Օտտո Լիլիենթալ

գերմանական ավիացիայի ռահվիրա

Կառլ Վիլհելմ Օտտո Լիլիենթալ (անգլ.՝ Karl Wilhelm Otto Lilienthal, մայիսի 23, 1848(1848-05-23)[1][2][3][…], Anklam, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] - օգոստոսի 10, 1896(1896-08-10)[1][2][5][…], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանական ավիացիայի ռահվիրա, որին անվանել են «թռչող մարդ»[6]։ Նա առաջինն է եղել, որ պատրաստել է մանրամասն գծագրված, կրկնվող ու հաջողված թռիչքներ ճախրասավառնակներով[7]։ Թերթերում և ամսագրերում տպագրվել են Լիլիենթալի լուսանկարները սավառնելիս և հիմնավորել հասարակական ու գիտական այն համոզմունքը, որ թռչող սարքերի կիրառությունը հնարավոր է ու իրատեսական։ 1896 թվականի օգոստոսի 9-ին՝ հերթական թռիչքի ժամանակ, Լիլիենթալն ընկել է 15 մետր բարձրությունից և կոտրել պարանոցը։ Մահացել է հաջորդ օրը։

Օտտո Լիլիենթալ
գերմ.՝ Otto Lilienthal
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1848(1848-05-23)[1][2][3][…]
ԾննդավայրAnklam, Vorpommern-Greifswald District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4]
Մահացել էօգոստոսի 10, 1896(1896-08-10)[1][2][5][…] (48 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական կայսրություն
ԳերեզմանԲեռլին
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունflight engineer, օդաչու և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Otto Lilienthal Վիքիպահեստում

Վաղ շրջան

Լիլիենթալը ծնվել է 1848 թվականի մայիսի 23-ին գերմանական Պրուսիա նահանգի Փոմերանիա գավառի Անքլամ քաղաքում[8]։ Կնքվել է Սուրբ Նիկողայոսի եկեղեցում[9]։ Որոշ աղբյուրներ նրան ծագումով հրեա են համարում[10]։ Լիլիենթալի՝ միջին խավի պատկանող ծնողները ունեցել են ութ զավակ, որոնցից հինգը մանուկ հասակում մահացել են։ Մնացել են Օտտոն, Գուստավը և Մարիան[11]։ Երկու եղբայրները միշտ աշխատել են միասին, շարունակ զբաղված են եղել իրենց տեխնիկական, սոցիալական և մշակութային նախագծերի իրականացմամբ։ Դեռ դպրոցական տարիքից Օտտոն ու Գուստավը[12] միասին ուսումնասիրել են թռչունների թռիչը, և ոգևորված երկնքում սավառնելու գաղափարով՝ պատրաստել են կաշեփոկերով ամրացվող թևեր, բայց տղաների թռչելու փորձերը անհաջող են անցել։

Լիլիենթալը երկու տարի հաճախել է Պոտսդամի տեխնիկական վարժարան և պրակտիկա անցել «Շվարցկոպֆ» ընկերությունում։ Այնուհետև ընդունվել ու գերազանցությամբ ավարտել է Բեռլինի Թագավորական տեխնիկական ակադեմիան։ Ավարտելուց հետո մասնակցել է Ֆրանս-պրուսական պատերազմին։

Ծառայությունից վերադառնալուց հետո նա եղել է մի քանի ինժեներական ընկերությունների հաստիքային աշխատող և ստացել է հորատող մեքենայի համար իր առաջին արտոնագիրը։ Որոշ ժամանակ անց նա հիմնել է իր սեփական ընկերությունը, որը զբաղվել է շոգեկաթսաների ու շոգեմեքենաների[13] արտադրությամբ։ Հենց գործարանի տարածքում էլ նա տեղ է հատկացրել ճախրասավառնակների պատրաստման համար։

1878 թվականի հունիսի 6-ին Լիլիենթալն ամուսնացել է Ագնես Ֆիշերի հետ։ Նրանց միավորել է երաժշտությունը․ Ագնեսը սովորել է դաշնամուր նվագել, իսկ Լիլիենթալը գալարափող է նվագել և լավ տենորային ձայն ունեցել[14]։ Ամուսնությունից հետո նրանք մշտական բնակություն են հաստատել Բեռլինում և չորս զավակ են ունեցել․ Օտտոն, Աննան, Ֆրիցը և Ֆրիդան[15]։

