983թ.) կինոնկարը` Կոլյուշի մասնակցությամբ։

Հետագայում Կլոդ Զիդիի ֆիլմերը ձեռք բերեցին ծաղրա-նմանակման ուղղվածություն, որը հիանալի կերպով արտահայտվում է «Բացեք, ոստիկանությունն է» (1984թ.) կինոնկարում։ Այդ ֆիլմն արժանացել է «Սեզար» կինոմրցանակին, իսկ անձամբ Կլոդ Զիդին ստացել է մրցանակ` որպես լավագույն ռեժիսոր։ Հետագայում նա նկարահանեց նաև այդ ֆիլմի շարունակությունները` «Բացեք ոստիկանությունն է 2» («Ծախվածներն ընդդեմ ծախվածների» 1989թ.) և «Բացեք, ոստիկանությունն է 3» («Սուպերծախվածները» 2003թ.) կինոնկարները։ Հարկ է նշել նաև Կլոդ Զիդիի «Համընդհանուր լրտեսություն» (1991թ.) կինոնկարը, որի ռեմեյքը` «Ճշմարտանման սուտ» կինոնկարը, 1994 թվականին նկարահանել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

Կլոդ Զիդիի վերջին ֆիլմերից մեկը, որն ունեցել է անհավանական կոմերցիոն հաջողություն, դա «Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ Կեսարի» (1999թ.) կինոնկարն է։

Անձնական կյանքը

Կլոդ Զիդին ունի չորս երեխա` դերասանուհիներ Հելեն Զիդին և Մարի Զիդին, ռեժիսոր Ժյուլիեն Զիդին և օպերատոր Կլոդ Զիդի-Կրտսերը։

Ֆիլմագրության ընտրանին

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1971 Նորակոչիկները խենթանում ենLes bidasses en folie
1972 Խելագարները մարզադաշտումLes fous du stade
1973 Մեծ իրարանցումLe grand bazar
1974 Նա սկսում է զայրանալ (Մանանեխը հարվածում է քթին)La moutarde me monte au nez
1974 Նորակոչիկները գնում են պատերազմLes bidasses s'en vont en guerre
1975 Տեսադաշտից մի կորցրուLa course à l'échalote
1976 Թևիկը կամ տոտիկըL'aile ou la cuisse
1977 ՀրեշըL'animal
1978 ԽառնակչությունLa zizanie
1979 Հիմար է, բայց կարգապահBête, mais discipliné
1980 Տխմարները քննություններինLes sous-doués
1980 Շշմած տեսուչըInspecteur la Bavure
1982 Տխմարները արձակուրդներինLes sous-doués en vacances
1983 ԲանզայBanzaï
1984 Բացեք, ոստիկանությունն էLes ripoux
1985 Կատակի արքաներըLes rois du gag
1986 Չարամիտների միությունըAssociation de malfaiteurs
1988 ԵրկուսըDeux
1989 Բացեք, ոստիկանությունն է 2 (Ծախվածներն ընդդեմ ծախվածների)Ripoux contre ripoux
1991 Համընդհանուր լրտեսությունLa totale!
1993 Երկու կրակի միջևProfil bas
1997 ԱռլետArlette
1999 Աստերիքսն ու Օբելիքսն ընդդեմ ԿեսարիAstérix & Obélix contre César
2001 ԱկումբLa Boîte
2003 Բացեք, ոստիկանությունն է 3 (Սուպերծախվածները)Ripoux 3

Ծանոթագրություններ