Կանտատ

Կանտատ (իտալ.՝ cantata, լատին․՝ cantare — երգել), վոկալ-գործիքային մեծակտավ ստեղծագործություն, սովորաբար՝ մեներգչի, երգչախմբի և նվագախմբի համար։

Լինում է հոգևոր և աշխարհիկ[1] (18-րդ դարից դարձել է գերիշխող), նաև հանդիսավոր, քնարական, թախծալի, ուրախալի, պատմողական, լինում է տարբեր բովանդակության և բնույթի, երբեմն զուգորդված այլ ժանրերի հետ (օպերա-կանտատ, սիմֆոնիա-կանտատ, պոեմ-կանտատ, երգ-կանտատ, բեմական-կանտատ)։ Սովորաբար բաղկացած է նախանվագից (սիմֆոնիա, պրելյուդ, նախերգանք և այլն), արիաներից, ասերգերից և խմբերգերից։ Կատարողական կազմով, կառուցվածքով, բեմական գործողության բացակայությամբ նման է օրատորիային, սակայն տարբերվում է համեմատաբար փոքր ծավալով, առավել կամերայնությամբ, հաճախ՝ չունի թեմայի դրամատիկական մշակում։ Որոշ դեպքերում էլ այնքան են նմանվում, որ գրեթե անհնար է տարբերել միմյանցից։

Պատմություն

Սկզբնավորվել է Իտալիայում 17-րդ դարի առաջին կեսին[2]. նախապես այդպես են անվանել խոշոր վոկալ ստեղծագործությունները։ Եզրույթն առաջինն օգտագործել է իտալացի կոմպոզիտոր Ա. Գրանդին («Cantate et Arie», 1620): Իտալական առաջին կանտատները մենակատար վոկալ պիեսներ էին, հիմնականում՝ աշխարհիկ։ Հոգևոր կանտատը ձևավորվել է Գերմանիայում, որի զարգացմանը նպաստել են Է. Նոյմայստերի կազմած կանտատների տեքստերի ժողովածուները (1704-1714), որտեղ զուգակցել է աստվածաշնչյան թեմաներով տեքստեր, խմբերգային ստրոֆներ (տներ), ասերգեր, արիաներ։ Այդ տեսակի բազմաթիվ (պահպանվել են 200-ից ավելի) կանտատներ է գրել Յ. Ս. Բախը[3]. հեղինակ է նաև շուրջ 20 աշխարհիկ կանտատների («Գեղջկական», «Ֆեբոս և Պան» և այլն)։

Կանտատի զարգացման հաջորդ փուլը պայմանավորված է Վ. Ա. Մոցարտի ստեղծագործությամբ. մշակել է խմբերգային ոճ, որը կատարյալ ձևերով ներկայացրել է իր «Ռեքվիեմ»-ում։ Այդ ժանրին է պատկանում նաև Լ. վան Բեթհովենի «Ծովային լռություն և հաջող նավարկություն» (ըստ Յ. Վ.Գյոթեի բանաստեղծությունների) երկը։ Նրա 9-րդ սիմֆոնիայի ավարտը՝ երգչախմբի և մեներգիչների մասնակցությամբ, ըստ էության, նույնպես կանտատ է։

Ռուսաստանում կանտատը, սկզբնավորվելով 18-րդ դարում, բարձունքի է հասել Պյոտր Չայկովսկու, Ն. Ռիմսկի-Կորսակովի, Ս. Տանեևի, Ս. Ռախմանինովի[4], Ալեքսեյ Վերստովսկու[5][6] գործերում։ Ն. Մյասկովսկու, Մ. Պրոկոֆևի, Դմիտրի Շոստակովիչի, Յու. Շապորինի[7] կանտատներում հիմնավոր տեղ է գրավում պատմական-հերոսական, հայրենասիրական թեմատիկան։

Արևմտաեվրոպական երաժշտության մեջ բարձրարժեք կանտատ են ստեղծել նաև Զ. Կարիսիմին, Ա. Ստրադելան, Ա. Սկարլատին, Ֆ. Շուբերտը, Գ. Մահլերը (սիմֆոնիա-կանտատ), Պ. Հինդե-միթը, և ուրիշներ։ 19-րդ դարում, մասնավորապես ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործության մեջ, կանտատը մղվել է երկրորդ պլան։ 20-րդ դարի եվրոպական երաժշտության մեջ կանտատին անդրադարձել են տարբեր ոճերի կոմպոզիտորներ՝ Ա. Վեբեռնը, Կ. Օրֆը (բեմական-կանտատ), Պ. Բուլեզը, Ք. Պենդերեցկին և ուրիշներ։

Կանտատը հայ պրոֆեսիոնալ երաժշտության ինքնուրույն ժանրերից է։ Նշանավոր են Մ. Եկմալյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արմեն Տիգրանյանի, Հարո Ստեփանյանի, էդուարդ Միրզոյանի, Ա. Հարությունյանի (համընդհանուր ճանաչում է գտել «Հայրենիք» կանտատը), Էդգար Հովհաննիսյանի, Դ. Հախինյանի կանտատները։

Ծանոթագրություններ

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 242
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտատ» հոդվածին։