1889 թվականին Լիլիենթալը հրատարակել է իր հայտնի «Թռչունների թռիչքը որպես ավիացիայի հիմք» գիրքը։

Թռիչքներ

Արագիլի թռիչքի սխեմատիկ նկարագրություն (1889)
Լիլիենթալը թռիչքի պահին (1895)

Լիլիենթալի մեծագույն ավանդը եղել է ավելի ծանր քան օդը թռիչքի գաղափարի զարգացումը։ Նա թռիչքներ է իրականացրել Բեռլինի մոտ իր կառուցած արհեստական բլրից, նաև Ռինովի շրջակայքի բլուրներից։

Լիլիենթալը իր գծագրերով պատրաստած ճախրասավառնակներով իրականացրել է 2000 թռիչքներ՝ սկսած 1891 թվականից մինչև 1896 թվականի հայտնի վթարը։ Նրա ամենաերկար թռիչքը տևել է 5 ժամ[16]։

1891 թվականի սկզբին Լիլիենթալը գրանցել է իր առաջին հաջողությունը՝ մոտ 25 մետր հեռավորությամբ կատարած թռիչքներով։ Նա անգամ կարողացել է օգտագործել բլրին հակընթաց փչող 10 մ/վ քամու վերընթաց հոսանքը երկրի հանդեպ անշարժ դիրք գրավելու համար, որպեսզի լուսանկարիչը կարողանա հարմար դիրք գրավել լուսանկարելու համար։ Իսկ 1893 թվականին նա իր ճախրասավառնակով հաղթահարել է 250 մետր հեռավորություն։ Այս ռեկորդը մնացել է աննվաճ մինչև իր մահը[16]։

Լիլիենթալը հետազոտել ու նկարագրել է թռչունների, հատկապես արագիլների, թռիչքը, կիրառել սխեմաներ նրանց թևերի աերոդինամիկ ուժը բացատրելու համար։ Նա բազմաթիվ փորձարկումներ է կատարել օդագնացության հիմնավորված տվյալներ հավաքելու համար։

Նախագծեր

Լիլիենթալի ճախրասավառնակներից մեկը
1894 թվականին ստեղծված ճախրասավառնակը Վաշինգթոնի Տիեզերագնացության և օդագնացության ազգային թանգարանում

Իր թռիչքային կարճատև կարիերայի ընթացքում Լիլինեթալը ստեղծել է տասնյակ մոնոպլանների, օրնիտոպտերների և երկու բիպլանների մոդելներ[17]։ Նա իր ճախրասավառնակները գծագրել է այնպես, որ մարմնի քաշը բաշխի հնարավորինս հավասարաչափ՝ անխափան թռիչք ապահովելու համար։ Լիլիենթալը դրանք կառավարել է մարմինը շարժելով ծանրության կենտրոնը փոխելով։ Այդպես են կառավարվում նաև ժամանակակից դելտապլանները։ Այնուամենայնիվ ճախրասավառնակներով դժվար էր մանևրել։ Պատճառն այն էր, որ Լիլիենթալը ճախրասավառնակը պահում էր ուսերով ու կարողանում էր շարժել միայն մարմինն ու ոտքերը, ինչը սահմանափակում էր մարմնի շարժումների, հետևաբար ծանրության կենտրոնի տեղափոխման հաճախականությունը։

Նա անընդհատ ստեղծում էր նոր մոդելներ։ Հատկապես կենտրոնացել էր օրնիտոպտերների՝ թռչնի թևերի թափահարումները կրկնող ճախրասավառնակների նման հզոր օդագնաց ստեղծելու վրա։

Գուստավ Լիլիենթալը (ձախից) և Փոլ Բեյլիխը հուշակոթողի բացման արարողություն ժամանակ

