Կարլ Մարքս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարքս (այլ կիրառումներ)
Կարլ Մարքս (անգլ.՝ Karl Marx, մայիսի 5, 1818[1][2][3][…] կամ մայիսի 5 (17), 1818[4], Թրիեր, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն[5][6][2][…] - մարտի 14, 1883[7][1][3][…] կամ մարտի 14 (26), 1883[4], Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][8][9][…]), գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, հասարակագետ, գրող, պոետ, քաղաքական լրագրող, սոցիոլոգ և հասարակական գործիչ։
Ծնվել է ծագումով հրեա փաստաբանի ընտանիքում։ 1830-1835 թվականներին սովորել է Տրիրի Ֆրիդրիխ-Վիլհելմ գիմնազիայում, 1835-1841 թվականներին ՝ նախ՝ Բոննի, ապա՝ Բեռլինի համալսարանների իրավաբանության ֆակուլտետներում։ Իրավագիտությամբ, պատմությամբ, օտար լեզուներով զբաղվելուն զուգընթաց՝ Մարքսը Բեռլինի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն, Հեգելի պատմականության դիալեկտիկական մեթոդը. հարել է երիտհեգելականներին։
Աշխատանքային ուղին
1841 թվականին Մարքսն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1842 թվականից Քյոլնում հրատարակվող ժողովրդավարական «Հռենոսյան թերթի» խմբագիրն էր։ 1843 թվականի սկզբին նա պրուսական միապետության դեմ հեղափոխական պայքարի և ժողովրդավարության կոչեր է արել։ Նույն թվականի մարտին կառավարությունն արգելել է թերթի հրապարակումը։ Մարքսը տեղափոխվել է Փարիզ. ծանոթացել է սոցիալիստական և ժողովրդավարական շարժման ներկայացուցիչների՝ Ֆրիդրիխ Էնգելսի, Հայնրիխ Հայնեի և ուրիշների հետ։ 1844 թվականից Էնգելսը դարձել է Մարքսի բարեկամն ու գաղափարական համախոհը։ 1845 թվականի փետրվարին ֆրանսիական իշխանությունները (Պրուսիայի ճնշմամբ) Մարքսին արտաքսել են Փարիզից. նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Էնգելսի հետ գրել է «Գերմանական գաղափարախոսություն» աշխատությունը։ 1848-1849 թվականներին մասնակցել է «Կոմունիստների միություն» միջազգային կազմակերպության աշխատանքներին, Էնգելսի հետ գրել է միության ծրագիրը՝ «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848 թվական)։
Փետրվարյան հեղափոխության ժամանակ և դրանից հետո
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/Marx_color.jpg/351px-Marx_color.jpg)
1848 թվականի փետրվարյան հեղափոխության սկզբին Մարքսն արտաքսվել է Բելգիայից. վերադարձել է Փարիզ, ստեղծել Կոմունիստների միության նոր կենտկոմ, ընտրվել նախագահ։ Մարտյան հեղափոխությունից հետո տեղափոխվել է Գերմանիա՝ մասնակցելու այնտեղ սկսված ապստամբությանը։ 1848-1849 թվականներին Մարքսի խմբագրությամբ Քյոլնում լույս է տեսել «Նոր հռենոսյան լրագիրը»։ 1849 թվականի մայիսին Մարքսն արտաքսվել է Գերմանիայից. ընտանիքով մեկնել է Փարիզ, ապա հաստատվել Լոնդոնում և այնտեղ ապրել մինչև կյանքի վերջը։ 1864 թվականին Լոնդոնում Մարքսը հիմնադրել և ղեկավարել է (1864-1876 թվականներին) Բանվորների միջազգային ընկերությունը (հետագայում՝ Առաջին ինտերնացիոնալ)՝ բանվոր դասակարգի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը), որը 1876 թվականին լուծարվել է։
Մարքսի աշխատությունները
1867 թվականին Համբուրգում լույս է տեսել Մարքսի գլխավոր աշխատության՝ «Կապիտալի» 1-ին հատորը (2-րդ և 3-րդ հատորները տպագրության է պատրաստել Էնգելսը և հրատարակել Մարքսի մահից հետո)։ Մարքսը «Կապիտալում» վերլուծել է հասարակության տնտեսական կյանքը, հանգել «հասարակական կեցությունն է որոշում հասարակական գիտակցությունը» գաղափարին։ Ըստ Մարքսի՝ հասարակության պատմական գործընթացում վճռական և որոշիչ գործոնը նյութական արտադրությունն է։ Կյանքի վերջին տարիներին Մարքսը գործուն մասնակցություն է ունեցել պրոլետարական կուսակցության ձևավորմանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/Marx8.jpg/224px-Marx8.jpg)