Ճախրասավառնակների հանդեպ կիրքը նրան չի խանգարել նորարար լինել նաև իր բիզնեսում։ Նա ստեղծել է շոգեկաթսաների համար փոքրիկ շարժիչ, որն ավելի անվտանգ է աշխատել, քան այն ժամանակվա նմանատիպ շարժիչները։ Այս գյուտը Լիլիենթալին ֆինանսական անկախություն է բերել, և թույլ տվել լիովին կենտրոնանալ ավիացիայի վրա։

Լիլիենթալը 25 արտոնագրային համաձայնագիր է կնքել[18]։

Թռիչքի վայրեր

Թռչելու առաջին փորձերը Լիլիենթալը կատարել է 1891 թվականի կեսերին Պոտսդամի արևմուտքում գտնվող Կրիելով և Դերվից գյուղերի մոտ գտնվող «Windmühlenberg» կոչվող վայրից[19]։

1892 թվականին Լիլիենթալի թռիչքների փորձավայր է դարձել Բեռլինի Շթեգլից թաղամասում գտնվող «Maihöhe» բլուրը, որի գլխին նա կառուցել է 4 մետրանող աշտարակաձև կառույց։ Այն ապահովել է բարձր ցատկ, բացի այդ եղել է նրա սարքավորումների պահեստը[20]։

1894 թվականին Լիլիենթալը կառուցել է արհեստական բլուր Լիչթերֆելդեում՝ իր բնակության վայրին մոտ։ Բլուրը կոչվել է Fliegeberg[21]։ Այդտեղից նա կարողացել է թռիչքներ կատարել անկախ քամու ուղղությունից[17]։ Բլրի բարձրությունը 15 մետր էր։ Նրա շրջակայքը միշտ մարդաշատ է եղել. բազմաթիվ հետաքրքրասերն էին գալիս տեսնելու նրա ճախրասավառնակներով թռիչքները[22]։

1932 թվականին այս բլուրը բեռլինցի ճարտարապետ Ֆրից Ֆրեյմյուլերը դարձրել է Լիլիենթալի հուշակոթող[23]։ Բլրի գագաթին կառուցվել է կլոր սյունաշարով կառույց, որի ներսում գտնվում է արծաթե գլոբուս հայտնի թռիչքների մասին նշումներով[24]։ Լիլիենթալի եղբայրը՝ Գուստավը և Լիլիենթալի մեխանիկ ու օգնական Փոլ Բեյլիխը այցելել են կոթողի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել 1932 թվականի օգոստոսի 10-ին՝ Օտտոյի մահից 36 տարի անց։

Հանրահռչակում

Լիլիենթալի թռիչքների մասին լուրերը տարածվել են Գերմանիայով և աշխարհով մեկ գիտական ու հանրամատչելի ամսագրերում ու թերթերում տպագրվող լուսանկարների միջոցով[25]։ Նրա թռիչքները «անմահացրել» են լուսանկարչության պատմության ռահվիրա Օտտոմար Անշյուտցը և ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Վուդը։ Այդ լուսանկարների շնորհիվ նրան սկսել են անվանել «թռիչքների հայր»։

Լիլիենթալը նաև հրապարակել է հոդվածներ տարբեր գիտական ամսագրերում, որտեղ մանրամասնորեն նկարագրել է իր փորձերը։

Վերջին թռիչք

1896 թվականի օգոստոսի 9-ին, ինչպես բոլոր նախորդ հանգստյան օրերին, Լիլիենթալը գնացել է Ռինովի բլուրներ հերթական թռիչքը կատարելու։ Օրը արևոտ է եղել, ոչ շատ շոգ (մոտավորապես 20 °C)։ Առաջին թռիչքները բարեհաջող են եղել, նա անցել է իր սովորական 250 մետր հեռավորությունը։ Չորրորդ թռիչքի ժամանակ Լիլիենթալը սկսել է սրընթաց ցած սլանալ ու չկարողանալով փոխել ծանրության կենտրոնը՝ ընկել է 15 մետր բարձրությունից[26]։

Փոլ Բեյլիխը՝ Լիլիենթալի ճախրասավառնակների մեխանիկը, նրան ձիասայլով տեղափոխել է Շթոլն, որտեղ տուժածը հետազոտվել է։ Լիլիենթալը ունեցել է պարանոցի կոտրվածք և որոշ ժամանակ անց կորցրել է գիտակցությունը։ Նույն օրը ապրանքատար գնացքով տեղափոխվել է Բեռլին։ Հաջորդ օրն առավոտյան նրան հասցրել են այն ժամանակ Եվրոպայում ամենահայտնի վիրաբույժ Էռնստ ֆոն Բերգմանի հիվանդանոց։ Հիվանդանոց տեղափոխվելուց ընդամենը մի քանի ժամ անց Լիլիենթալը մահացել է։

Մահվանից առաջ Լիլիենթալի արտաբերած վերջին խոսքի տարբեր վարկածներ կան։ Առավել տարածված վարկածը փորագրվել է նրա գերեզմանաքարին․ «Զոհեր պետք է՝ մատուցվեն»[27]։

Օտտո Լիլիենթալը թաղվել է Բեռլինի Լանքվից գերեզմանատանը։

Ժառանգություն

Լիլիենթալը ներշնչանքի աղբյուր է եղել Ռայթ եղբայրների համար։ Հենց նա է ոգնչել եղբայրներին զարգացնել իրենց թռիչնքերի տեխնիկան և ստեղծել առաջին ինքնաթիռը[28]։ Ուիլբուր Ռայթը նրա մասին ասել է․

Բրոնզե հուշատախակ Շթոլնում
«Լիլիենթալ» հուշակոթողը Բեռլինում (2006)
19-րդ դաում թռչելու փորձեր արած բոլոր մարդկանցից, Օտտո Լիլիենթալը ամենանշանավորն է․․․ Ճիշտ է՝ թռչելու փորձեր մարդիկ սկսել են իրականացնել նրանից դեռ 100 տարի առաջվանից, նույն 19-րդ դարում թռչելու փորձեր են արել Քեյլին, Սփենսերը, Վենհամը, Մուայլարդը, բայց նրանցից ոչ ոք այդպիսի արժեքավոր արդյունքներ չի գրանցել
- Ուիլբուր Ռայթ[29]

Բեռլին-Թեգել օդանավակայանը անվանվել է նրա պատվին՝ «Օտտո Լիլիենթալ»։

1909 թվականին, երբ Օրվիլ Ռայթը ցուցադրական թռիչքներ կատարելու համար եղել է Գերմանիայում, այցելել է Լիլիենթալի այրուն և իր ու եղբոր անունից իրենց երախտիքը հայտնել ավիացիայի զարգացման մեջ Լիլիենթալի ունեցած անգնահատելի ավանդի և մասնավորապես իրենց վրա ունեցած նրա մեծ ազդեցության համար։

Արվեստում

  • Ամերիկյան R.E.M. ռոք խմբի «Losing My Religion» երգի տեսահոլովակում բանվորները ճախրասավառնակ են պատրաստում, որն անվանում են «Օտտո» Լիլիենթալի պատվին[30]։
  • Լիլիենթալի կերպարի հիման վրա է ստեղծվել Թեոդորա Գոսսի «Վարպետ Վիլհելմի թևերը» պատմվածքը, որը ներկայացվել է Ֆենտեզի համաշխարհային մրցանակի։
  • Լիլիենթալի գեղարվեստական կերպարին հանդիպում ենք ճապոնական «Կարդա կամ մեռիր» (2001 թվական) վեպերում, անիմեներում և մանգայում։
  • «Լիլիենթալի երազանքը» երգը երգիչ Ռայնհարդ Մայը նվիրել է Լիլիենթալին[31]։

Պատկերասրահ

Լիլիենթալին իր թռիչքների ժամանակ հաճախ լուսանկարիչներ են ուղեկցել։ Նրանց թվում է եղել նաև հայտնի լուսանկարիչ Օտտոմար Անշյուտցը։ Նա ինքն էլ էր լուսանկարում իր թռչող սարքերը 1891 թվականից հետո[32]։ Կան նրա թռիչքների փորձերը փաստող 145 լուսանկարներ, որոնք կարելի է տեսնել նրա թանգարանի՝ «Otto Lilienthal Museum» կայքում։ Լուսանկարչական ժապավենները, որ պահպանվելիս են եղել Մյունխենի Գերմանական թանգարանում, ոչնչացվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[25]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Լիլիենթալ» հոդվածին։