1840-ական թվականների կեսերին նա իդեալիզմի և հեղափոխական ժողովրդավարության գաղափարներից անցել է մատերիալիզմին ու կոմունիզմին։ Մշակել է պատմության մատերիալիստական ըմբռնման (պատմական մատերիալիզմ) սկզբունքները, հավելյալ արժեքի տեսությունը, ուսումնասիրել կապիտալիզմի զարգացման ընթացքը և առաջ քաշել նրա անկման, պրոլետարական հեղափոխության հետևանքով կապիտալիզմից կոմունիզմին անցման անխուսափելիության դրույթը։ Այդ ամենի հանրագումարը փիլիսոփայական, տնտեսագիտական և քաղաքական ամբողջական ուսմունք է, որը հետագայում կոչվել է մարքսիզմ և արագ տարածվել ու մեծ ազդեցություն է թողել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի սոցիալ-հասարակական մտքի զարգացման վրա, դարձել է նաև պրոլետարիատի գաղափարախոսությունը։ Մարքսը գրել է նաև «Տնտեսագիտական-փիլիսոփայական ձեռագրեր» (1844 թվական), «Իրավունքի հեգելյան փիլիսոփայության քննադատության շուրջ» (1844 թվական), «Սուրբ ընտանիք» (1845 թվական), «Գերմանական գաղափարախոսություն» (1845-1846 թվականներ, վերջին երկուսը՝ Էնգելսի հետ), «Փիլիսոփայության աղքատությունը» (1847 թվական), «Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-1850 թվականներ» (1850 թվական), «Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը» (1852 թվական), «Քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում» (1871 թվական), «Գոթայի ծրագրի քննադատությունը» (1875 թվական) աշխատությունները։
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/Marx5.jpg/169px-Marx5.jpg)
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թվական) հետո Վլադիմիր Լենինը մարքսիզմը մշակել և ծառայեցրել է կոմունիստական ամբողջատիրությանը։ Մարքսիզմի այդ տարբերակը հետագայում կոչվել է մարքսիզմ-լենինիզմ։
Մարքսի մահից հետո
Մարքսի աշխատությունների հայերեն թարգմանությունների առաջին փորձերն արվել են 1880-ական թվականներին։ 1904 թվականին Ժնևում, Ստեփան Շահումյանի և Միքայել Մանուչարյանի թարգմանությամբ, լույս է տեսել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։ Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հրատարակվել են Կառլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի ընտիր երկերը, թեմատիկ ժողովածուներ և առանձին աշխատություններ (131 անուն)։Մարքսի անունով կոչվել են քաղաքներ, կենտրոնական փողոցներ ԽՍՀՄ-ում և ԳԴՀ-ում։ Տրիրում գործում է Կարլ Մարքսի թանգարանը։ Մարքսին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել ԽՍՀՄ գրեթե բոլոր քաղաքներում (առաջինը՝ Պենզայում, 1918 թվականին)։1933-1991 թվականներին Կարլ Մարքսի անունով կոչվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, որի առջև տեղադրված էր նրա կիսանդրին, և փողոց Երևանի կենտրոնում (այժմ՝ Մովսես Խորենացու անվան)[25]։Արտաշատում առ այսօր կենտրոնական փողոցներից մեկը կոչվում է Կարլ Մարքսի անունով։
Նկարներ
- Էնգելսի և ընտանիքի հետ (1864 թվական)
- Իր կնոջ՝ Ջենիի հետ (1869 թվական)
- Իր կնոջ՝ Ջենիի հետ (1866 թվական)
Ընտանիք
- Կինը՝ Ջենին
- Աղջիկը՝ Լաուրան (1860 թվական)
- Աղջիկը՝ Էլեոնորան (1880 թվական)
- Լաուրան իր ամուսնու՝ Չարլզի հետ
- Ջենին և Լաուրան (1858 թվական)
Դրոշմներ
Արձաններ
- Մարքսի արձանը Գերմանիայի Տրիել քաղաքում)
- Մարքսի և Էնգելսի արձանը Բեռլինում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Կարլ Մարքսը գրապահարանում
- Հազարամյակի մեծագույն մտածողը
- Սթենթֆորդի փիլիսոփայական հանրագիտարան
- The life and teaching of Karl Marx by Max Beer
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարքս» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մարքս» հոդվածին։ |